Պատմական զարգացումների այս նոր շրջափուլում մտնելիս անհրաժեշտ է ոչ թե պարզապես արձանագրել անցյալը, այլ սառը հայացքով վերաիմաստավորել այն իրողությունները, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորել են հայաստանյան իրականությունը։
Այդ իրականության հիմքում կանգնած էր պարտադրված քաղաքական մտածողություն, որի առանցքը արցախյան շարժումն էր, իսկ դրա վրա ձևավորված քաղաքական սերունդը՝ իր վարքով ու աշխարհընկալմամբ, երկար ժամանակ կանխորոշում էր պետության զարգացման տրամաբանությունը։
Փաստորեն, պետականության ինստիտուցիոնալ կառուցման ամբողջ գործընթացը հարմարեցված էր մեկ առանցքի շուրջ՝ արցախյան շարժման։ Եվ երկար տարիներ Հայաստանը, ըստ էության, գործում էր հենց այդ ռեժիմով՝ իր ողջ քաղաքական, հանրային և գաղափարական կյանքը ենթարկելով այդ օրակարգին։
Բայց ինչո՞ւ է այսօր կենսականորեն կարևոր հասկանալ արցախյան շարժման իրական ազդեցությունը պետական կյանքի ձևավորման վրա։ Որովհետև հենց այստեղ է թաքնված վերջին երեք տասնամյակների քաղաքական զարգացումների բանալին, ինչպես նաև այն հասարակական խնդիրների արմատը, որոնք մինչև վերջերս շարունակում էին օրակարգային լինել։
Արցախյան հիմնահարցը դարձավ այն առանցքը, որի շուրջ կառուցվեց գրեթե ամեն ինչ՝ ներքաղաքական կյանքը, ընտրական գործընթացները, մշակութային միջավայրը, կրթական մտածողությունը։ Տարիների ընթացքում այն վերածվեց ոչ միայն քաղաքական խնդրի, այլև՝ հայաստանցու աշխարհընկալման գլխավոր ձևավորիչ գործոնի։
Բնական էր, որ նման պայմաններում Արցախի հարցը պետք է դառնար նաև նորաստեղծ պետության ռազմավարական որոշումների հիմնական հենակետը։ Պետության ողջ ռազմավարությունը կառուցվում էր մեկ նպատակով՝ սպասարկել այդ խնդիրը։ Արտաքին քաղաքականությունն ու անվտանգության հայեցակարգը ևս ձևավորվեցին նույն տրամաբանությամբ։
Հայաստանը աշխարհին նայում էր արցախյան հիմնահարցի պրիզմայով, և այդ ընկալումն էլ բերեց մի ճակատագրական ընտրության․ հարմարվել ռուսական ազդեցությանը, ինտեգրվել դրա տնտեսական և ռազմական համակարգերին՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ։ Արդյունքում ձևավորվեց մի իրականություն, որտեղ քաղաքական ռուսաֆիկացումն ու «ֆորպոստացումը» ընկալվում էին որպես անհրաժեշտություն՝ հանուն Արցախի։
Այս տրամաբանության շարունակությունն էր նաև իշխանության ռեգիոնալիզացումը․ արցախյան քաղաքական էլիտան տեղափոխվեց Հայաստան և ստանձնեց երկրի կառավարումը՝ այն համոզմամբ, որ այդ կերպ հնարավոր կլինի ավելի արդյունավետ ապահովել Արցախի անվտանգությունը։Սակայն այստեղ առաջանում է առանցքային հարցը․ արդյո՞ք այս ամբողջ գործընթացի արդյունքում արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծումը դարձավ իրական, սթափ գնահատված նպատակ, թե՞ ժամանակի ընթացքում այն վերածվեց իշխանական էլիտաների ձեռքին գործիքի։
Հենց այս կետում է սկսվում ամենավտանգավոր շեղումը։
Նպատակը միֆականացվեց։ Այն դուրս բերվեց քաղաքական հնարավորությունների և իրատեսության դաշտից ու վերածվեց ինքնահաստատման միջոցի։ Միևնույն ժամանակ, հասարակության սոցիալական խնդիրների և դրանք «ազգային օրակարգով» արդարացնող իշխանական քարոզչության միջև առաջացավ խորացող հակասություն։
Այդ հակասությունը ծնեց անվստահություն, իսկ անվստահությունը՝ համակարգային ճգնաժամ։
Արդյունքում քայքայվեց ընտրական ինստիտուտը, խաթարվեց իշխանություն–հասարակություն կապը, և ձևավորվեց մի մթնոլորտ, որտեղ ամեն ինչ արդարացվում էր մեկ բանով՝ «Արցախի անվտանգությամբ»։ Նույնիսկ կոռուպցիան ստացավ յուրահատուկ «հայրենասիրական» դիմակ։
Այս ամենը հանգեցրեց նրան, որ Հայաստանը փաստացի ձևավորեց երկու զուգահեռ ճակատ՝ արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Երկուսում էլ գործում էր նույն տրամաբանությունը՝ ձգել ժամանակը, պահպանել ստատուս քվոն։
Սակայն ժամանակը չեզոք գործոն չէ։
Այն աշխատում է նրանց օգտին, որոնք կարողանում են այն օգտագործել։
Հայաստանը փորձեց մրցակցությունը հավասարակշռել՝ հենվելով ռուսական գործոնի վրա։ Իսկ հակառակորդը ընտրեց այլ ճանապարհ՝ դառնալով ավելի բաց, ավելի հաղորդակցվող, ավելի ճկուն։ Այն օգտագործեց իր տնտեսական և դիվանագիտական ռեսուրսները՝ ժամանակի ընթացքում ձևավորելով նոր ազդեցության լծակներ։
Արդյունքում՝ մինչ Հայաստանը սահմանափակում էր իր հնարավորությունները, հակառակորդը ընդլայնում էր իր ընտրանքները։ Եվ ամենակարևորը՝ Հայաստանը չկարողացավ ո՛չ ճիշտ հասկանալ գեոպոլիտիկ փոփոխությունները, ո՛չ էլ իր հասարակությանը պատրաստել առաջիկա իրականությանը՝ լինի դա խաղաղություն, թե պատերազմ։
Այստեղ ծագում է ամենածանր հարցը․ հնարավո՞ր էր այլ ճանապարհ։
Պատասխանը միանշանակ չէ, բայց հստակ է մի բան․ երբ պետության ողջ կառուցվածքը ձևավորվում է պատերազմի տրամաբանությամբ, խաղաղության անցումը դառնում է չափազանց դժվար։ Սակայն դժվար՝ չի նշանակում անհնար։
Խնդիրը քաղաքական մտածողության մեջ էր։ Այն չկարողացավ հաղթահարել բարոյահոգեբանական կաշկանդվածությունը և անցնել սթափ հաշվարկի դաշտ։
1994 թվականի զինադադարից հետո Հայաստանը ուներ հնարավորություն վերաիմաստավորելու իր ուղին՝ դառնալու ավելի ճկուն, ավելի կառուցողական։ Սակայն ընտրվեց հակառակ ճանապարհը։ Խաղաղությունը ընկալվեց որպես թուլություն, իսկ ազգայնական մաքսիմալիզմը դարձավ գերիշխող գաղափար։
Արդյունքում պատերազմը դարձավ ոչ միայն քաղաքական ու մշակութային էլիտաների ընտրություն, այլ նաև՝ հասարակական սպասում։
Եվ այդ պահին այն արդեն անխուսափելի էր։
Հնարավոր էր հետաձգել այն՝ տասը, քսան, նույնիսկ երեսուն տարով։ Բայց կանգնեցնել՝ այլևս ոչ։ Որովհետև ամբողջ համակարգը՝ քաղաքական, հասարակական և մշակութային, շարժվում էր հենց այդ ուղղությամբ՝ մերժելով ցանկացած այլընտրանքային մտածողություն։
Հիմա առաջ է գալիս երկրորդ հիմնարար հարցը․ արդյոք Հայաստանը՝ գտնվելով փակ սահմանների պայմաններում և ունենալով սահմանափակ տնտեսական ռեսուրսներ, որևէ կերպ կարող էր պատրաստ լինել իր ընտրած պատերազմական ուղուն։ Այս հարցի պատասխանը պահանջում է վերադառնալ ընտրված ռազմավարությանը և դրա հիմքում դրված քաղաքական հաշվարկներին, որոնք, իրենց բնույթով, դժվար թե կարողանային նպաստավոր լինել Հայաստանի համար։
Թեպետ կոռուպցիոն հանցագործությունների բացակայության պայմաններում պետության դիմադրողականությունը, անկասկած, կարող էր լինել ավելի բարձր, այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում դա չէր կարող ապահովել անհրաժեշտ ռազմավարական հավասարակշռությունը։ Ինչպես արդեն նշվել է, ժամանակային գործոնը, ի վերջո, գործեց Հայաստանի դեմ։
Այս համատեքստում առաջնահերթ է դառնում պատասխանատվության հարցի քննությունը։ Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու ընտրված ռազմավարության և դրա հետևանքով արձանագրված պարտության համար, որը ծանր հետևանքներով անդրադարձավ ամբողջ հասարակության վրա։ Արդյոք հնարավոր է խոսել հավաքական պատասխանատվության մասին, թե՞ անհրաժեշտ է այն դիտարկել բացառապես անհատական հարթությունում։
Պատասխանատվության հասցեագրումը քաղաքականության մեջ, անկասկած, բարդ գործընթաց է, սակայն դա չի նշանակում, որ հնարավոր է խուսափել դրա հստակեցումից։ Ռազմավարական պարտությունը չի սահմանափակվում միայն ռազմական գործողությունների ընթացքում կրած անհաջողություններով․ այն ձևավորվում է բազմաշերտ և փոխկապակցված գործոնների համակցությամբ, որտեղ ռազմաճակատում արձանագրված պարտությունը հանդես է գալիս որպես այդ գործընթացի եզրափակիչ փուլ։
Հավաքական պատասխանատվությունը, որպես տեսական կատեգորիա, դժվար է միանշանակ սահմանել։ Այնուամենայնիվ, կարելի է պնդել, որ քաղաքական էլիտաների երկարաժամկետ ձևավորված հավաքական մտածողությունը կարող է հանգեցնել պատասխանատվության յուրատեսակ հավաքականացման։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացները կարելի է դիտարկել հենց այդպիսի մտածողության հետևանք։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հստակ տարանջատել հավաքական մտածողությունը և որոշումների ընդունման ուղղակի պատասխանատվությունը։ Այս համատեքստում կարևոր է արձանագրել, թե ովքեր էին այն դերակատարները, որոնք նպատակային կերպով պատերազմի ուղին ձևավորեցին որպես քաղաքական ուղենիշ, անվտանգությունը կառուցեցին արտաքին կախվածության, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակում, և ոչմիթիզականությունը վերածեցին քաղաքական ու մշակութային ինքնության բաղադրիչի։
Հենց այստեղ է ի հայտ գալիս ուղիղ պատասխանատվության անխուսափելիությունը, մինչդեռ մնացած գործընթացները կարելի է դիտարկել որպես այդ քաղաքականության իներցիոն շարունակություն։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է տարբերակել բուն և իներցիոն պատասխանատվության միջև։
Այս տեսանկյունից ներկայիս իշխանությունը կարելի է դիտարկել որպես իներցիոն պատասխանատվություն կրող սուբյեկտներից մեկը, մինչդեռ նախկին քաղաքական ուժերը և արցախյան քաղաքական էլիտան հանդես են գալիս որպես ուղիղ պատասխանատուներ։
Անդրադառնալով իներցիոն պատասխանատվության բնույթին՝ հարց է առաջանում, թե արդյոք այն նվազ պատասխանատվություն ենթադրո՞ւմ է։ Խնդիրը, սակայն, քանակական համեմատության մեջ չէ, այլ՝ գործընթացների պատճառահետևանքային կապերի հստակ ընկալման։
2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ձևավորված իրավիճակը, մասնավորապես՝ 2018–2020 թվականների քաղաքական դինամիկան, ստեղծել էին մի իրադրություն, որտեղ իշխանության եկող ցանկացած ուժ մեծապես գործելու էր արդեն ձևավորված իներցիայի շրջանակներում։ Այս իմաստով այն իրավիճակը, որում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, կարելի է բնութագրել որպես նախապես պայմանավորված հանգամանքների հետևանք։
Պատկերավոր ասած՝ ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ վտանգը արդեն ակտիվացված էր, և պավորություն կա, որ այն դավադրաբար փոխանցվում էր հաջորդ դերակատարին։ Արդյոք հնարավոր էր խուսափել այդ վտանգի իրականցումից, մնում է բաց հարց, քանի որ դրա վերաբերյալ համոզիչ հիմնավորումներ առկա չեն։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ տարածաշրջանային պատերազմի սրացման որոշումը չի կարող վերագրվել մեկ դերակատարի։ Այն հանդիսանում էր մի շարք աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք, այդ թվում՝ Ադրբեջանի առավելապաշտական նպատակադրումների, որոնք ձևավորվել էին ոչ թե հուզական դրդապատճառներով, այլ՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի սառն հաշվարկի հիման վրա, ներառյալ Հայաստանի խոցելիության գնահատումը։
Այս համատեքստում հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2016 թվականին արցախյան ռազմաքաղաքական էլիտային ներկայացրել էր առկա իրողությունները և հնարավոր զարգացումները։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ բուն և իներցիոն պատասխանատվության տարբերակումը կարևոր մեթոդաբանական գործիք է՝ տեղի ունեցածի ավելի խորքային ըմբռնման համար։
2020 թվականի պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունները արմատապես փոխեցին տարածաշրջանային ուժային բալանսը։ Փլուզված ստատուս քվոյի պայմաններում հետպատերազմյան շրջանը այլևս չէր կարող դիտարկվել որպես ցանկությունների իրականացման ժամանակահատված․ այն վերածվեց նոր իրողությունների գնահատման և, առավել կարևոր՝ առաջացած անվտանգության ռիսկերի գիտակցման փուլի։ Այս ռիսկերի անմիջական թիրախում հայտնվեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը։
Հետպատերազմյան շրջանում սկսվեց Հայաստանի սահմանների համակարգային թիրախավորում, որը իրականացվում էր ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների համատեքստում։ Եթե Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակը արտատարածքային միջանցքի ձեռքբերումն էր, ապա Ռուսաստանի շահը այդ միջանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր՝ իր ազդեցությունը պահպանելու և խորացնելու նպատակով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։
Ստեղծված իրավիճակը առավել բարդանում էր Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև լայն իմաստով էլիտաների միջև գաղափարական համերաշխության բացակայությամբ։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները հաճախ կոշտ հակադարձման էին արժանանում Արցախից։
Այս հակասությունները առավել ակնառու դարձան այն պահին, երբ աշխարհաքաղաքական փոփոխությունները հաշվի առնելով՝ Հայաստանի իշխանությունները փորձեցին վերանայել Արցախի հարցում իրենց մոտեցումները։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի անհրաժեշտ է իջեցնել սպասումների նշաձողը, Արցախում հանդիպեց կտրուկ մերժման, ինչը ոչ միայն խորացրեց ներքին ճգնաժամը, այլև սահմանափակեց միջազգային դերակատարների ներգրավման հնարավորությունները։
Ռուս-ադրբեջանական ճնշումների ուժեղացումը պայմանավորված էր նաև միջազգային զարգացումներով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսմամբ։ Այս համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի չեզոքությունը Ռուսաստանի համար ստացավ ռազմավարական նշանակություն։
Դրա կուլմինացիան դարձան 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք Հայաստանի համար ստեղծեցին պետականության կորստի իրական վտանգ։
Միայն ԱՄՆ-ի և Եվրոպական միության որոշակի ճնշման արդյունքում հնարավոր եղավ կանգնեցնել ռազմական գործողությունները։ Այս գործընթացում կարևոր դեր ունեցավ նաև Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցը, որի ընթացքում հնչած քաղաքական գնահատականները նպաստեցին իրավիճակի որոշակի կայունացմանը։
Այս իրադարձությունների արդյունքում Հայաստանի վարչապետը կանգնեց ռազմավարական ընտրության առջև․ շարունակել նախկին՝ արցախյան հակամարտության վրա հիմնված քաղաքականությունը, թե անցնել նոր ուղու, որը թույլ կտար նվազեցնել և կառավարել առկա ռիսկերը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացված որոշումը, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, նշանավորեց նոր քաղաքական փուլի սկիզբը։
Չնայած այս որոշումը մեծապես պայմանավորված էր արտաքին ճնշումներով, այն նաև արտացոլում էր իրավիճակի անխուսափելի տրամաբանությունը։ Այն ուղղված չէր ռիսկերի լիակատար վերացմանը, այլ դրանց կառավարմանը։ Այս համատեքստում կարևոր քայլ էր նաև Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, որը որոշ չափով զսպեց հետագա էսկալացիաները։
Այնուամենայնիվ, Պրահայի գործընթացից հետո Ադրբեջանը և Ռուսաստանը անցան ճնշումների նոր փուլին՝ Արցախի շրջափակմանը։ Լաչինի միջանցքի փակումը և Ռուսաստանի՝ որպես անվտանգության երաշխավորի անգործությունը հանգեցրին հումանիտար ճգնաժամի խորացմանը և Հայաստանի նկատմամբ ճնշումների աճին։
Այս իրավիճակում հնարավոր էին երկու սցենարներ՝ ռազմական էսկալացիա կամ քաղաքական դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումներ։
Հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ հնարավորությունները՝ երկրորդ տարբերակը ավելի իրատեսական էր։ Ադրբեջանի ռազմավարական նպատակը՝ Արցախի հայաթափումը, ակնհայտ էր, և միակ հնարավոր հակակշիռը կարող էր լինել ուղիղ բանակցությունների մեկնարկը։
Չնայած արևմտյան միջնորդությամբ նման հնարավորություններ ձևավորվել էին, ներքին քաղաքական զարգացումները Արցախում հանգեցրին հակառակ արդյունքի․ տեղի ունեցավ իշխանափոխություն և առավել կոշտ, մաքսիմալիստական օրակարգի ձևավորում։ Արդյունքում տեղի ունեցավ մարդկային և քաղաքական ողբերգություն՝ զանգվածային տեղահանություն, որը իր ծավալներով համեմատելի է հայ ժողովրդի պատմության ամենածանր էջերի հետ։
Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են որակվել որպես էթնիկ զտում։ Սակայն դրա իրավական գնահատականը և հնարավոր պատասխանատվության հարցը կախված է միջազգային ինստիտուտներից և գլոբալ քաղաքական զարգացումներից։
Միևնույն ժամանակ, կարևոր է նաև ներքին քաղաքական գնահատականը։ Ավելի ճկուն և ռեալիստական քաղաքական մտածողության պայմաններում հնարավոր էր այլընտրանքային զարգացում, որը գուցե թույլ տար պահպանել արցախահայության ներկայությունը՝ թեկուզ սահմանափակ կարգավիճակով։ Սա ընդգծում է, որ նման բարդ ճգնաժամերում առավել արդյունավետ է ոչ թե մաքսիմալիստական, այլ պրագմատիկ մոտեցումների կիրառումը։
Այսպիսով, 2023֊թվականից հետո արդեն սկսվեցին Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի սուբյեկտիվ մեկնաբանությունները, բայց քանի որ Պրահայի գործընթացից հետո եվրոդիտորդները տեղակայվել էին հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, ապա էսկալացիոն ռիսկերը կարելի է ասել նվազել էին, բայց Ադրբեջանի ու Ռուսաստանի համար միջանցքի թեման փակ չէր։
2024 թվականի գարնանը սկսվեց լարվածության նոր փուլ, երբ Տավուշի ուղղությամբ սկսվեց սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որտեղ հերթական անգամ իշխանությունը կանգնած էր սուր զգացմունքային ֆոն ստեղծող որոշումներ կայացնելու առջև։
Իշխանությունը չխուսափեց որոշումներ կայացնելուց, բայց այդ ամենը ուղեկցվեց ներքաղաքական ճգնաժամով, որը կարող էր հանգեցնել այնպիսի զարգացման, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ լեգիտիմ իշխանության հեռացում, առանց հետևանքները հաշվի առնելու։ Սակայն հայաստանյան հանրության գերակշռող մեծամասնությունը մասնակից չդարձավ այդ արկածախնդրությանը, և այն մարեց այնպես, ինչպես սկսվել էր։
Այդ ողջ ընթացքում և հետո Ալիևը մշտապես հանդես էր գալիս սպառնալիքներով, որոնք համաձայնեցված էին ռուսական կողմի հետ, և այդ ամենը կարելի է ասել ուղեկցվում էր սպասումներով, որ եթե ԱՄՆ-ում վարչակարգ փոխվի ու Թրամփը գա իշխանության, որը հայտնի էր իր իզոլյացիոնիստական գաղափարներով, ապա Ադրբեջանը ամենայն հավանականությամբ կսկսի ռազմական գործողությունների միջոցով լուծել միջանցքի հարցը։
Հենց այդ ամենով պայմանավորված են այն պնդումները, որ 2025 թվականի գարնանը կանխվել է հայ-ադրբեջանական պատերազմը, և այդ մասին ոչ թե խոսում են հայ փորձագետները, այլ բուն ամերիկյան կողմի բարձաստիճան պաշտոնյաները։
Հետաքրքիրն այն է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումը մեծ թափ հավաքեց այդ շրջանում, ինչը կարելի է ենթադրել, թե ինչի հետ է կապված, որովհետև Ալիևը հրաժարվեց նախապես պլանավորված պատերազմից ու մինչև այդ արվող այն հայտարարությունները, որ Մոսկվայի միջոցով պետք է ընթանան հայ-ադրբեջանական բանակցությունները՝ շատ կարևոր է 3+3 ձևաչափը, որ այս տարածաշրջանում այլ ուժեր չեն կարող լինել, միանգամից դիվանագիտական խոնարհում (ռեվերանս) ամերիկյան կողմի հանդեպ։
Արդյունքում, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Թրամփի անմիջական հովանու ներքո, ընդունվում է եռակողմ խաղաղության հռչակագիր, երկկողմ մակարդակով նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրում՝ և այդ ամենը հայկական կողմի սուվերեն շահերն ու պահանջները հաշվի առնելով, սկսած տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավահավասարությունից և փոխադարձության սկզբունքների պահպանությունից։
Ինչու՞ Ադրբեջանը գնաց այս քայլին։ Դա այլ թեմա է, որը բնականաբար կապված էր միջազգային զարգացումների և դրանից բխող առևտրատնտեսական շահերի ու լոգիստիկ զարգացումների հետ, ինչը կապված է միլիարդավոր դոլարների հետ, և, իհարկե, նաև Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ։
2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների ավելի դետալային նկարագրելու իմաստը այն էր, որ հստակ հասկանալի լինի, թե արված ռազմավարական սխալների արդյունքում ինչ հետևանքների առջև կանգնեց Հայաստանը, ոչ միայն ներքին քաղաքական կյանքի առումով, այլ նաև արտաքին քաղաքական մարտահրավերների ու դրանից բխող անվտանգության հարցերում։
Թե ինչպիսի ճակատագրական որոշումների առաջ կանգնեցվեցին իշխանությունները, որոնք կարելի է ասել՝ ռիսկի գնալով, պարտավոր էին կայացնելու այդ որոշումները։
Ինչպիսի եզրահանգման ենք գալիս. Հայաստանի ու տարածաշրջանի համար սկսվում է նոր պատմական շրջափուլ, որը, բնակաբար, մի փոքր պատմական հիշողությունների տեսանկյունից շատ դժվար է մարսել, որովհետև երբ քո քաղաքական գոյության հիմքում դրված է եղել կոնֆլիկտային զարգացումները, իսկ հիմա մտնում ես այլ քաղաքական ռեժիմի մեջ, որտեղ ոչ թե կոնֆլիկտայնություն է, այլ արդեն
համագործակցության տրամաբանությունն է գալիս, առաջանում է անցումային շրջաններին բնորոշ բարդություններ, որովհետև հասարակության հավաքական հիշողությունը կարճ ժամանակում չի կարող ենթարկվել փոփոխություններին. այն ավելի երկարատև պրոցեսների արդյունքում կարող է սկսել շոշափել նոր իրողությունները։
Արդյոք ստեղծված խաղաղությունը երաշխավորված է։ Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ 100 տոկոսով երաշխավորված խաղաղություններ չեն լինում, բայց խաղաղությունները ավելի կենսունակ են այն ժամանակ, երբ խաղաղության գործընթացը ուղեկցվում է աշխարհաքաղաքական փոխադարձ շահերի համադրություններով, տնտեսական շուկաների և լոգիստիկ զարգացումների փոխկապակցվածությամբ, քան մեկ կողմի երաշխավորությամբ։
Իհարկե, ամերիկյան և ռուսական կողմերի միջև զուգահեռներ անցկացնելը այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև Միացյալ Նահանգները ազդեցություններ տարածում է ոչ թե կոնֆլիկտների միջոցով, այլ բիզնես ազդեցություններով։ Բայց նույնիսկ այդ պարագայում 100 տոկոսանոց երաշխավորված խաղաղություն չի լինի, բայց այն, ինչ այս պահին և մոտ ապագայի համար առաջարկում է Միացյալ Նահանգները, այլընտրանք չունի։
Ներկա պահին շատ կարևոր է արձանագրել, որ հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններ էլ կան, որոնք, բնակաբար, ունեն փոխադարձ վստահության պակաս, բայց շատ կարևոր են հետագա համագործակցության և խաղաղության գործընթացի զարգացման համար և տալիս են հավելյալ երաշխիքներ։
Այո, ներկա պահին խաղաղությունը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն բոլոր առումներով, և այս նոր պատմական շրջափուլը պետք է ձերբազատված լինի նախկին կործանարար ռազմավարության ազդեցություններից, ոչ միայն արտաքին քաղաքական զարգացումների, այլև ներքաղաքական կյանքի և կառավարման համակարգերում առկա մտածողության փոփոխությունների առումով։ Հայաստանյան կառավարման ինստիտուտները պետք է ադապտացվեն խաղաղությանը, որովհետև դա պատմական և ինստիտուտցիոնալ անհրաժեշտություն է։

Բաց մի թողեք
Ըստ Ալիևի, ի՞նչ է սպասվում «ադրբեջանական մշակութային ինքնավարություններին» Ռուսաստանում
Թեհրանում՝ Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտության ամրապնդման մասին
Խաղաղությունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով …