Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հերքել է սոցիալական հարթակներում տարածված տեղեկությունը, ըստ որի «վերջին օրերին Սուխում- Թբիլիսի չվերթի մի քանի թռիչքներ են իրականացվել»:
Այս մասին հայտնում է վրացական apsny.ge կայքը: Վրաստանի պատկան մարմնի պաշտոնական հայտարարության տեքստում ասված է, որ թռիչքների դիտարկման Flighradar կայքը տվյալները, որոնց վրա հղում են անում սոցիալական մեդիայի միջոցները, «միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում են»:
Վերահաստատելով, որ Սուխումի օդանավակայանը «փակ է 1993թ.-ից, և վրացական ավիացիոն իշխանությունները երբեք այնտեղից թռիչքների թույլտվություն չեն տվել ու չեն տա», Վրաստանի Քաղավիացիայի գործակալությունը հրապարակայնացրել է, որ թռիչքներ իրականացվել են Մինվոդի-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, բայց դրանք ունեցել են «կոմերցիոն նշանակություն»:
Այս տեղեկությունը բավական ուշագրավ է, եթե նկատի ունենանք, որ ժամանակային առումով համընկնում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա «Վրացական երազանքի» կառավարությանը մեղադրում է «Ռուսաստանի պատվերով Ադրբեջանի և Հայաստանի բեռնափոխադրումները խոչընդոտելու մեջ»:
Հայաստանի դեպքում Սաակաշվիլին, երևի, չափազանցում է, բայց Բաքվի իշխանական երկու լրատվամիջոց՝ galiber-ը և minval-ը վերջերս նույն ձևակերպումներ այդ թեմայով հրապարակումներ, իրոք, արել են:
Բայց դրանք ավելի շատ Վրաստանի հասցեին քաղաքական «սպառնալիք» են, նույնիսկ վիրավորական շեշտադրումներ ունեն: Ադրբեջանական կողմը Վրաստանին բաց տեքստով ասում է, որ սոցիալ-տնտեսական բարեկեցության համար «պետք է երախտապարտ լինի, ոչ թե ինքնիշխանություն խաղա»:
Երկու լրատվամիջոցներն էլ եզրակացնում են, որ եթե «վրացիները շարունակեն անհարգալի վերաբերմունք ցուցաբերել ադրբեջանցի վարորդների նկատմամբ, ապա հարկ կլինի ընտրել բեռնափոխադրումների այլընտրանքային երթուղիներ, որքան էլ դրանք անհարմար եւ դժվար հասանելի են»:
Խոսքն ի՞նչ «այլընտրանքային երթուղիների» մասին է, Բաքվի լրատվամիջոցները չեն մանրամասնել: Ադրբեջանը Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնում է դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ:
«Այլընտրանքային երթուղիներ» ընտրելու դեպքում բեռնափոխադրումներ կարող են իրականացվել կամ Իրանի, կամ Հայաստանի տարածքով, կամ էլ երկուսով միաժամանակ: Մինվոդի-Թբիլիսի «կոմերցիոն թռիչքները», հավանաբար, Հարավային Կովկասում Ռուսաստանի կոմունիկացիոն ներկայության ամրապնդման ազդակ են:
Վրաստանի պատկան մարմինը չի հերքել, որ դրանք իրականացվել են Աբխազիայի օդային տարածքով: Նախընթաց տասնամյակներին քննարկվել է այսպես կոչված՝ «Աբխազական երկաթուղին» գործարկելու հարցը, բայց պաշտոնական Թբիլիսին համաձայնություն չի տվել:
Ներկա վիճակում, գուցե, Վրաստանի կառավարությունը համաձայնի՞ այդ տարբերակին: Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրա-տնտեսական կապերը խորանան, իսկ միտումն այդպիսին է, մանավանդ որ Եվրոպան խիստ սահմանափակել է Թբիլիսիի հետ համագործակցությունը, ապա «Աբխազան երկաթուղու» գործարկումը հնարավոր է:
Ըստ երևույթին, Ադրբեջանը շատ կցանկանար, որ Վրաստանը և Ռուսաստանը երկաթուղային հաղորդակցություն հաստատեին իր տարածքով: Եվ Վրաստանի իշխանությունների հանդեպ ադրբեջանական երկու իշխանամետ լրատվամիջոցի «արդարացի զայրույթի» պատճառը, երևի, Թբիլիսիի ինքնիշխան որոշումներից խոր դժգոհությունն է:
Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է «Աբխազական երկաթուղու» գործարկմանը, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն չունենա: Բնական է, որ Բաքուն այսօր էլ նույն դիրքորոշումն ունի:






Բաց մի թողեք
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար