Դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Չեչնիայի մայրաքաղաքի «Գրոզնի-սիթի» կենտրոնը «ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարձակմանը»: Ըստ տեղեկությունների, պայթյունի հետևանքով վնասվել է «Անվտանգության խորհրդի նստավայրը»:
Ռուսաստանյան մի քանի թելեգրամ-ալիքներ հայտնել են, որ Չեչնիայի առաջնորդ Կադիրովը պայթյունից անմիջապես հետո «կապվել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի հետ և պահանջել, որ Կիևին անմիջապես խորտակիչ հարված հասցվի»,- բայց նրան ասել են, որ նման որոշումներ «ընդունվում են ռազմավարական նպատակահարմարությունից ելնելով»:
Դեկտեմբերի 6-ին Կադիրովը տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի ժողովրդին և կոչ արել դուրս գալ փողոց և պահանջել, որ իշխանությունները «վերջ տան Ռուսաստանի դեմ պատերազմին»: Չեչնիայի առաջնորդը վերստին «միակ տղամարդու» քարոզչություն է արել և «նրան» հորդորել, որ «դուրս գա և առաջնորդի ժողովրդին»:
Կադիրովը հակառակ դեպքում սպառնացել է դեկտեմբերի 7-ից սկսած «մեկշաբաթյա հարվածներ հասցնել» Ուկրաինայի «ահաբեկչական կենտրոններին»:
Սահմանադրությամբ Ռուսաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինը:
Ուկրաինայի «ահաբեկչական կենտրոններին» մեկշաբաթյա տևողության հարվածներ հասցնելու մասին Չեչնիայի առաջնորդ Կադիրովի հայտարարությունը, հավանաբար, հրահանգավորված է Մոսկվայից: Բայց դա Չեչնիայի բնակչության, չեչեն ժողովրդի կողմից կարող է ընկալվել այնպես, որ Ռուսաստանում «ամեն ինչ Կադիրովն է որոշում»:
BBC-ն վերջերս բաց աղբյուրների տեղեկությունների հիման վրա Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի մարդկային կորուստների մասին նյութ է հրապարակել, ըստ որի ամենաշատ զոհ տվել է Բաշկորտոստանը, ամենաքիչը՝ Չեչնիան:
Ըստ այդմ, պատերազմի գրեթե չորս տարիներին Չեչնիան ունեցել է 372 զոհ: Պաշտոնական քարոզչությունը, մինչդեռ, այնպես է ներկայացնում, որ «ռազմաճակատի ամենաորոշիչ տեղերում քաջաբար մարտնչում է «Ահմատ» հատուկ նշանակության չեչենական ստորաբաժանումը», որի հրամանատար Ապտի Ալաուդինովը միաժամանակ ՊՆ քաղաքական վարչության պետն է:
Չեչնիայի մայրաքաղաքի դեմ ԱԹՍ-երի գրոհը, երևի, ռազմականից զատ քաղաքական նպատակ է հետապնդում: Ավելի քան քառորդ դար Չեչնիային դաշնային միջոցների հաշվին վերականգնել և արդիականացրել է Գրոզնին, մյուս քաղաքները:
Միաժամանակ Չեչնիայում դաշնային օրենքները գործում են այնքանով, որքանով չեն խոչընդոտում իսլամական ինքնությանը: Գրոզնիի թիրախավորումը, երևի, Մոսկվայի դեմ Գրոզնիի բողոքը «հրահրելու» նպատակ է հետապնդել:
Կադիրովի արձագանքի ենթատեքստը ռուս-ուկրաինական պատերազմում Չեչնիան «հանգիստ թողնելու» մասին է: Իսկ եթե Չեչնիայի օրինակին հետևեն մյուս իսլամադավան սուբյեկտնե՞րը:






Բաց մի թողեք
Զախարովան ինքն իրեն ամենահին մասնագիտության տեր է համարում
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր