Երևանի ավագանու այսօրվա նիստը անցել է բավականին լարված մթնոլորտում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանին քննադատելու ընթացքում ավագանու ընդդիմադիր անդամներից մեկը նույնիսկ առաջարկել է նրան փոխարինել արհեստական բանականությամբ։
«Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ուշադրություն է հրավիրել փաստաթղթում առկա հակասությունների վրա։
Նրա խոսքով՝ զեկույցում Երևանի աշխարհագրական դիրքը բնութագրվում է որպես բարենպաստ, մինչդեռ քաղաքապետը շաբաթներ առաջ օդի վատ որակը բացատրել էր քաղաքի «վատ» աշխարհագրական դիրքով։
Զարոկյանը նշել է, որ փաստաթղթում Երևանը ներկայացվում է որպես ծովի մակերևույթից 800-ից 1400 մետր բարձրության վրա գտնվող քաղաք՝ նպաստավոր միկրոաշխարհագրական պայմաններով, ինչը, նրա համոզմամբ, չի համընկնում քաղաքապետի նախկին հայտարարությունների հետ։
Ընդդիմադիր ավագանու անդամը նաև քննադատել է քաղաքային հիմնախնդիրները տեխնոլոգիական լուծումներով ներկայացնելու փորձերը։ Նա հիշեցրել է, որ օդի աղտոտվածության խնդրի լուծման համար առաջարկվել են արհեստական բանականությամբ կանխատեսումներ, իսկ երթևեկության խցանումների նվազեցման նպատակով՝ ԱԲ-ով աշխատող լուսացույցներ։
Ելույթի ավարտին Զարոկյանը առաջարկել է քաղաքապետին փոխարինել արհեստական բանականությամբ՝ նշելով, որ այդպես, գուցե, քաղաքային խնդիրների լուծումն ավելի հեշտ լինի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է անմիջապես՝ նույն ոճով հակադարձելով, որ եթե ընդդիմադիր ավագանու անդամին փոխարինեն արհեստական բանականությամբ, արդյունքները, իր խոսքով, կարող են ավելի արդյունավետ լինել։






Բաց մի թողեք
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»
Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան 1 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար