Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում» դատաիրավական համակարգը բացահայտորեն ենթարկվում է գործադիր իշխանությանը, անգամ SMS-ի միջոցով ԲԴԽ նախագահ է աշխատանքից ազատվում: Եվ իշխանավորներն էլ, իրար հերթ չտալով, դատական հայցեր են ներկայացնում ընդդիմադիր գործիչների դեմ` ներողություն ու հերքում եւ կլորիկ գումարներ պահանջելով, փորձելով լռեցնել ազատ խոսքը:
2018-ից հետո Հայաստանում ամենատարածված «հանցատեսակը» խոսքն է: Քաղաքական բանտարկյալներից շատերն էլ կալանքի տակ են զուտ խոսքի համար: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի դեմ ՔՊ-ականները չորս դատական հայց են ներկայացրել: Առաջինը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ներկայացրել, հետո՝ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը, ապա՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը, Հարություն Մարությանը, որը նույնպես ՔՊ-ի համախոհներից է: Նախարար Ժաննա Արամի Անդրեասյանը դիմել է դատարան ընդդեմ Դեմոյանի՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն, որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում 3 միլիոն դրամ բռնագանձելու եւ հօգուտ ԿԳՄՍՆ 6 միլիոն դրամ բռնագանձելու պահանջների մասին: Բայց դատարանը մեկ անգամ հետ է վերադարձրել հայցադիմումը` թերությունները շտկելու համար:
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը դատարանից պահանջել է, որ Դեմոյանը հրապարակավ հերքի Armlur.am-ի տաղավարում հնչեցրած մտքերը: Պահանջել է նաեւ, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում, պատասխանողից բռնագանձել 3 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում եւ 200 հարյուր հազար դրամ պետտուրքի գումար: Բանն այն է, որ Դեմոյանը Armlur.am-ի տաղավարում հնչեցրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքերի անհետանալու համար ենթադրյալ մեղավորների անունները։ Հարցազրույցը հրապարակվել էր հետեւյալ վերտառությամբ․ «Թանգարանից գողացված գրքերի գործով ԱԳ նախարարից եւ պատգամավորից բացի կա եւս մեկը. ով է նա»։ Նույն պատճառով դատարան է դիմել նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Կրկին պահանջել է 3 միլիոն դրամ փոխհատուցում: Սուրեն Մանուկյանն էլ պահանջում է Հայկ Դեմոյանից բռնագանձել 2 միլիոն դրամ, որպես ոչ նյութական վնասի համար փոխհատուցում, եւ պարտավորեցնել FACEBOOK սոցցանցում հրապարակել հերքում․ «Սույնով հայտարարում եմ, որ FACEBOOK սոցիալական ցանցում 24.03.2025թ.-ին եւ 03.04.2025թ.-ին իմ կատարված գրառումներում տեղ գտած տեղեկությունը, որ Սուրեն Աղասու Մանուկյանը կատարել է քրեորեն պատժելի արարքներ, չի համապատասխանում իրականությանը»:
Հարություն Տիրանի Մարությանի մասով էլ հայցն ընդդեմ Հայկ Դեմոյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին, դատարանը բավարարել է մասնակի: Որոշել է Դեմոյանին պարտավորեցնել՝ հայցվոր Հարություն Տիրանի Մարությանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետեւյալ բովանդակությամբ․ «Ես՝ Հայկ Դեմոյանս, ներողություն եմ խնդրում Հարություն Մարությանից»… «28.09.2023թ.-ին ես Facebook սոցիալական ցանցի իմ էջում կատարել եմ ««Արեւմտյան Ադրբեջան» նախագծին ընդառաջ» վերտառությամբ հրապարակում, որն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություն Հարություն Մարությանի վերաբերյալ:
Հայկ Դեմոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր դեմ աննախադեպ թվով դատական հայցերին, ասում է. «Այո, ՔՊ-ականները եւ նրանցից հովանավորվող անձինք որոշել են ինձ դատի տալ: Քանի որ նրանք չունեն մտածելու համար նախատեսված համապատասխան օրգան, այդ պատճառով էլ նախ իրենք են հայտնվել ծուղակի մեջ, քանի որ ես գիժ չեմ, որ անեմ այնպիսի քայլեր, որ ինձ դատի տան: Ես ասել եմ բաներ, որոնց հանրայնացումը խիստ անցանկալի է եղել, տրամաբանությունը դա է: Այժմ ողջ ռեժիսուրան այն է, որ այս քանակի մեջ հավաքական պատասխանատուն պետք է լինի Նիկոլ Փաշինյանը: Ինչու․ որովհետեւ բոլորի հետ փոխկապակցված անձ է, արել է հայտարարություններ, ուստի չի կարող չլինել փոխկապակցված: Օրինակ` «Կառավարությունը ես եմ»: Եթե նա է կառավարությունը, ապա ովքե՞ր են Ժաննա Անդրեասյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արարատ Միրզոյանը եւ այլք: Նա պետք է հանդես գա դատական հայցով: Կամ պետք է հակառակ ծայրից գանք: Դատավորներին ես չեմ ասել «վնգստացող», բոլորիս հայտնի է, որ այդ սարսափելի մտքի հեղինակը Փաշինյանն է: Նա նաեւ ասել է. «Կա՞ Հայաստանում մի դատավոր, ով իմ ասածը չանի»: Սրանք արձանագրված փաստեր են: Այս բոլոր դատական նիստերի նախօրեին, երբ գործը վարույթ է ընդունվել, ես ասել եմ, որ ցանկացած դատավոր նիստից առաջ ինձ պետք է գրավոր տեղեկանք ներկայացնի առ այն, որ ինքը վնգստացող դատավոր չէ, եւ հետո՝ դա համարո՞ւմ է վիրավորանք, թե՞ ոչ: Ինչպես նաեւ դատավորներից պահանջում եմ տեսաուղերձ, որտեղ իրենք կխոստովանեն, որ չեն վախենում գործադիրի ճնշումներից»:






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