ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հանդես է եկել ամենամյա ուղերձով, որ տևել է 108 րոպե: Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներն ընդգծել են, որ նա մոտ մեկ ժամ խոսել է բացառապես ներքին խնդիրներից:
Դա, ինչպես մի շարք մեկնաբաններ են ընդգծել, պայմանավորված է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններով, որ տեղի կունենան նոյեմբերին: Ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն, այդ ընտրությունները «Սպիտակ տան վարչակազմի գործունեության գնահատական» են:
Ինչ վերաբերում է արտաքին և հատկապես միջազգային քաղաքականությանը, ապա Թրամփը գերազանցապես կանգ է առել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վրա: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հակված է Իրանի հետ խնդիրները կարգավորել դիվանագիտական ճանապարհով և սահմանել է կարմիր գիծ. «Չի կարելի թույլ տալ, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի»:
Նա ասել է, որ թեև իրանական կողմը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, բայց դեռևս հստակ և վերջնական չի հավաստիացրել, որ «երբեք միջուկային զենք չի ունենա»:
ԱՄՆ նախագահը Կոնգրեսի ամբիոնից առաջին անգամ հրապարակայնացրել է, որ մտահոգ է նաև Իրանի հրթիռային ներուժի հնարավորություններով: Թրամփը նույնիսկ թույլ է տվել բացահայտել, որ Իրանը հնարավորություն ունի հրթիռակոծել ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան ռազմահենակայանները, այլև՝ Եվրոպան և մտադիր է այնպիսի հրթիռ ստեղծել, որ «կհասնի Ամերիկա»:
ԱՄՆ նախագահի այս դիտարկումից պարզ է դառնում, որ Իրանի հետ բանակցություններում ոչ միայն միջուկային զենքի, այլև հրթիռային զորության հարցն է դրված: Եվ եթե առաջինի դեպքում Թեհրանը դիվանագիտորեն ընկալունակություն է դրսևորում, ապա հրթիռների հեռահարության սահմանափակման հարցում նրա մոտեցումը միանշանակորեն մերժողական է:
Փետրվարի 26-ին Ժնևում ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունները կշարունակեն դարձյալ Օմանի միջնորդությամբ: Իրանի փոխարտգործնախարար Ռավանչին նախօրեին հայտարարել է, որ Իրանի պատվիրակությունը «բանակցությունների սենյակ է մտնելու ամենայն անկեղծությամբ և բարի կամքով» և հույս հայտնել, որ նույն տրամադրվածությունը կունենա նաև ամերիկյան կողմը:
ԱՄՆ նախագահի խոսքից հասկացվում է, որ Ժնևում Իրանին «վերջնագիր է ներկայացվել»:

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները Ժնևում
Ադրբեջանը մերժում է Եվրամիությանը
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից «մի քանի հարյուր ադրբեջանցի Ռուսաստանի ՊՆ հետ պայմանագիր է ստորագրել»