Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է մամուլի հերթական հաղորդագրությունը, ըստ որի՝ «Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են Ուկրաինային միջուկային սպառազինություն և այն կիրառելու միջոցներ տրամադրել»:
Ռուսաստանի ԱԴԾ-ն գլխավորում է Սերգեյ Նարիշկինը, ում մասին վերջերս արևմտյան լրատվամիջոցները գրել են, որ Ուկրաինայի դեմ հարձակման նախօրեին Վլադիմիր Պուտինին «զգուշացրել է, որ կեղծ են այն տեղեկությունները, թե ուկրաինացիների մեծամասնությունը ռուսական ազատարար զինվորին դիմավորելու են ծաղկեփնջերով»:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային «միջուկային զենք և այն կիրառելու միջոցներ տրամադրելու մասին Նարիշկինի «կոնտորայի» տարածած տեղեկատվությունը տարածվել է Ժնևում նախատեսված՝ ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մեկնարկից երկու օր առաջ և ակնհայտորեն քաղաքական նպատակ է հետապնդում:
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուկրաինական կարգավորմանը եվրոպական երկրների մասնակցությունը գնահատել է «ոչ օգտակար»:
Axsios-ը, հղում անելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի քաղաքական վերնախավում «ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի նկատմամբ խիստ դժգոհության մթնոլորտ է ձևավորվել»՝ կապված Ուկրաինայի հարցով բանակցություններում «Պուտինի կամայականություններին տուրք տալու հետ»:
Լրատվամիջոցը խորհուրդ է տվել «ուշադրությամբ վերընթերցել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում պետքարտուղար Ռուբիոյի ելույթը»: Վերջինս, ինչպես հայտնի է, հիմնականում շեշտել է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքակրթական ընդհանրությունը, հերքել տպավորությունը, թե «Նահանգները Եվրոպան միայնակ են թողնում»:
Մոսկվայի կողմից «միջուկային պատերազմի անոնսավորումը», որ թույլ է տրվել ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության և ՏԱՍՍ պետական գործակալության խմբագրականի, ինչպես նաև Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի «նախազգուշացման» մակարդակով, երևում է, մի էական նպատակ է հետապնդում, միջազգայնորեն «ահաբեկչականություն» վերագրել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային և այդ կերպ չեզոքացնել ուկրաիանական կարգավորմանը և հետկոնֆլիկտային Ուկրաինայի անվտանգության ապահովման ներգրավվելու Փարիզի և Լոնդոնի ձգտումները:
Ուկրաինայի դեմ պատերազմի մի քանի փուլում Ռուսաստանը գրեթե բաց տեքստով սպառնացել է, որ իր նպատակներին հասնելու համար զերծ չի մնա «տակտիկական միջուկային զենք կիրառելուց»: Ըստ էության, Մոսկվան նույն թեզը էական նշանակության բանակցություններին ընդառաջ կրկին հնչեցնում է, բայց «ապոկալիպսիսի» պատասխանատվությունը բարդում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վրա:
Կրեմլի «նախազգուշացման» իրական հասցեատերն, իհարկե, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, ով մեկ օր հետո ամենամյա ուղերձով կդիմի Կոնգրեսին:
Կրեմլի «միջուկային պատերազմի անոնսը» հազիվ թե ամերիկյան օրենսդիրների ուշադրությունից դուրս մնա: Ի՞նչ պատասխան ունի Դոնալդ Թրամփը:

Բաց մի թողեք
«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում. Լուսանկարներ
Ըստ Ալիևի, ի՞նչ է սպասվում «ադրբեջանական մշակութային ինքնավարություններին» Ռուսաստանում
«Պատրաստակամների կոալիցիայում» միասնականություն չկա