Այն, ինչ կատարվում է մեր շուրջը, խոսելու առիթ է տալիս, բայց լռում եմ, երբ չգիտեմ` ինչից խոսել եւ ինչքան խոսել… Երբեմն էլ ամոթից եմ լռում՝ մտածելով, որ այլեւս խոսելու տեղ անգամ չեն թողել:
Կառավարությունն ամեն ինչի համար ֆինանսական միջոցներ գտնում է, բայց ոչ հանրության ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների համար: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների հնարավոր ուշացման մասին, ինչը խիստ մտահոգիչ է:
Խեղճ թոշակառուներ… մնացել են «եսակենտրոն» իշխանության հույսին, որը 2026-ին թոշակներն ու նպաստները բարձրացնելու մտադրություն չունի,- այդ մասին վարչապետ աշխատող անձը վերջերս հայտարարեց,- բայց հորդորեց թոշակառուներին՝ անկանխիկ առեւտուր անել ու հետվճար ստանալ՝ 5-6 հազար դրամի չափով:
Ճիշտ է՝ էլի բան է, բայց, միեւնույն է, սննդամթերքների գների անզուսպ աճը, համատարած թանկացումները՝ այն էլ Ամանորի տոներին ընդառաջ, անհաղթահարելի են մնում հասարակության խոցելի խմբերի համար: Հավելենք նաեւ, որ անկանխիկ առեւտրի պայմաններից օգտվելը տարեց մարդկանց համար դժվար ու անսովոր գործարք է:
Առհասարակ՝ նմանություն եմ տեսնում Հայաստանի թոշակառու քաղաքացիների ու բռնատեղահանված արցախցիների միջեւ, որոնց նկատմամբ խտրականությունը սահմաններ չի ճանաչում: Հազար մաղով անցնելուց հետո էլ նրանք աղքատության մեջ են՝ իշխանականների ինքնագոհ կեցվածքի ներքո։
Խոսքը ե՛ւ հայաստանցի թոշակառուների, ե՛ւ բռնի տեղահանված արցախցիների մասին է: Երկուսի վերաբերմամբ էլ գործող ՔՊ-ական իշխանությունների մոտեցումը նույնն է՝ քար անտարբերություն երբեմնի «հպարտ» քաղաքացիների նկատմամբ, նրանց հոգսերի ու սոցիալական խնդիրների անտեսում:
Արցախում մենք ՀՀ քաղաքացիություն ունեինք, Հայաստանում «մեծահոգաբար» զրկեցին մեզ քաղաքացիությունից, որպեսզի արցախցի «սիրելի քույրերին ու եղբայրներին» ձայնազուրկ փախստականներ դարձնեն։ Իսկ բնակարանային ծրագրից օգտվելու խնդիրը ոմանց համար թեական է:
Չգիտենք՝ ի՞նչ է լինելու մեր վերջը: Ապագան մշուշապատ է եւ ոչ մի լավ բան չի խոստանում: ՀՀ գործող վարչախումբը չի ուզում մատը մատին խփել՝ նրա համար Արցախի հարցն այլեւս փակված է, որովհետեւ, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն կխանգարի խաղաղությանը: Է՛հ, հանուն աթոռի` ինչեր ասես, որ չեն անի այս իշխանությունները։
Քինախնդիր մի ստորագրություն, եւ մենք կորցրինք Արցախը։ Նման մեկ այլ քինախնդրությամբ էլ Հայոց եկեղեցին են ուզում պառակտել։ Հավատ չթողեցին, հույս չթողեցին, սիրտ ու հոգի քրքրեցին, թե՝ գնացեք-ապրեք: Մնում է ապրել ակնկալիքով, որ մի օր այս երկրում կյանքը կփոխվի: Եվ օրենք, կարգ ու արդարադատություն թելադրողն այլեւս ՔՊ կոչվող արհավիրքը չի լինի…
Նատաշա Պողոսյան






Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար