Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի մարզի «Ադրբեջանական մշակութային ինքնավարություն» կազմակերպության ղեկավար Ասիֆ Մամեդովը Վլադիմիր Պուտինի հրամանագրով զրկվել է ՌԴ քաղաքացիությունից:
Այդ մասին հայտնել են Բաքվի իշխանամետ լրատվամիջոցները: Նրանց տեղեկություններով, Մամեդովը «հանդիսանում է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ» և մտադիր էր «առաջադրվել մարզային դումայի պատգամավոր»:
Ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության Իվանովոյի մարզային կառույցը «նախապես հավանություն է տվել Մամեդովի թեկնածությանը, բայց հետո հրաժարվել»:
Իր այդ քայլը ՌԴ իշխող կուսակցության Իվանովոյի մարզային կառույցը հիմնավորել է Մամեդովի թեկնածության դեմ «հանրային լուրջ դժգոհությամբ»:
Բաքվի իշխանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ մարզային դումայի ընտրություններին Մամեդովի մասնակցության և պատգամավոր ընտրվելու դեմ բուռն գործունեություն է ծավալել Սերգեյ Մարդանը և սպառնացել, որ եթե նրա թեկնածությունը չմերժվի, ապա «դաշնային իշխանության կողմից հարվածի տակ կհայտնվեն «Միասնական Ռուսաստանի» մարզային կառույցի ղեկավարները և նահանգապետը»:
Հայտնի է, որ Ասիֆ Մամեդովը Իվանովոյում ձեռնարկատիրությամբ զբաղվում է ավելի քան քառորդ դար և գլխավորում է նաև մարզկենտրոնի «ադրբեջանական համայնքը»: Խիստ ուշագրավ է, որ, ինչպես ադրբեջանական մամուլն է փոխանցել, նրան քաղաքացիությունից զրկելու համար Վլադիմիր Պուտինը հիմք է ընդունել Անվտանգության դաշնային ծառայության միջնորդությունը, որտեղ Մամեդովի գործունեությունը գնահատված է որպես «ՌԴ ազգային անվտանգության համար սպառնալիք»:
Հանրահայտ է, որ արտերկրում և առաջին հերթին՝ Ռուսաստանում «ադրբեջանական սփյուռքը» կազմավորվել է պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ և անմիջական ուղղորդմամբ:
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում և մարզերում «ադրբեջանական համայնքի» ղեկավարները փաստացի Ադրբեջանի պետական ծառայողներ են և գործում են Իլհամ Ալիևի աշխատակազմից ստացած ցուցումների և հրահանգների հիման վրա:
Եթե ՌԴ ԱԴԾ-ն Իվանավոյի «ադրբեջանական համայնքի ղեկավարի» գործունեությունը գնահատել է որպես «ազգային անվտանգությանը սպառնալիք», ապա նշանակում է, որ Մոսկվան Ռուսաստանում «ադրբեջանական սփյուռքի» ղեկավար կառույցներին մեղադրում է ի վնաս ՌԴ շահերի գործելու մեջ:
Այս առումով ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը պաշտոնական Բաքվին կոչ է արել ազատ արձակել անցյալ տարվա ամռանը Բաքվում «թմրանյութերի շրջանառության» մեղադրանքով կալանավորված ՌԴ մոտ երկու տասնյակ քաղաքացիների:
Ըստ երևույթին, Բաքվից դրական արձագանք չի ստացվել, և Մոսկվան հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի տարածքում գրանված ադրբեջանական «մշակութային ինքնավարությունները» փաստացի ՌԴ «անվտանգությանը սպառնալիք են»:
Սա շատ ծանրակշիռ և քաղաքական ախուսափելի հետեւանքներ ենթադրող մեղադրանք է: Հայտնի չէ, թե քաղաքացիությունից զրկված Մամեդովին ինչ ճակատագիր է սպասվում: Մեծ է հավանականությունը, որ եթե նա փախուստի չի դիմել, ապա կձերբակալվի:
Իսկ ի՞նչ է սպասվում «ադրբեջանական մշակութային ինքնավարություններին»:

Բաց մի թողեք
«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում. Լուսանկարներ
Թեհրանում՝ Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտության ամրապնդման մասին
Կրեմլի «միջուկային պատերազմի անոնսը». Ի՞նչ պատասխան ունի Դոնալդ Թրամփը