13/12/2025

ԵՄ-ն կշրխկացնի դուռը Վրաստանի առաջ, թե՝ դեռ հնարավորություն կտան

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը «Վրաստանում ժողովրդավարության ճգնաժամի խորացումը» հարցով լսումներ կանցկացնի:

Այդ մասին հայտնել է վրացական apsny.ge կայքը: Լրատվամիջոցը հիշեցրել է «Ազատություն» ռադիոկայանին Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի նոյեմբերի 26-ի հարցազրույցը, երբ նա կարծիք է հայտնել, թե շատ հավանական է, որ Եվրոպայի խորհրդի տարեվերջի նիստում հաստավի, որ «դեպի Վրաստան ընդլայնվելու գործը փակված է»:

Նման եզրահանգման համար Գերմանիայի դեսպանը հիմք է ընդունել Վրաստանի մասին Եվրահանձնաժողովի հաշվետվությունը, որ հրապարակվել է նոյեմբերի 4-ին:

Փաստաթղթում ընդգծված է, որ Վրաստանի համար «Եվրամիությանն անդամակցելու կենսական ճանապարհ գոյություն չունի, քանի դեռ իշխանությունը մնում է ներկայիս ուղեգծի մեջ»: Ամենայն հավանականությամբ, Եվրախորհրդարանի լսումները կազմակերպվում են, որպեսզի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության «ճանապարհը փակելու» մասին Եվրոպայի խորհրդի որոշումը քաղաքական հիմնավորումներ ունենա:

«Այս երկրում ոչ կառավարական կազմակերպություններն սպանված են, խախտվում են ցուցարարների իրավունքները, խախտվում է խոսքի և հավաքների ազատության իրավունքը, կուսակցությունները ոչնչացվում են»,- հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները նրան մեղադրել են «ցուցարարներին ուղղակի աջակցելու» մեջ: ԴԵսպան Ֆիշերը խորհրդատվությունների համար հետ է կանչվել, ապա վերադարձել Թբիլիսի: Հայտնի է, որ իշխող «Վրացական երազանքը» դիմել է Սահմանադրական դատարանին, որպեսզի վերջինս կասեցնի երեք ընդդիմադիր ուժերի գործունեությունը:

Փորձագետները կարծում են, որ հաջորդ քայլով քրեական նոր գործ կհարուցվի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, նրան, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի «երկիրը պատերազմի մեջ ներքաշելու» մեղադրանք:

Վրաստանի գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Եվրամիության հետ խնդիրները «ժողովրդավարության հետ կապ չունեն»: Նրանք պնդում են, որ չեն կատարել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու պատվերը», ինչն էլ տարաձայնությունների պատճառ է դարձել: Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հավանական որոշումը կարեւոր է նաև Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար:

Բաքվի լրատվամիջոցներում տեսակետ է արտահայտվել, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա և Եվրոպա բեռնափոխադրումները «խոչընդոտելով՝ Վրաստանը որոշակի ազդակ է հղում նաև Եվրամիությանը»:

Վրաստանը նաև ապահովում է Չինաստան-Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումները: Եթե Եվրոպայի խորհուրդն իրոք Վրաստանի առջև փակի ԵՄ անդամակցության ճանապարհը, ապա «Վրացական երազանքի» կառավարությունը կարող է խնդիրներ հարուցել:

Այդ դեպքում, ինչպես արդեն կարելի է կռահել Բաքվի փորձագիտական շրջանակների տեսակետներից, Ադրբեջանը փորձելու է բարձրացնել «Թրամփի ուղի» ծրագրի արագ իրականացման հարցը:

Վերջին օրերին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ քննարկում է Նախիջևանի հատվածում երկաթուղու վերականգնման և արդիականացման հետ կապված հարցեր:

Կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով հարցի աշխարհաքաղաքական նշանակությունը և իրավիճակի անվտանգային զգայունությունը, Եվրոպայի խորհուրդն, այնուամենայնիվ, Վրաստանի առջև Եվրամիության անդամակցության ճանապարհը չի փակի: