26/02/2026

EU – Armenia

Ինչու է աղմկում Գեղարքունիքի մարզպետը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով իր աշխատավարձի եռապատիկի չափով պարգեւավճար է ստացել` մոտ 5մլն. դրամ, 4 տարի է ղեկավարում է Գեղարքունիքի մարզը: Բայց նա կամ մարզում իրավիճակին չի տիրապետում, կամ էլ փորձում է հանրությունից թաքցնել իրականությունը:

Մասնավորապես այն, թե 2021 թվականին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Ախպրաձոր, Ներքին և Վերին Շորժա, Կութ, Սոթք, Կուտական, քանի հեկտար գյուղատնտեսական հող եւ արոտավայրեր են անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Մարզպետը անպատասխան թողեց նաեւ այն հարցը, թե մինչեւ 2020 թվականը Վերին եւ Ներքին Շորժաներում որքան բնակիչ է ապրել, ինչքան խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են հաշվառված եղել, եւ որքան գյուղատնտեսական նշանակության հողեր են մշակվել, ու ինչ պատկեր ունենք 2025 թվականի տարեվերջին:

Նա ո՛չ մամուլի ասուլիսի ժամանակ այդ հարցին պատասխանեց` ասելով, որ ձեռքի տակ չունի այդ տեղեկատվությունը, ոչ էլ՝ գրավոր: Փոխարենը՝ մարզպետի խորհրդական Մանանա Գալստյանը, ով Կարեն Սարգսյանի հետ է աշխատել՝ սկսած Ջրային կոմիտեից մինչև մարզպետարան, մի այսպիսի գրություն է ուղարկել մեզ. «Խնդիրը վերաբերում է Ձեր կողմից նախորդիվ հրապարակված նյութին։ Տվյալ հրապարակման մեջ տեղեկատվության աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք, ինչի արդյունքում տարածվել է տեղեկություն, որը չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք կամ հեռացնել արդեն իսկ հրապարակված նյութը, կամ հրապարակել հերքում։ Մենք պատրաստ ենք տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն՝ հետագա հրապարակման համար։ Հակառակ դեպքում կարող եք շարունակել Ձեր հրապարակումները, ինչից հետո մենք կարձագանքենք համապատասխան ձևով»։

Մարզպետին ու նրա աշխատողին հավանաբար դուր չի եկել Հրապարակ թերթի հրապարակումներից մեկը իր մասին, որտեղ նա ասում է, որ մարզի ջրաղբյուրներն ու ջրավազանները, որոնք սպասարկում են մարզի բնակավայրերը, 100%-ով վերահսկվում են մեր համայնքների կողմից, իսկ ջրի խնդիրը կապված է նախորդ դարից մնացած խողովակաշարերի քայքայված լինելու հետ:

Մինչդեռ «երրորդ անձը», ում խոսքերից այդքան զայրացել է Մանանա Գալստյանը` ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը ճիշտ հակառակն է ասել` նշելով, թե համայնքներում ջրի հետ կապված ինչ խնդիրների հետ են բախվում գյուղացիները: