Աշխաբադից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շփվել է թիմի լրագրողների հետ: Նա անդրադարձել է նաև Սիրիայի խնդրին և մարտի 10-ի համաձայնագրի դրույթների իրականացումը գնահատել «ամենաօգտակար լուծում»:
Խոսքը Դամասկոսի անցումային կառավարության և երկրի հյուսիս-արևելքի «քրդական ինքնավարության» առաջնորդ Մազլում Աբդիի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին է, որի համաձայն քրդական զինված կազմավորումները պետք է ինտեգրվեն սիրիական բանակում, իսկ տեղաշրջանում հաստատվի կառավարման «միասնական համակարգ»:
Այդ պայմանավորվածությունները թեև ֆորմալ առումով մնում են ուժի մեջ, բայց գործնականում չեն կատարվում: Ըստ տեղեկությունների, քրդերը պահանջում են, որ իրենց ռազմական կազմավորումները Սիրիայի բանակի կառուցվածքում պահպանեն «առանձնակի հրամանատարության ենթակայությունը»:
Փաստացի դա նշանակում է զինված ուժերի համակարգում «քրդական բանակի» օրինականացում, ինչին Դամասկոսի անցումային կառավարությունը չի ընդառաջում:
Ավելի վաղ Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունը Իմրալի կղզու բանտում հանդիպել է «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Օջալանի հետ, որպեսզի վերջինս զենքը ցած դնելու և Դամասկոսի իշխանությունների հետ պայմանավորվածությունները կատարելու կոչով դիմի Սիրիայի քրդերին: Երևում է, Օջալանը հրաժարվել է նման պարտավորություն ստանձնել:
Անցնող շաբաթասկզբին թուրքական մի քանի աղբյուրներ հայտնել են Սիրիա միանգամից երեք ուղղություններով զորք մտցնելու Անկարայի որոշման մասին, բայց հետագա գործողությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Տեղաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար Թուրքիան կաշկանդված է ամերիկյան մոտ երկու հազար զինվորականների ներկայությամբ:
Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Sana պետական գործակալությունը հայտնել է, որ Դամասկոսից հարավ գտնվող Թադմոր քաղաքի մերձակայքում «ամերիկյան զինվորականները և սիրիական անվտանգության ուժերի ներկայացուցիչները զինված հարձակման են ենթարկվել»:
Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրել են «Իսլամական պետություն« ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Ըստ տեղեկությունների, սիրիացի զինծառայողներից մեկը զոհվել է, ամերիկացի մի քանի զինվորականներ՝ վիրավորվել:
Թուրքիայի նախագահը Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջությունը համարել է տարածաշրջանում «խաղաղության և կայունության երաշխիքներից մեկը»: Բաշար Ասադի վարչակազմի տապալումից ի վեր Էրդողանը ձգտում է ԱՄՆ աջակցությամբ Սիրիայի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանել: Թուրք-իսրայելական հարաբերությունները լարված են նաև այդ պատճառով:
Դամասկոսի անցումային իշխանությունը փաստացի իրավիճակը չի վերահսկում: Ամերիկյան զինվորականների դեմ հարձակումը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Վաշինգտոնը լրացուցիչ ուժեր տեղափոխի Սիրիա:
Այդ դեպքում ներսիրիական այլ խմբավորումներ ևս կբացահայտեն անցումային կառավարությունից դժգոհությունը: Իրավիճակի հետագա սրացումը հղի է Սիրիայում իսրայելա-թուրքական պրոքսի պատերազմի սպառնալիքով: Նման սցենարի դեպքում Ադրբեջանը հարկադրված կլինի աջակցել Թուրքիային և Սիրիայում մեծացնել ներկայությունը:
Հնարավոր է, Բաքուն այդ դերակատարության դիմաց Վաշինգտոնից աջակցություն ակնկալի: Ըստ տեղեկությունների, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն «ամբողջության չեղյալ ճանաչելու մասին բանաձև ներկայացնելու հնարավորությունը»:






Բաց մի թողեք
Ալիևի խնդիրն է, թե հակառուս-ժողովրդավար Քերիմլիին ինչպե՞ս է ներկայացնելու «Կրեմլի գործակալ»
Պատերազմը չէր լինի, եթե Կառավարության ղեկավարը խնդրո առարկա կարգավորման փաթեթին ընթացք տար
Ինչպես է Փաշինյանը խճճում մեր մտքերը