10/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար

Փետրվարի 6-ին Կապանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել զորանոցում մաքրության աշխատանքներ կատարելուց հրաժարվելու պատճառով զինակից ընկերոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ։

Գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Հայտնում է Iravaban.net–ը հղում կատարելով Դատալեքս դատական տեղեկատվական համակարգին։

Դեպքի հանգամանքները

Բ․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող կոչումով՝ կրտսեր սերժանտ, 2026 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասի ԻՍՎ-ի զորանոցում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, և 65-րդ հոդվածներով սահմանված նորմերը պարտավոր լինելով բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, հարգել յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, հարգանք տածել միմյանց նկատմամբ, ստորադասի նկատմամբ ներողամտություն և զսպվածություն ցուցաբերելու փոխարեն, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ զորանոցում մաքրության աշխատանքներ կատարելուց հրաժարվելու հարցի շուրջ վիճաբանել է նույն կանոնագրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական կոչման բերումով իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող, նույն վաշտի վարորդ, շարքային Հ.Հ.-ի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել շարքային Հ.Հ.-ի նկատմամբ՝ ոտքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով «ձախ ստորակնակապճային և ձախ այտային շրջանների քերծվածքների ձևով» առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողություն։

Բ․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 520 հոդվածի 2-րդ մասով, որը սահմանում է ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը։

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը`

Նախատեսված պատիժը՝

կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ
կարգապահական գումարտակում պահել՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ
ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: