Ադրբեջանական oxu24 կայքը խիստ ուշագրավ հրապարակում է արել, որ, բնականաբար, Հայաստանի ընդդիմադիր «ադրբեջանագիտության» կողմից անտեսվել է: Այդ կարգի նյութն, ինչպես Երևանում են ասում, «ձեռ չի տալիս»:
Լրատվամիջոցը, որ ակնհայտորեն ներքաղաքական նպատակ է հետապնդում, այսպիսի հարցադրում է արել, «Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին կարո՞ղ էր լուծել Ղարաբաղի հարցը» և տալիս դրական պատասխան:
«Բայց դա չէր լինի Ադրբեջանի ազգային-պետական շահերից բխող լուծում»,- պնդում է oxu24-ը և հիմնավորում, որ Քերիմլին, «լինելով արևմտամետ ժողովրդավար, չէր կարող շահել Թուրքիայի նախագահ Էրդողանի վստահությունը, Ռուսաստանի հետ հաստատել վստահելի հարաբերություններ»:
Լրատվամիջոցը փաստացի բացահայտում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հիմքում ընկած է ռուս-թուրքական սկզբունքային համաձայնությունը, որին Քերիմլին չէր կարող հասնել, քանի որ «լինելով ժողովրդավար», նա կընդուներ հակամարտության կարգավորման եվրա-ատլանտյան հայեցակարգը:
Հեղինակը մասնավորեցնում է, որ այդ դեպքում «Ղարաբաղի շուրջ տարածքները կվերադարձվեին, բայց հայերը կստանային կիսաանկախ կարգավիճակ»: Ավելին, նա միանշանակորեն հավաստիացնում է, որ «անգամ պատերազմից հետո Քերիմլին Ղարաբաղի հայերի կամավոր-պարտադիր տեղահանություն չէր իրականացնի»:
Այս վերլուծությունը ներկա պահին լիովին հակասում է Քերիմլիի դեմ քրեական գործի «հիմնավորմանը». նա մեղադրվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար «Մեհթիևի հետ Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնելու և իշխանությունը բռնազավթելու փորձի մեջ»:
Բայց դա Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»:
Ադրբեջանական կայքի հրապարակումը կարևոր է նրանով, որ բացահայտում է հայկական դիվանագիտության քառորդդարյա բացարձակ անմեղսունակությունը, որ չի ըմբռնել, թե սկզբունքային ինչ հարց է լուծում Ադրբեջանը:
Իսկ Բաքվի նպատակը ձևակերպվել է 1991թ. նոյեմբերի 25-ին՝ Գերագույն խորհրդի առայսօր չհրապարակված որոշմամբ, որի կատարումը հանձնարարվել է պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություններին:
Փաստացի խոսքը ԼՂ հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության պետական ծրագրի մասին է, որ երեսուներկու տարի հետո Իլհամ Ալիևն իրականացրել է:
Այս դառը, աղետալի փորձի նկատառմամբ այսօր գերխնդիր է ըմբռնել, թե Ադրբեջանը համարում է, որ բոլոր նպատակներն իրականացվա՞ծ են, թե՞ Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ունի:
Բայց քանի որ ադրբեջանական լրատվամիջոցը խոստովանում է, որ ԼՂ դեմ պատերազմը, էթնիկ զտումները չէին լինի, եթե Ալիևը չհասներ ռուս-թուրքական համաձայնության, ուստի ավելի կարևոր է դիտարկել արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների խորքը, ենթատեքստը, ոչ հրապարակային շերտերը:
«Խաղաղությունը՝ խաղաղություն», բայց անգամ «գործընկեր երկրի» ազգային նպատակը պետք է իմանալ:






Բաց մի թողեք
Թուրքիան ապահովագրում է Ադրբեջանին
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար
Ինչպես է Փաշինյանը խճճում մեր մտքերը