14/12/2025

Ցավոք, Հայաստանում քաղաքական մտքի կատարյալ դատարկություն է

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների:

2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց աջակիցներով, որոնցից շատ է վախենում:

Ամենաշատը, բնականաբար, վախենում է չվերարտադրվելուց, քանի որ լավ գիտի՝ ինչ տառապանք է բերել ժողովրդի գլխին ու ինչի է արժանի: Գիտի, որ այլեւս չի վայելում մեծամասնության վստահությունը, որովհետեւ անուղղելի ստախոս է, բանսարկու, անբարեհույս, ազգադավ ու հոգեպես անկայուն անձ:

Դատելով ամենից՝ Փաշինյանը չունի վերարտադրվելու որեւէ նախադրյալ եւ, մեծ հաշվով, այդ հարցը մղվել է երկրորդ պլան, իսկ առաջին պլանում այն հարցն է, թե ովքեր կգան իշխանության ու ինչ կլինի հետո:

Բոլոր հավանական թեկնածուներին, ովքեր կարող են խոչընդոտել իր վերընտրությունը, Փաշինյանը մեկառմեկ շարքից հանում է՝ օգտագործելով ոստիկանության եւ մյուս ուժային կառույցների ռեսուրսները:

Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների «թանաքը չչորացած»՝ ԱԱԾ-ականների ու ոստիկանների խումբը հայտնի անձի հրահանգով խուզարկություններ էր իրականացնում ավելի քան 10 հազար քվե ստացած եւ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցուցակի առաջատար անձանց տներում, որոնցից 5-ին ձերբակալեցին տարբեր մտացածին պատրվակներով:

Ընտրական գործընթացներին Երկրորդ նախագահի մասնակցությունը խափանելու դիտավորությամբ վերաբացել են «Մարտի 1»-ի գործը, իսկ «Մեր ձեւով» նախաձեռնությանը խանձարուրում «խեղդելու» համար ԱԱԾ նկուղում ապօրինաբար փակել են հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին:

Մի խոսքով՝ պատկերը պարզ է. հերթական խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս առաջ Փաշինյանը եւ նրա խմբակը կատաղի իշխանակռվի մեջ են: ՔՊ-ն մոլեգնում է՝ թույլ չտալով որեւէ մեկի՝ «մոտենալու» իրենց աթոռներին:

Բայց հանդիսատես ժողովուրդը թքած ունի այդ աթոռների վրա, նրան ամուր ու արդար իշխանություն է հարկավոր, որը կպաշտպանի Հայաստանի շահերը, նրա անվտանգությունը, եւ որը պետությունը կտանի կայուն զարգացման ու բարեկեցության հունով:

Ի՞նչ անել, ինչպե՞ս քշել այս անդիմագիծ, անինքնություն զանգվածին: Ինչի՞ց սկսել: Բնականաբար՝ պետք է սկսել նրանից, ինչին սպասում է հանրությունը: Իսկ հանրությունը սպասում է նոր առաջարկների, ծրագրերի եւ իրավիճակից բխող վճռական քայլերի:

Նման քայլեր ասելով՝ հանրությունն ուզում է հասկանալ, թե որն է այս պահի դրությամբ իշխանությանը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցը՝ արտահերթ ընտրությո՞ւնը, իմպիչմե՞նտը, թե՞ հերթական ընտրությունները:

Խոսքը օրինակարգ միջոցների մասին է, որովհետեւ փողոցային պայքարը երկար ժամանակ ոչ մի դրական արդյունք չէր տալիս, ամեն անգամ իշխանությունները կարողանում էին ոստիկանական անհամաչափ ուժի գործադրմամբ, ծեծուջարդ տալով՝ ջլատել պայքարի ոգին:

«Սրբազան պայքարի» վերջին բազմամարդ հավաքի ժամանակ իշխանությունը նույնիսկ արգելված զենք էր կիրառել ցուցարարների դեմ՝ լուսաձայնային նռնակներ, որից մի քանի տասնյակ քաղաքացիներ լուրջ վնասվածքներ էին ստացել:

Այժմ գոյություն ունեցող օրինական միջոցներից իմպիչմենտը անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու անհնարինության պատճառով անկենսունակ դուրս եկավ, տակը մնացին ընտրությունները՝ արտահերթ կամ հերթական:

Ընդդիմության կողմից լրջագույն նախապատրաստական աշխատանք է սպասվում, սակայն նրա շարքերում այս օրերին դալուկ անդորր է: Ճիշտ է՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական ժամանակը դեռ հեռու է, բայց ոչինչ չի խանգարում, որպեսզի ընդդիմությունը կարգի բերի իր շարքերը, իր օրակարգը, ճշգրտի առկա հիմնախնդիրների իր տեսլականը, առաջարկի լուծումներ:

Մի խոսքով՝ «դուրս գա» իշխանության օրակարգից եւ ձեւավորի սեփական հայեցակարգը՝ ժողովրդի լայն շերտերին մատչելի եղանակով:

Ժամանակի հրատապ խնդիրների բնույթն ու բովանդակությունը, որոնց շրջանակում պետք է տեղավորել ընդդիմության նախընտրական ծրագրահենքը, մասնավորապես այսպիսին են: Ցավոք, Հայաստանում քաղաքական առողջ մտքի սով է:

Այսօր մատուցվող անբովանդակ բանավեճերը, ասուլիսները այդ պակասը չեն լրացնում, որովհետեւ չեն արծարծում այնպիսի հրատապ ասպեկտներ, ինչպիսիք են հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական իրական հարաբերությունները, տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները, դրանց ուղղություններն ու հնարավոր հետեւանքները Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

Կամ, օրինակ, մենք ունե՞նք տեսական վերլուծություններ առ այն, թե ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվելու մեր տարածաշրջանում եւ աշխարհում: Նմանապես խորը վերլուծությունների կարիք ունեն սոցիալական բլոկի, ինչպես նաեւ հանրային բարոյականության խնդիրները:

Գաղտնիք չէ, որ առողջ մտքի բացակայությունն առաջին հերթին ազդել է հենց հանրային բարոյականությանը, ինչի արդյունքում այսօր ունենք բարոյալքված հասարակություն, անգամ՝ բարոյալքված Ազգային ժողով, որի ամբիոնից սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում, ինչի նախադեպը հետանկախական շրջանում երբեք չի արձանագրվել:

Մի բան հաստատ է՝ քաղաքական այն ուժը, որը կկարողանա վերոնշյալ առաջարկները հստակ ձեւակերպել ու առաջարկել համապատասխան լուծումներ, նա էլ հաջողություն կունենա 2026-ի ընտրություններում: Այս ուղղությամբ պետք է մտածեն թե՛ տիտղոսակիր ընդդիմությունը եւ թե՛ իշխանությանն այլընտրանք քաղաքական ուժերը:

Առաջին խմբի թիմերում, որոնք ղեկավարվում են ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների կողմից, խոսում են առկա խնդիրներից, երբեմն առաջարկում են առաձին խնդիրներ վերաբերյալ ծրագրեր, սակայն համատեղ ու համապարփակ լուծումներ չեն առաջարկում եւ վերջնարդյունքում իշխանությունը հաջողում է:

Չպետք է մոռանալ, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին եւ դրանից հետո, մեծապես ուներ աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Սա նշանակում է, որ հետագայում տեղի ունենալիքը նույնպես կախված է լինելու աշխարհաքաղաքական փոփոխություններից:

Այդ փոփոխությունների ականատեսը կլինենք այն ժամանակ, երբ դադարեցվի ռուս-ուկրաինական պատերազմը եւ, կարծես թե, այդ օրը հեռու չէ: Այդժամ աշխարհում, նաեւ մեր տարածաշրջանում կունենանք աշխարհաքաղաքական նոր ճարտարապետություն:

Ցավոք, Հայաստանում քաղաքական մտքի կատարյալ դատարկություն է, որպեսզի հնարավոր լինել հասկանալ, թե ինչն ինչոց է, որոնք են ՀՀ-ի շահերը, որոնցից ելնելով էլ կառուցենք պատշաճ քաղաքական դաշտ:

Հենց աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքներն են հանգեցնելու նրան, որ ՀՀ գործող իշխանությունը չվերարտադրվի։ Այլ հարց է, թե ովքեր կգան իշխանության եւ հետո ինչ կլինի։ Ամեն դեպքում 2026-ի ընտրությունները, կարծում ենք, ժամանակավոր գործընթաց են լինելու եւ 2027թ.-ին նորից ընտրություններ կունենանք։

Այսինքն՝ 2026-ին ձեւավորված ԱԺ-ին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի կազմավորել կայուն կառավարման համակարգ: Հետեւաբար՝ առարկայորեն, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամքով, լինելու է ժամանակավոր խորհրդարան՝ մինչեւ 2027-ի նոր ընտրությունները:

Ըստ երեւույթին՝ 2026-2027թթ. միջեւ ընկած ժամանակահատվածն է դառնալու այն ընթացքը, երբ երկրորդ փորձը կարվի ձեւավորելու կառավարման կայուն քաղաքական համակարգ: Կապրենք՝ կտեսնենք:

Դանիել Փանյան; Գեւորգ Բրուտենց