14/12/2025

Փաշինյանը՝ բանուգործ թողած, իբր թե, եկեղեցու արատավոր բարքերի վերացման կռիվ է տալիս

Եթե աշխարհում սոցհարցում անցկացվեր, թե որն է, ըստ ձեզ, մարդու բնավորության ամենաանտանելի գիծը, կարելի է սխալվելու չնչին հավանականությամբ կանխագուշակել հարցվածների մեծ մասի պատասխանը. դա կլիներ խառնակչությունը:

Մեկը կարող է դա համարել վատ դաստիարակություն, մյուսը՝ սխալ վարքագիծ, երրորդը՝ մեկ այլ բան, բայց դրանից խնդրի էությունը չէր փոխվի: Խառնակիչներ միշտ եղել են, հիմա էլ կան հանրային կյանքի գրեթե ամեն ոլորտում, մարդու կենսագործունեության բոլոր օղակներում՝ սկսած ամենափոքր հիմնարկ-ձեռնարկությունից, մինչեւ ամենամեծ պետական հաստատություն:

Անգամ հարեւանության մեջ են հանդիպում խառնակիչներ, որոնք սիրում են միմյանցից խոսք տանել-բերել:

Մանրմունր խառնակիչները, թերեւս, անվնաս, բերանբաց անհատներ են հիմնականում եւ հանրության համար վտանգ չեն ներկայացնում: Դժբախտությունը գալիս է այն ժամանակ, երբ մանկուց ի վեր բանսարկությունների հակված մեկը, Աստված մի արասցե, հայտնվում է պետական բարձր ու պատասխանատու դիրքերում եւ, տեղը պնդացնելուց հետո, սկսում է ավերածություններ գործել, չարություն ու ատելություն սփռել շուրջը:

Նման անձանց, բնականաբար, չեն սիրում եւ չեն վստահում, նրանցից երես են թեքում: Ո՞ւմ են պետք այդ զզվելիները, որոնք, կարծես, ծնվել են հատուկ մարդկանց կյանքը դժոխք դարձնելու, նրանց մեկմեկու դեմ հանելու, ընտանիքներ քայքայելու, նույնիսկ պետական հաստատություններ ու ազգային կառույցներ քանդելու համար:

Վա՛յ այն պետությանը եւ, հատկապես, վա՛յ այն ժողովրդին, որն ապավինում է վերը նկարագրված որակներն ունեցող ղեկավար դեմքերի ողորմածությանը: Այդ տեսակետից Հայաստանի բախտը չի բերել՝ մեզ բաժին է հասել կառավարման մի համակարգ,- կուզեք անվանեք բուրգ,- որը բաղկացած է 7 տարի առաջին դասարանում մնացած ու այդպես էլ տգիտության շեմը չհաղթահարած անդամներից ու նրանց գլխավորից:

Որքան բարձր է բուրգում ընդգրկված անդամի պաշտոնը՝ այնքան մեծ է նրա գործելու հնարավորությունը: Որքան մեծ է տվյալ անդամի գործելու հնարավորությունը՝ այնքան հուժկու է հարվածը: Եվ որքան հուժկու է հարվածը՝ այնքան ցավոտ է հերթական խառնակչության բերած աղետը:

Հայաստանում մեծ խառնակչության ամենաթարմ օրինակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եւ, ի մասնավորի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի նշավակելի հակամարտությունն է, որը թշնամի Ադրբեջանում մեծ խանդավառություն է առաջացրել:

Հատկանշական է, որ Փաշինյանը՝ բանուգործ թողած, իբր թե, եկեղեցու արատավոր բարքերի վերացման կռիվ է տալիս՝ մի քանի կարգալույծ արված քահանաների, վերջերս էլ՝ իր կողմն անցած 8-10 խռովարար սրբազանների աջակցությամբ:

Երկրի թիվ մեկ խառնակչին հաջողվել է «կոմպրոմատների» գործադրմամբ՝ Մայր Աթոռի 54 բարձրաստիճան հոգեւորականներից 10-ին՝ այդ թվում Արցախի թեմի առաջնորդին, անցկացնել իր «թրի տակով»:

Այն արշավը, որ ամիսներ շարունակ ՀԱՍԵ-ի դեմ ծավալեցին եւ շարունակում են ծավալել Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակները, մեծագույն խառնակչություն է՝ միտված հայ հանրության պառակտմանն ու ազգի ինքնության խաթարմանը: Դա հայապահպանության կարեւոր հենասյունին հասցված հարված է, իշխանության կողմից սեփական ժողովրդի ու պետության հանդեպ իրականացվող հանցագործություն:

Ինչի՞ց սկսվեց այս արատավոր շրջանը. նախ՝ վեց ամիս առաջ՝ մայիսի վերջերին, հայտնի անձը եկեղեցիները «չուլան» անվանեց, հետո մտավ հոգեւորականների անձնական կյանք, անթույլատրելի բոլոր միջոցներով անվանարկեց Վեհափառին, թե կուսակրոնության ուխտը խախտել է, վարկաբեկված է եւ պետք է հեռանա:

Այժմ Փաշինյանը երիցս վարկաբեկված ու երիցս ուխտեր խախտած հոգեւորականներից ձեւավորել է մի խառնամբոխ, որի մեջ ընդգրկված են հերձվածողներ, կոռուպցիայի մեջ մրոտված դեմքեր, «աբիժնիկներ», անհայրենիք ու անսկզբունք էակներ:

Եվ նրանց գլուխ անցած՝ թիվ մեկ խառնակիչը ուժեղացրել է հակաեկեղեցական իր գրոհները: Ամենամեծ զավեշտն այն է, թե ովքեր են ում դեմ եւ ինչի դեմ ելել պայքարի: Խոսքերն ավելորդ են:

«Հայացք Երեւանից»