14/12/2025

«Ձախողում, խայտառակություն» և զրո մեղադրյալ. ԱՆԻՖ-ի ծրագրերը՝ ամփոփ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ:

Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ Տարբեր ծրագրերով բազմամիլիարդանոց խախտումների համար հարուցված քրեական գործերով մինչ այժմ որևէ մեղադրյալ չկա։

ՍիվիլՆեթն ամփոփել է ԱՆԻՖ-ի ծրագրերն ու գործունեությունը։

Fly Arna-ի ճակատագիրը

ԱՆԻՖ-ի ամենախոշոր ներդրումը, թերևս, Fly Arna ազգային ավիափոխադրողի ծրագրում էր։ Ընկերություը ներկայում լուծարման փուլում է։ Fly Arna ապրանքանիշը ներկայացնում էր «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը 2021-ի դեկտեմբերի 10-ին էր պետական գրանցում ստացել։ Ընկերության գույքը արգելանքի տակ է, հարուցվել են տասնյակ վարույթներ՝ դրամական պահանջների վերաբերյալ։

Այս ընկերությունում կառավարման խնդիրները սկսեցին ի հայտ գալ ստեղծումից դեռ մեկ տարի չանցած՝ 2022-ի հոկտեմբերին։ Օրինակ, աշխատակիցները բարձարձայնում էին իրավունքների խախտումների մասին։ Այնուհետև թռիչքները դադարեցվեցին, իսկ լիցենզիան կասեցվեց։

2024-ի մարտի 20-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուկան է փոխվել կորոնավիրուսային համաճարակից հետո, հայկական շուկայում նոր խաղացողներ են հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել, ծրագիրը ձախողվել է։ Fly Arna-ում պետությունը ներդրել էր առնվազն 4,8 մլրդ դրամ։

2024-ին լրատվամիջոցները գրեցին, որ Հայաստանի դեմ հերթական արբիտրաժային հայցն է նախապատրաստվում. հայցվորը լուծարված Fly Arna ավիաընկերության 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է։

Արևային կայանների կառուցման ծրագիրը

ԱՆԻՖ-ը 2021-ի հուլիսին հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթում։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կազմելու էր 174 մլն դոլար, և ծրագրի շրջանակում կառուցվելիք արևային կայանը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանում։

Արևային կայաններն արդեն 2025-ից պետք է տեղադրված լինեին Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում։ Մինչ օրս, սակայն, այդ կայանների շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։

Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ծրագիրը բաղկացած էր երկու փուլից․ «Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023-ի դեկտեմբեր ամիսն իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի, այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում», իսկ երկրորդ փուլով նախատեսվում էր մինչև 2024-ի դեկտեմբեր իրականացնել 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Դաշտադեմի վարչական ղեկավար Արկադի Մարտիրոսյանն ասաց, որ շինարարությունն անգամ չի սկսվել։

ԶՊՄԿ-ում պետական մասնակցություն՝ առանց հստակ արդյունքների

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) բաժնետոմսերի նվիրատվություն սկսեց ստանալ 2021-ի սեպտեմբերի վերջից՝ սկզբում կոմբինատի բաժնետեր, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» ԲԲԸ-ից, այնուհետև «ԱՄՓ» հոլդինգից։ Գործադիրը որոշեց պետական բաժնեմասի կառավարումը հանձնել ԱՆԻՖ-ին։

Կառավարությունը հայտարարում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում։ Բացի այդ, նշվում էր, որ ԱՆԻՖ-ի միջոցով պետության և ընկերության բաժնետերերի միջև կարող է ստեղծվել երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

Այնուամենայնիվ, ամիսներ անց՝ 2022-ի դեկտեմբերին, գործադիրը փոխեց իր որոշումը՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մութ մնաց հարցը, թե ինչ է ի վերջո ԱՆԻՖ-ը արել ԶՊՄԿ-ում պետական բաժնեմասնակցության առումով։ Կառավարությունը որևէ կերպ չհիմնավորեց, թե ինչու էր անհրաժեշտություն առաջացել ԶՊՄԿ-ի պետական բաժնետոմսերը կառավարելու լիազորությունը ԱՆԻՖ-ից վերցնել ու տրամադրել պետական գույքի կառավարման կոմիտեին։

