26/02/2026

EU – Armenia

Թեհրանում՝ Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտության ամրապնդման մասին

Ժնևում նախատեսված իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ և բոլոր առումներով վճռական փուլին ընդառաջ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբին ներկայացել է խորհրդարան և ելույթ ունեցել իսրայելա-ամերիկյան սերտ հարաբերությունների կողմնակիցների առջև:

Իսրայելական մամուլի փոխանցած ընդգծումներից կարելի է առանձնացնել երկուսը: Դեսպանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում «հազարավոր մղոններով հեռու գտնվող Իրանը ամերիկացներից շատերին չի հետաքրքրում», և նրանք հաճախ հարցնում են, թե Միացյալ Նահանգներն ինչո՞ւ են «այդ երկրով հետաքրքրված»:

Հեռակա բանավեճ մղելով այդ հարցադրման հեղինակների հետ, Հաքաբին թվարկել է Իրանից հնչող սպառնալիքները և բացահայտել, որ վերջին տարիներին իրանական հատուկ ծառայությունները կարողացել են «եվրոպական արդեն տասներկու երկրում ազդեցության ցանց ստեղծել»:

Այդուհանդերձ, Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրապարակայնացրել է, որ չգիտի, թե «ինչ որոշում կընդունի» նախագահ Դոնալդ Թրամփը: Ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանը դիտարկել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ներկայության «նկատելի աճ» և եզրակացրել, որ Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, կընտրի Իրանին «սահմանափակ և թիրախային հարվածներ հասցնելու տարբերակը»: Գրեթե նույն եզրակացության է հանգել Իսրայելի Ազգային անվտանգության ուսումնասիրության ինստիտուտը:

Այս ֆոնին Իսրայել է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Օդնավակայանում նրան անձամբ դիմավորել է վարչապետ Նաթանյահուն՝ տիկնոջ հետ: Ավելի վաղ Նաթանյահուն անոնսավորել է, որ Մերձավոր Արևելքում և նրա շուրջ անվտանգություն ապահովելու նպատակով Հնդկաստանի ներգրավմամբ «կստեղծվի վեց պետությունների ալյանս»:

Հնդկաստանի վարչապետը Երուսաղեմ է այցելել երկու կարևորագույն իրադարձությունից հետո: Առաջինը Հնդկաստանի և ԱՄՆ միջև «առևտրային պատերազմի» ավարտն է, երկրորդը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռք բերված համաձայնությունը, որ երկու երկրների հարաբերություններն այսուհետեւ կրելու են գոլոբալ ռազվարական գործընկերության բնույթ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելի և Հնդկաստանի մասնակցությամբ «ալյանսին» կմիանան նաև Հունաստանը և Կիպրոսը: Բաց է մնում մյուս երկու երկրների հարցը: Նաթանյահուն ասել է, որ «վեցնյակի ալյանսին» կարող են անդամագրվել «ասիական և արաբական երկրներ»: Իրանա-հնդկական հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն է գործելու Հնդկաստանի և Իսրայելի ռազմաքաղաքական ալյանսը:

Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար, որ բարեկամական կապեր ունի թե Հնդկաստանի, թե Իրանի հետ: Իրանը հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության լոգիստիկայի ապահովման համար լուրջ դերակատար է:

Ուշագրավ է, որ այս օրերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ոչ միայն բարձրաստիճան զինվորականների, այլև նախագահ Փեզեշքիանի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Լարիջանիի հետ:

Միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ կանխատեսել են, որ «ֆորս մաժորի» կամ «իշխանության տրանզիտի» դեպքում Լարիջանին «կփոխարինի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին»:

Պաշտպանության նախարարի Թեհրան այցն այս առումով վկայում է Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտության ակնհայտ ամրապնդման մասին: