Իմ բախտը բերել է ֆեյսբուքյան ընկերների ու հետևորդների հարցում: Գաղափարակից մարդկանց մի քիփլիկ խումբ է հավաքվել, շատ չեն` ընդամենը 13 հազար մարդ, բայց որակով են, խելացի, կիրթ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ…
Ես 2010 թվականից ֆբ-ում էջ ունեմ, բայց առանձնապես ակտիվ չեմ եղել, միայն վերջին 7-8 ամիսներին եմ համեմատաբար ակտիվ, ինչը որոշ դավադրապաշտների «գլոբալ վերլուծությունների» տեղիք է տվել, բայց այդ մասին չեմ ուզում գրել, այլ ֆեյսբուքում թափառող իշխանական քոմենթչիների, իրենց տերմինով` «ֆեյքեր քշողների» և մյուսների մասին, որոնց նաև գործի բերումով եմ երբեմն առնչվում:
Իմ էջում նրանք քիչ են հայտնվում, քիչ են գրում, բայց մեկ֊ մեկ պատահում են: Որպես կանոն, որևէ ողջամիտ փաստարկ լսելու անընդունակ զանգված է սա: Կեսը բացարձակ տգետ, լատինատառ կամ կիրիլիցայով գրող, որոնք ոչ թե փաստարկ են հնչեցնում, առարկում գրածիդ, այլ ուղղակի հայհոյում` այն հույսով, որ ոչ մեկին հայհոյանք լսելը հաճելի չէ, ուստի քեզ կնյարդայնացնեն, կընկճեն, կպասիվացնեն, կստիպեն լռել ու մտածել, որ դու և քեզ նման մտածող մարդիկ փոքրամասնություն եք, իսկ իրենց նման անուղեղ նիկոլապաշտները շատ են, ուրեմն ճիշտ են (էլ չգիտեն, որ մենք վաղուց կայուն իմունիտետ ունենք միաբջիջ պնակալեզների հայհոյանքի նկատմամբ): Սրանց մեջ անուն ազգանունները տառասխալներով գրողներ կան, որոնք հստակ կառավարվում են իշխանական շրջանակներից` պետական ֆինանսների, օլիգարխիկ շրջանակների ներգրավմամբ:
Ի դեպ, սրանց էջերը, որպես կանոն, դատարկ են` ոչ նկարներ, ոչ տեքստ ու միտք, ոչ շատ ընկերներ, պարզ է, որ պրոֆիլը բացվել է ուղղակի քոմենթ գրելու համար: Չախոյանական խոհանոցից սնվող քոմենթչիների մի հսկա բանակ, որի իմաստը սոցցանցերում իշխանամետ զանգվածի մեծաթիվության տպավորություն թողնելն է:
Բայց առավել ուշագրավ են գրագետ իշխանապաշտները: Ես առաջ թյուր պատկերացում ունեի կրթության, գրագիտության և ինտելեկտի կապի մասին: Ինձ թվում էր` գրագետ հայերենով մտքեր շարադրող, կրթություն ու դաստիարակություն ստացած մարդը չի կարող հիմար լինել, չի կարող տհաս մտքեր հայտնել, քարոզչական կտեր ուտել ու տարածել: Իհարկե, այս զանգվածի մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ էլ հասկանում են, թե ինչ է կատարվում և զուտ շահից ելնելով կեղծում են իրականությունը, որ կերակրատաշտից շարունակեն օգտվել: Բայց կա նաև մի խումբ, որը գրագետ հայերենով, էմոցիոնալ լեքսիկոնով տխմարություններ է գրում, ասենք` ի՞նչ է` չգիտեի՞ք, որ Արցախը 20- 30 տարի առաջ էին տվել…կամ` այ, որ հոկտեմբերի 27-ը չլիներ, 20 թվի պատերազմը չէր լինի…կամ` Նիկոլը որ ամբողջ երկիրը ադրբեջանցիներով էլ լցնի` նախկինները հետ չեն գալու` «հույս չունենաս» և այլն:
Սրանց գրածները կարդալուց մարդ կորցնում է հավատը կրթության ու գիտելիքի նկատմամբ: Եթե գիտելիքը մի գրամ մտածելու ունակություն չի ձևավորել, ուրեմն 4֊րդ դասարանի կրթությամբ Սևանի ափին ապրող նախրապան պապիկի ցավը ես տանեմ, որն ասում է` «դու էն ասա` էս երկիրն ավերողից ե՞րբ ենք պրծնելու»:
Եվ մտածում ես` ուրեմն խելքն ու կրթությունը չհատվող զուգահեռներ են և ինչքան ուզում է մարդը սովորի, կարդա` մտածելու, հասկանալու ունակություն, ազնվություն, բարոյականություն, հայրենիքի հանդեպ սեր չի առաջանա…դա ներքին խելքի ու բարոյականության հարց է:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Որքան ծանր է բեռը, այնքան մեր կյանքը մոտ է հողին, այնքան իրական ու ճշմարիտ է
Կորուստները, բացթողումները և սխալները գերակշռում են ձեռքբերումներին
Ի՞նչ է սպասվում ԱԱԾ ռազմական հակահետախուզությանը