Մոսկվայի մասնաճյուղին՝ 6,9 մլն դոլար, անհայտ ծրագրեր

2025-ի մարտին Հետքը գրեց, որ ԱՆԻՖ-ի մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024-ի ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել, սակայն ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունը չունի որևէ տվյալ մասնաճյուղի իրականացրած ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել:

«ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաև Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաև նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ և ոչ կոմպետենտ» անձինք»,- նշվում է Հետքի հոդվածում:

Տարօրինակ ներդրումներ՝ սննդի ոլորտում

ԱՆԻՖ-ի ամենատարօրինակ ներդրումը Hard Rock ռեստորանն էր։ Ռեստորանի հիմնման գործընթնացում ֆոնդի ներդրման չափը կազմել է 500,000 դոլար։ Թեպետ պետական մասնաբաժնով ռեստորանը գործում է՝ այս ոլորտում ներդրում կատարելու նպատակահարմարության հարցը բարձրաձայնել էր Արժույթի միջազգային հիմնադրամը՝ շեշտելով, որ ԱՆԻՖ-ը չպետք է ներդրումներ կատարեր հանրային սննդի ոլորտում։

2021-ին ԱՆԻՖ-ը «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ սկսեց անասնակերի մատակարարման ծրագիր՝ համատեղ ստեղծելով «Սերմից ֆերմա» ընկերությունը։

2023-ի օգոստոսին ԱՆԻՖ-ը հայտարարեց, որ ֆոնդն իր բաժնետոմսերը վաճառում է նույն ընկերությանը, այսինքն՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբին։

700 մլն դրամի ներդրում՝ «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում

2022-ին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը ներդրումներ սկսեց լոգիստիկ և միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում: Ներդրումների ընդհանուր չափը՝ 700 մլն դրամ։

Նույն անունով ՍՊԸ-ն ստեղծվել էր 2018-ի հունվարին։ 2018-ի ապրիլի 25-ին, երբ Հայաստանում արդեն տեղի էր ունեցել Թավշյա հեղափոխությունը, ընկերության տնօրեն է դառնում Սերգեյ Գրիգորյանը, որը, ըստ լրատվամիջոցների, ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի մտերիմ ընկերն է։ 2021-ի վերջին այս ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվում է և ստեղծվում է ՓԲԸ-ն։ Գրիգորյանը շարունակում է ղեկավարել տնօրենի պաշտոնում։

Ֆոնդն այս ընկերությունում 2022-ի մարտից մինչև հունիս երեք տրանշով կատարում է ներդրում։ Ներկայում ընկերությունը գործում է։

Դատական հայց՝ ներդրումից հետո

2021-ի օգոստոսին ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրում սկսեց իրականացնել «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ-ում՝ 83,3 մլն դրամի չափով։ Այս գումարը ներդրվել է «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ-ում՝ այդ ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու համար: Ներդրումը, սակայն, իրականացվել է մասնակի, քանի որ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները։

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը 2022-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Մունլայթ Լայֆ» ՍՊԸ-ի և «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ-ի՝ պայմանագրային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Գործը մի քանի դատական ատյաններ է անցել ու դեռ քննվում է։

«Ապագա փրոջեքթսը»՝ սնանկության եզրին

2010-ին հիմնադրվեց «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին։ Մեկ տասնամյակ գործելուց հետո այն կանգնեց սնանկության եզրին հենց ԱՆԻՖ-ի «շնորհիվ»։

2022-ի մարտին ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն դրամի ներդրում կատարեց «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք բերեց ընկերության բաժնետոմսերի 25%-ը։ Այստեղից էլ սկսվեցին ընկերության խնդիրները։

«Այդ կետից ամեն ինչ սկսեց գնալ դեպի վատը։ Մենք շինարարություն էինք սկսել նախքան կորոնավիրուսը, ու երկրորդ փուլը հենց համաճարակի ընթացքում եղավ։ Մենք դիմեցինք ԱՆԻՖ-ին, 2021-ի նոյեմբերին ստացանք դրական որոշում, ու նրանք 796 մլն դրամի չափով ներդրում իրականացրին»,- պատմում է «Ապագա փրոջեքթսի» տնօրեն Տիգրան Չիբուխչյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։

Չիբուխչյանի խոսքով՝ պետական «փրկօղակը» սնանկացման եզրին կանգնեցրեց իրենց ընտանեկան բիզնեսը, և գումարը փոխանցելուց վեց ամիս անց ԱՆԻՖ-ը սկսեց անհասկանալի պահանջներ ներկայացնել իրենց։

«Գոյություն ունեցող պայմանագրի բոլոր կետերի խախտումներով նրանք սկսեցին պատճառ փնտրել գումարի հետվերադարձի համար։ Մենք սկսեցինք բանակցել, ու ամեն ինչ ավարտվեց ուլտիմատումով»,- նշում է Չիբուխչյանը՝ հավելելով, որ ԱՆԻՖ-ը ներկայացրել է 17 հակասական պահանջ։ Ինչո՞ւ է ԱՆԻՖ-ը գնացել այդ քայլին. Չիբուխչյանն այդ հարցի պատասխանին սպասում է արդեն երեք տարի։

ԱՆԻՖ-ն ընկերության հիմնադիր Չիբուխչյանների ընտանիքին մեղադրում է յուրացումներ կատարելու համար, և դիմել է դատախազություն։

Ելակի արտադրություն

2022-ին ԱՆԻՖ-ը «Քեյ ընդ Ջի» ընկերության հետ համատեղ ելակի լայնածավալ արտադրության ծրագիր սկսեց։ Այդ նպատակով ներդրվեց 960 մլն դրամ։ Այս ընկերությունը ծրագիրն իրականացնում էր համատեղ ստեղծված «Բերրիմաունթ» (Berrymount) ձեռնարկության հետ, որն այս պահին գործունեությունը դադարեցրել է։ «Քեյ ընդ Ջի» ընկերության և «Բերրիմաունթի» միակ բաժնետերը Դմիտրի Ալեքսեյենկոն է, որը Երևանի ավագանու ընտրությունների համար 2023-ի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին տրամադրել է 1 մլն դրամ։

Այն շրջանում, երբ ԱՆԻՖ-ը ֆինանսավորում էր ելակի արտադրությունը, Ավինյանը դեռ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահն էր։ «Բերրիմաունթ»-ի սեփականատերը՝ Ալեքսեյենկոն, ըստ Ազատության հետաքննության, Տիգրան Ավինյանի դասարանցին է։ Ընկերությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, թե «հիմնադիրը, վերջինիս ղեկավար կազմը չի ունեցել և չունի ոչ մի գործնական հարաբերություն Տիգրան Ավինյանի հետ»։

Ենթադրյալ չարաշահումներ ARFI հարթակի մասով

2022-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը ներկայացրեց նոր` ARFI ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը: Նշվում էր, որ այն լինելու է էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք, որը հնարավորություն կտա լոկալ բիզնեսներին ֆինանսավորում ներգրավել, իսկ ներդրողներին ամբողջ աշխարհից մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում։ Հարթակի անունը Armenia Financed բառակապակցության հապավումն է, որը նշանակում է ֆինանսավորված Հայաստան։

Հարթակը, սակայն, այժմ չի աշխատում, իսկ դրա ֆեյսբուքյան էջում վերջին թարմացումը 2024-ի մարտին է եղել։

2025-ի ապրիլին Հետքը, վկայակոչելով իր աղբյուրները, գրեց, որ ներդրումային հարթակին առնչվող ենթադրյալ չարաշահումներ են հայտնաբերվել։ 2024-ին փորձեր են եղել վաճառել հարթակը, սակայն ապարդյուն։

1,5 մլրդ դրամի ներդրում ու մեկ աշխատող

2023-ին ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը 1,5 մլրդ դրամի ներդրում կատարեց «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Հետքը պարզել է, որ այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Ըստ պարբերականի՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց ութ օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։

Քրեական վարույթ և լուծարում

2023-ից ԱՆԻՖ-ը հայտնվեց կառավարության, իրավապահ և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոնում։ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) 2023-ի մարտի 9-ին ուսումնասիրություններ սկսեց ֆոնդում։

2023-ի նոյեմբերին էկոնոմիկայի նախարարի հրամանով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմում ընդգրկված երկու այլ անձանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին ֆոնդի տնօրենների խորհրդում։

Բացի Ավինյանից՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդում էր ընդգրկվել Սոնա Թևանյանը, որը Ավինյանի աշխատակազմում էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։ Թևանյանը ներկայում Ավինյանի խորհրդականն է Երևանի քաղաքապետարանում։ Դադարեցվել էր նաև տնօրենների խորհրդի մեկ այլ անդամի՝ Անետա Բաբայանի լիազորությունները։ Անետա Բաբայանը 2018-2021-ին եղել է Ավինյանի օգնականն ու խորհրդականը։

2024-ին հայտնի դարձավ, որ ֆոնդում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ ՊՎԾ-ն էր պարզել, որ «ֆոնդը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել»։ Այս ուսումնասիրության հիման վրա էլ նախաձեռնվել էր վարույթ։ Առ այսօր, սակայն, այս վարույթով չկա կասկածյալ կամ մեղադրյալ։

Տիգրան Ավինյանը մի առիթով այս հիմնադրամն անվանել էր «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն»։ Կառավարությունն այն որոշեց լուծարման տանել 2024-ի մայիսի 23-ի նիստին։

Ուռճացված աշխատավարձեր

2024-ի մարտին ՍիվիլՆեթը գրեց ֆոնդի ղեկավար օղակի չափացանց բարձր աշխատավարձերի ու ցածր հաշվետվողականության մասին։ Աշխատավարձերը հիմնավորելու համար ԱՆԻՖ-ը պատվիրել էր ուսումնասիրություն՝ համեմատելու, թե որքան աշխատավարձ են ստանում նման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։

ՊՎԾ-ի ուսումնասիրությունները ներառում էին նաև ֆոնդի ղեկավար կազմի աշխատավարձերի չափն ու դրանց ձևավորումը: ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ մուտք գործելուց մեկ շաբաթ անց ֆոնդը 12 մլն դրամով ուշագրավ պայմանագիր էր կնքել «Էրնսթ ընդ յանգ» աուդիտորական ընկերության հետ։ Ըստ պայմանագրի՝ «Էրնսթ ընդ յանգը» պետք է տրամադրեր ուսումնասիրություն տարբեր երկրներում ԱՆԻՖ-ի հետ համադրելի ֆոնդերում ղեկավար անձնակազմի վարձատրության չափի, կառուցվածքի և հիմնավորումների վերաբերյալ։

Այստեղ կարևոր փաստն այն է, որ ֆոնդը աշխատավարձերի համեմատական այլ երկրների հետ իրականացրել է ոչ թե 2019-ին, երբ հիմնադրվում էր կամ աշխատավարձերի չափերն էին ֆիքսվում, այլ միայն այն ժամանակ, երբ ՊՎԾ-ն իրականացնում էր ստուգումներ։

2024-ի օգոստոսին Factor TV-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում 250 մլն դրամ եկամուտ ստացող մարդ է եղել, և հենց Տիգրան Ավինյանն է որոշել աշխատավարձի այդ չափը։

Ձախողում և խայտառակություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը որակեց «ձախողում, խայտառակություն և շատ վատ իրողություն»։

«Ես սա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում։ Խայտառակություն, ինչ բառ ուզում եք օգտագործել, ես համաձայն կլինեմ»,- ասաց վարչապետը։

Տիգրան Ավինյանի դիրքորոշումը ԱՆԻՖ-ի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ ԱՆԻՖ հիմնադրամի գործով իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել։ Այդ մասին նա բազմիցս ասել է լրագրողների հետ զրույցում, վերջինը ապրիլի 11-ի ճեպազրույցի ժամանակ էր։ Ապրիլի 29-ին էլ նա ասաց, որ ֆոնդից որևէ աշխատավարձ չի ստացել։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի խոսնակն էր անդրադարձել ԱՆԻՖ-ի խնդրին՝ պնդելով, որ «Ավինյանը՝ որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի միջամտել ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին»։

Բացի այդ, Ավինյանը նշել է, որ ԱՆԻՖ-ը «իրականում 2018-ից Հայաստանի ամենակարևոր, ամենախոշոր և ամենահեռանկարային ծրագրերին հիմք դրած ընկերությունն է»: Այդ մասին նա հայտարարել էր նախորդ տարի՝ խոսելով արաբական «Մասդար» ընկերության հետ կնքած 200 մեգավատ արևային կայանների կառուցման ծրագրի մասին, որը, պարզվում է, չի էլ սկսվել։

Գևորգ Թոսունյան