Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։ Դժվար է ասել, թե Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Մայր Աթոռի ինչ որոշում կկայացնի, կամ թե այդ որոշումը Հայ Առաքելական եկեղեցու որ հատվածին կվերաբերվի, որովհետեւ տարօրինակ կլինի եթե արտասահմանյան որեւէ թեմում Պատարագի արարողությունից հինգ րոպե առաջ հնչի ՀՀ հիմնը։ Նաեւ դժվար է ասել, թե ավանդական կանոնական քրիստոնեական այլ եկեղեցիներում, որպիսին նաեւ Հայ Առաքելական եկեղեցին է, արդյոք նման պրակտիկա գոյություն ունի՞, թե՞ ոչ։
Այս առիթով 2 դիտարկում անենք.
1․ 301 թվականին, այսինքն՝ 4-րդ դարի սկզբին, Հայ Առաքելական եկեղեցին Մեծ Հայքի Թագավորությունում միայն պաշտոնականացվել է։ Այլ կերպ ասած՝ քրիստոնեությունը միայն պաշտոնապես է ընդունվել որպես Մեծ Հայքի Թագավորության պետական կամ պաշտոնական կրոն։ Մինչդեռ Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրվել է 1-ին դարում Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից։ Նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու մատենագրական-ծիսական ժառանգության հպանցիկ ուսումնասիրության դեպքում դրա ապացույցը կերեւա, որովհետեւ Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսովորչին անվանել են «Հայոց երկրորդ Լուսավորիչ», նկատի ունենալով, որ «Հայոց առաջին լուսավորիչները» եղել են Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Ի դեպ, Ռուս Ուղղափառ եկեղեցին հատկապես Ցարական Ռուսաստանի ժամանակներում այս թեզը վիճարկել է ու Հայ Առաքելական եկեղեցի ասելու փոխարեն ասել է Հայ Գրիգորյանական եկեղեցի՝ զեղչելով Առաքելական եկեղեցու պատմության առաջին չորս դարերը եւ համարելով, որ Առաքելական եկեղեցու հիմնադիրը Գրիգոր Լուսավորիչն է։ Սա իհարկե չի նշանակում թե նսեմացվում է Գրիգոր Լուսավորիչը, հատկապես, որ նա համաքրիստոնեական նշանակության սուրբ է ավանդական քրիստոնեական կանոնական եկեղեցիներում եւ հենց Մոսկվայում կենտրոնական եկեղեցիներից մեկը հատուկ Գրիգոր Լուսավորչին նվիրված հատված ունի։
2․ Քանի որ Նիկոլ Փաշինյանը արդեն քանի կիրակի է մասնակցում է Պատարագի արարողություններին եւ ձեռքին Պատարագի արարողության տեքստն է պահած կարդում, պետք է նկատած լինի, որ արարողության տեքստում պատարագիչ քահանան աղոթում է նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Ավելի հստակ լինելու համար՝ «Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական հայրապետն Ամենայն Հայոց զՏէր Տէր (այս անուն) սրբազնագոյն կաթողիկոսն, եւ (թեմիս/վիճակիս) զբարեխնամ առաջնորդն զՏէր (այս անուն) սրբազան (արք) եպիսկոպոսն, շնորհեսցես մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ» հատվածից հետո կա նաեւ պետության հիշատակությունը՝ «Նաեւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զժողովուրդն Հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր Աջոյ Քո ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան», որով պատարագիչ քահանան աղոթում է Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ նաեւ՝ Հայաստանի իշխանությունների համար եւ համայն Հայ ժողովրդի համար, խնդրելով, որ Աստված իր Ամենազոր Աջի հովանու ներքո պահի Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովրդին՝ խաղաղության, ծաղկման/բարեկեցության ու խաղաղության մեջ։ Ընդ որում, այդպես եղել է միշտ․ բոլոր այն ժամանակներում, երբ գոյություն է ունեցել Հայկական պետականություն, Առաքելական եկեղեցին իր ամենից նվիրական սրբազան արարողության Պատարագի ժամանակ հիաշատակել է նաեւ այդ պետականությունը եւ աղոթել այդ պետականության եւ ի դեմս պետականության նաեւ՝ իշխանությունների ու համայն Հայ ժողովրդի համար։ Կոնկրետ մեր ժամանակներում արդեն, դեռ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է» թեզի կամ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունից առաջ էլ, սկսած թերեւս Հայաստանի անկախության առաջին օրվանից, Պատարագի ժամանակ հիշատակվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ աղոթք է հնչում նաեւ Հայաստանի Հանրապետության ու նրա իշխանությունների համար՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, դրանով իսկ սիմվոլիկ կերպով բոլոր հայերին մատնացույց անելով, որ բոլոր հայերի Հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։






Բաց մի թողեք
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն
ԵՄ-ն համաձայնել է անորոշ ժամանակով սառեցնել ռուսական ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային վարկ տրամադրելու խոչընդոտը
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին