04/03/2026

EU – Armenia

Իսլամական պետության մի քանի հենակետերի հանդեպ Թուրքիան անկարող է

Տարեսկզբից Սիրիայի «հյուսիսային մայրաքաղաք» Հալեպում իրավիճակը լարված է:

Չնայած պետական լրատվամիջոցները հայտնել են քաղաքի քրդաբնակ թաղամասերը «զինառյալներից լիովին մաքրելու» մասին, իրականում մարտերը դադարել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բարաքի Դամասկոս այցից հետո, որի ընթացքում նա հանդիպում է ունեցել Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարար Շայբանիի հետ և փոխանցել, որ պետքարտուղար Ռուբիոյի «թիմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, որպեսզի կատարվեն ձեռք բերված համաձայնությունները»:

Խոսքը վերաբերում է անցյալ տարվա մարտի 10-ին Սիրիայի նախագահ ալ-Շարաայի և քրդական փաստացի ինքնավարության զինված ուժերի հրամանատար Աբդիի միջև ստորագրված համաձայնությանը, ըստ որի քրդական ուժերը պետք է «ինտեգրվեն սիրիական բանակին», իսկ քաղաքացիական իշխանությունները՝ ճանաչեն «կենտրոնական կառավարությունը»:

Այդ պայմանավորվածությունը գործնականում չի իրականացվել, քրդերը պատրաստ են ինտեգրվել սիրիական բանակին, եթե պահպանվի ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքը, սիրիական իշխանությունները պնդում են, որ «մի երկրում երկու բանակ չի կարող լինել»:

Իրավիճակին լրջորեն ազդում է Թուրքիայի դիրքորոշումը: Պաշտոնական Անկարան «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» համարում է «Քրդական բանվորական կուսակցության տեղական թև», նրա ենթակայության զինված ուժերն՝ «ահաբեկչական խմբավորումներ» և պահանջում է «անվերապահ զինաթափում»:

Թուրքիան նախագահ Էրդողանի մակարդակով շրջանառել է «Սիրիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է» խոսույթ: Ըստ երևույթին, Սիրիայի անցումային կառավարության նախագահ ալ-Շարաան քրդերի «ինտերգրման» հարցում ենթարկվում է նաև արմատական իսլամականների ճնշումներին:

Հալեպում, Սիրիայի հյուսիս-արեւելքի քրդաբնակ շրջաններում իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել: Հակամարտությունը պատմական, քաղաքական ու քաղաքակրթական խոր արմատներ ունի: Տեսանելի հեռանկարում որևէ փոխընդունելի լուծում հազիվ թե գտնվի:

Վերջին մի քանի օրերին դարձյալ տեղեկություններ են տարածվել, որ ամերիկյան սահմանափակ զորախումբը Սիրիայի տարածքում հարվածել է Իսլամական պետության մի քանի հենակետերի:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով կառավարությանը մոտ աղբյուրների, հայտնել են, որ պաշտպանության նախարար Գյուլերը «մինչև փետրվարի վերջը ժամանակ է տվել, եթե մինչ այդ քուրդ ահաբեկիչները չզինաթափվեն, ապա թուրքական բանակը կանցնի պատժիչ գործողությունների»:

Turkiye իշխանամետ պարբերականի ներկայացմամբ՝ «Սիրիայի քուրդ ահաբեկիչները չզինաթափվելու հրահանգ ստացել են Կանդիլից»:

Խոսքն Իրաքի տարածքում քրդական զինված ուժերի կենտրոնակայանի մասին է: Թուրքիան Իրաքի հյուսիսում «հակաահաբեկչական գործողությունների» դիմել է բազմիցս: Թուրքիան քաղաքական իմաստով չի հաղթահարում քրդական հարցը և, ըստ երևույթին, ծրագրում է նոր «հատուկ ռազմագործողություն» անցկացնել Իրաքի հյուսիսում և Սիրիայի անդրեփրատյան տարածքներում: