Ռուսաստանի հանրահայտ մեդիա-քարոզիչ Սոլովյովը սենսացիոն բացահայտում է արել: Նա պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երկրի փորձությունը ոչ թե ռազմաճակատում, այլ թիկունքում է:
Սոլովյովը պարզաբանել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում է նախագահը, նրա աշխատակազմը, կառավարությունը, պատերազմում են նահանգապետները, բայց ստորին օղակները՝ ոչ:
Արևմտյան փորձագետները, հիմք ընդունելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական ծառայությունների տվյալները, եզրակացնում են, որ ուկրաինական պատերազմի գրեթե չորս տարիների ընթացքում Ռուսաստանը կորցրել է արական բնակչության մոտ մեկ տոկոսը:
2021թ. վիճակագրության տվյալներով Ռուսաստանի արական բնակչությունը կազմել է 68 միլիոն մարդ:
Ըստ այդմ, պատերազմում զոհվել է 680 հազար միայն ՌԴ քաղաքացի: Մոտավոր հաշվարկով պատերազմը շարքից հանել է 1,15-1,3 միլիոն տղամարդու:
Ընդ որում, ինչպես հաշվարկել են արևմտյան փորձագետները, Ռուսաստանը ներկայումս օկուպացրել է Ուկրաինայի տարածքի մոտ քսան տոկոսը, որից, սակայն, միայն 1,75 տոկոսն է քառամյա մարտական գործողությունների «նվաճում»:
Մյուս տարածքները՝ Ղրիմը և Դոնբասի մեծ մասը, Ռուսաստանի փաստացի վերահսկում է 2014 թվականից ի վեր: Եթե նկատի ունենանք, որ պատերազմին հավաքագրվում է արական բնակչության, այսպես ասած՝ «ծաղիկը», ապա կորուստների ահռելիությունն ավելի շոշափելի կլինի:
Այս իրավիճակում իշխանության ստորին օղակներին մեղադրել «պատերազմին չմասնակցելու» մեջ և փաստել, որ վիճակն աղետալի է թիկունքում, միայն մի բան է նշանակում. Ռուսաստանի միջին-վիճակագրական քաղաքացին, հանրությունը Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները չի համարում «հայրենական պատերազմ»:
Դա ժողովրդական-համահանրային պայքար չէ: Այն կազմակերպել է իշխող վերնախավը, և նա էլ կրում է ամեն ինչի համար պատասխանատվությունը:
Սոլովյովն, ըստ էության, խոստովանել է նաև իր և պետական ողջ քարոզչահամակարգի ֆիասկոն: Որքան էլ բոլոր լրատվամիջոցները ներարկում են, որ «ուկրնացիստներն սպառնալիք են», Ռուսաստանի քաղաքացին չի հավատում, որ Վլադիմիր Զելենսկին կամ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Սիրսկին, ով, ի դեպ, էթնիկ ռուս է, մտադրվել են «գրավել Բելգորոդը կամ Լիպեցկը»:
Ծանրագույն իրավիճակներում Ռուսաստանը միշտ հույսը դրել է «հայրենական պատերազմի տարերքի» վրա: Պարզվում է, այդ քարոզչությունը ճշմարտությունից բավական հեռու է:
Միայն Ստալինի բռնապետական ձեռքը և «ընկեր Բերիայի սմերշ-ն» է Երկրորդ համաշխարհային պատերազմում համախմբվածություն ապահովել: Սոլովյովը ակնարակում է, որ հաղթանակի հասնելու համար Վլադիմիր Պուտինը պետք է հետևի այդ օրինակին:
Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարելու որոշումից «հինգ րոպե պակաս» իրավիճակ է:






Բաց մի թողեք
Զախարովան ինքն իրեն ամենահին մասնագիտության տեր է համարում
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր