ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման հարցում դեռևս որոշակիություն չկա: «Մենք աշխատում ենք հասկանել, թե հնարավոր է հենց այժմ գործարք կնքել: Տեսնենք: Շուտով երևի կիմանանք»,- ասել է նա:
Ըստ տեղեկությունների, դեկտեմբերի 13-14-ին նրա հատուկ ներկայացուցիչ Սթիֆ Ուիթկովը բանակցություններ կվարի Ռուսաստանում և Եվրոպայում: Հավանաբար, այդ քննարկումներից հետո ԱՄՆ նախագահի համար պարզ կլինի՝ ուկրաինական «գործարքը» հնարավո՞ր է, թե՞ ոչ:
«Կոմերսանտի» թղթակիցը, որ լուսաբանել է Աշխաբադի խորհրդաժողովը, հետաքրքիր հարցազրույց է ունեցել արտաքին քաղաքական հարցերով Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ:
Վերջինս դեկտեմբերի 2-ին մասնակցել է Պուտին-Ուիթկոֆ բանակցություններին: Նա «անձնական տեսակետ է հայտնել, որ ուկրաինական կարգավորման ծրագիրը «ենթարկվել է ուղղումների» և նոր «առաջարկությունները, հավանաբար, ավելի գրավիչ չեն լինի, քան նախկինում քննարկվածները»:
Ուշակովի դիտարկումներից հասկացվում է, որ Մոսկվան սպասում է Թրամփի հատուկ բանագնացներին, բայց տրամադրված է «շատ կոշտ պաշտպանել իր հետաքրքրությունները»:
Նա հատկապես կենտրոնացել է Դոնբասից ուկրաինական զորքերը հեռացնելու առաջնահերթության վրա: Ուկրաինայի նախագահ Զելենսկին նույն օրն ասել է, որ պատրաստ է նման քայլի, եթե Ռուսաստանը նույնպես Դոնբասից զորքերը դուրս բերի:
Պուտինի օգնականի մեկնաբանությամբ՝ «զորքերի դուրսբերումը տարածքների կարգավիճակի հետ կապ չունի»: Ըստ նրա, «ամեն դեպքում Դոնբասում կլինի Ռոստգվարդիան, ոստիկանություն, կգործի Ռուսաստանի ենթակայության վարչակազմ»:
Մոսկվան այդպիսով մերժում է Դոնբասի ապառազմականացման, այնտեղ ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկությունը: Ուշակովը «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ եթե այդ հարցում «կոնսենսուս չձևավորվի, ապա հարցը կկարգավորվի ռազմական ճանապարհով»:
Բանակցություններից առաջ կողմերն, իհարկե, հնչեցնում են իրենց պահանջների առավելագույնը: Դիվանագիտության խնդիրն է հասնել «միջակայքային համաձայնության»: Բայց կոնկրետ Դոնբասի հարցում, երևում է, Մոսկվան ոչ մի զիջման հակված չէ:
Պետական դուման փոփոխություն է կատարել «Զինվորական ծառայության» և «Պաշտպանության մասին» օրենքներում, որով «ընդօրինակելի» է սահմանվում «ռազմական դրության պայմաններում տեղական ինքնապաշտպանության կազմակերպման «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» և «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» փորձը»:
Ռուս-ուկրաինական կարգավորման «Թրամփի ծրագիրն», ամենայն հավանականությամբ, որեւէ համաձայնության չի հանգեցնի: Այս համապատկերին Բաքվի իշխանական լրատվամիջոցը փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան նախկին համանախագահ Քերի Քավանոյի տեսակետը, որ Ռուսաստանը և Իրանը «կարող են խոչընդոտել և ձախողել հայ-ադրբեջանական խաղաղությունը»:






Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
«Գազարի և մտրակի» մոտեցումը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում. Կարգավորման – ապակարգավորման պայքարը
Թուրքիայի և Իսրայելի ռազմական բախման վտանգ կա, Թրամփին կհաջողվի արդյոք զսպել նոր պատերազմը