13/12/2025

Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում

Իջեւանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկացա, որ նոյեմբերի 6-ին Իջեւանի համայնքապետարանի շենքում տեղի է ունեցել նոր հանգստյան գոտու կառուցման հետ կապված հանրային քննարկում։ Կառուցապատումն իրականացնելու է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, հանգստյան գոտին տեղակայված է լինելու Իջեւանի Ուսանողական փողոցի թիվ 90 հասցեում։

Հանրային լսումը վերաբերում էր հանգստի գոտու կառուցման շինարարական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը։ Սա առաջին հանրային քննարկումն էր, որին մասնակցել են Իջեւան համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ՝ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Արթուր Այդինյանը, անկախ փորձագետ Արամ Գալոյանը, ճարտարապետ Արմեն Հայրապետյանը, «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներկայացուցիչ Մարտուն Ղուկասյանը, Իջեւանի բնակիչներ։

Ճարտարապետ Արմեն Հայրապետյանը ելույթ ունենալով՝ նշել է, որ հիշյալ հասցեում նախատեսվում է կառուցել մինչեւ 40 միահարկ հանգստի տնակներ, յուրաքանչյուրի մակերեսը՝մոտավորապես 60-100 քմ։ Տնակները տեղադրվելու են բետոնյա  հիմքերով բետոնային փոքրածավալ հատակի վրա՝ բացառելով մեծածավալ հողային աշխատանքները, որի համար 2025 թ․ հոկտեմբերի 10-ին տրվել է նախագծման թույլտվություն։

Հանգստյան գոտու համար նախատեսված հողատարածքի մակերեսը կազմում է 5,7297 հեկտար։ Հողամասի սահմանի հյուսիսային եզրով հոսում է Աղստեւ գետը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ գետին հարող սահմանագծով նախատեսվում է մասնակի հենապատ կառուցել (մոտ 285 մ)՝ կախված ռելիեֆի առանձնահատկություններից եւ հողատարածքի նիշից։

Անկախ փորձագետ Արամ Գալոյանը ներկայացրել է գործունեության իրականացման նպատակը եւ կարեւորությունը շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների կանխարգելման տեսանկյունից։ Համայնքի ղեկավարի լիազորած անձ Արթուր Այդինյանը Իջեւան համայնքի ղեկավարի եւ քննարկման մասնակիցների անունից հայտնել է համայնքի դրական դիրքորոշումը։

Նոյեմբերի 28-ին Իջեւան համայնքի ավագանին միաձայն քվեարկությամբ՝ 18 կողմով որոշել է նախնական համաձայնություն տալ «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին՝ Իջեւան քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 90 հասցեում հանգստի գոտի կառուցելու համար։

Դա բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Իջեւանի դենդրոպարկի տարածքն է։ 2020 թվականից Իջեւանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստեւ գետի հունը փոխելու, գետի  հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետեւանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, այգում չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ է բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջեւանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջեւանի գինու, կոնյակի գործարանին։ 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լեւոն Գաբրիելյանի եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։

Իջեւանի գինու, կոնյակի գործարանը՝ առանց շինթույլտվության, հենապատ կառուցելու համար, Իջեւանի համայնքապետարանի կողմից 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն դրանից հետո էլ է շարունակել կառուցապատումը, եւ 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն անցած ավելի քան 4 տարում որեւէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Քրեական վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն այնտեղ էլ չեն գտնում ակնհայտ ապօրինության մեղավորներին։ Հազվագյուտ եւ արժեքավոր ծառերով, բույսերով դենդրոպարկի տարածքը Աղստեւ գետի հունը ավերած, այնտեղ ապօրինի մեծ պատ սարքած Իջեւանի գինու, կոնյակի գործարանին են տվել, որպեսզի բուսաբանական այգում 40 տնակ կառուցեն, հանգստյան գոտու բիզնեսով շահույթներ ունենան։