13/12/2025

Ղասաբիստները` պետական համակարգը խեղկատակության ու կրկեսի վերածած քպ-ական խունտա

Ղասաբիստները

Տիկնայք և պարոնայք,

Դիմավորե´ք

Շրջանառության մեջ է մտնում նոր բառեզրույթ, որով բնութագրվելու են դատաիրավական համակարգի ու ուժային կառույցների այն ներկայացուցիչները, ովքեր սպասարկում են պետական կառավարումն ու պետական համակարգը խեղկատակության ու կրկեսի վերածած քպ-ական խունտային:

Այս բառեզրույթն ունի եռիմաստ ստուգաբանություն և բաղկացած է թուրքերեն «ղասաբ» (մսագործ), բոլշևիկյան «особист» (չեկիստի հորեղբոր տղան է) և անգլերեն «beast» (գազան) բառարմատներից:

Միաժամանակ բացառիկ նորամուծություն է ներդրվում ՀՀ դատաիրավական համակարգում: Հաշվի առնելով այս համակարգի համակարգային կոռուպցիոն բնույթը և ռեպրեսիվ գործողությունների համար որպես գործիք կիրառելու սովետա-բոլշևիկյան ավանդույթը, հետայսու կիրառվելու է նոր կարգ` դատական գործերը վարույթ ընդունելու, դատաքննություն իրականացնելու և դատավճիռ կայացնելու ընթացքում:

Այս պահին վարույթ է ընդունվել ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի իմ դեմ ներկայացված հայցադիմումները և հաշվի առնելով վերջիններիս ուղղակի փոխկապակցվածությունը Նիկոլ Փաշինյանի հետ, պարտադիր եմ համարում, որ գործը վարույթ ընդունած դատավորները, դատական նիստեր նշանակելուց առաջ, գրավոր տեղեկանք ներկայացնեն առ այն, որ իրենք չեն հանդիսանում «վնգստացող դատավորներ» և Նիկոլ Փաշինյանի նման բնութագրումը դատավորների հասցեին համարում են վիրավորական:

Դատավորը պարտավոր է խտասկավառակի վրա տողերիս հեղինակին ներկայացնել առանձին տեսագրություն, որով կհավաստիացնի, որ ինքը չի հանդիսանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը կատարող դատավորը և որ վերջինիս «կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, ով չի կատարի իմ հանձնարարությունը» արտահայտությունը հակաօրինական է և դատապարտելի:

«Կառավարությունը` ես եմ» արտահայտության հեղինակին, ինչպես նաև հայցադիմումներ ներկայացրած Վլադիմիր Վարդանյանին ու Ժաննա Անդրեասյանին դատավորները պարտավոր են առանձին միջնորդությամբ որպես վկաներ բերման ենթարկել դատական նիստերին ներկա գտնվելու համար, քանի որ վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունների մասին իմ հայտարարություններն ուղղակիորեն փոխկապակցված են հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

Յուրաքանչյուր անվախ ՀՀ քաղաքացի իրավասու է կիրառել այս մոտեցումը դատարանների ու դատավորների կողմից ընտրովի արդարադատության և իրավախախտումներով վճիռներ կայացնելու հավանականությունը բացառելու համար:

Դատավորներին պատանդի ու կատարածուի դեր վերագրող գործադիր իշխանության բռնաճնշումներից ու կամայականություններից պաշտպանելու համար, պատրաստ եմ ստանձնել դատավորների իրավունքների պաշտպանի դերը:

Տիկնայք և պարոնայք դատավորներ,

Չի կարելի ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել ու աշխատել ստորացվածի կարգավիճակով:
Ներմուծվող նոր կարգի մասին, բացի դատավորներից, առանձին գրությամբ կտեղեկացվի ՀՀ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, ԲԴԽ նախագահն ու Քննչական կոմիտեի նախագահը:

Հայկ Դեմոյան