Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն օրերս հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է «Ադրբեջանի հետ համագործակցության նորացված համաձայնագրի ուղղությամբ առաջ շարժվել»:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը minval politika-ին հարցազրույցում նման փաստաթղթի մշակումը և նախաստորագրումը «միանգամայն հնարավոր» է գնահատել:
Ադրբեջանցի խորհրդարանականը, սակայն, պարզաբանել է, որ «համաձայնագիրը պետք է նախ հավանություն ստանա Եվրախորհրդարանում, ապա ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարաններում»:
Մուսաբեկովը պարզաբանել է. «Իսկ մենք գիտենք, թե ինչ տրամադրություններ են գերիշխում Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Լյուքսենբուրգի խորհրդարաններում: Եվ կասկած չկա, որ փորձ է արվելու փաստաթուղթը ծանրաբեռնել Ադրբեջանի համար բացարձակապես անընդունելի քաղաքական պահանջներով և նախապայմաններով»:
Խոսքն Ադրբեջանի համար «բացարձակապես անընդունելի» ինչ «պահանջների և նախապայմանների» մասին է, դժվար չէ պատկերացնել: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն խուսափում է ներքին բարեփոխումների և մարդու իրավունքների ու ազատությունների հարգման որևէ պարտավորություն ստանձնել:
Ադրբեջանցի խորհդարանականի անհանգստությունները, կարծես, ավելի շատ կապված են Արցախում 2023թ. Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառության և նրանց նկատմամբ ապօրինի դատավարության կազմակերպման հարցում Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների խորհրդարանների դիրքորոշման հետ:
Մուաբեկովը գտնում է, որ Ադրբեջանը Եվրամիության հետ «կարող էմիայն պրագմատիկ հարաբերություններ ունենալ» և հատկապես կարևորում էներգետիկ ոլորտը:
Ներկայումս Ադրբեջանը ԵՄ է արտահանում տարեկան շուրջ 12 միլիարդ խորանարդ մետր խողովակաշարային գազ, որ Եվրամիության գազի սպառման ծավալների ընդամենը հինգ տոկոսն է: Այդ իմաստով Բաքուն չի կարող Բրյուսելին «ահաբեկել», իսկ առաջիկայում հնարավոր է, որ Ալիևը կորցնի նաև այդ թույլ լծակը:
Միացյալ Նահանգները Թուրքիային առաջարկում է ապահովել Բոսֆոր-Դարդանելի նեղուցով ԵՄ տարածք ամերիկյան հեղուկ գազի մատակարարումը, իսկ Իսրայելը Միջերկրականի արևելյան հատվածում գազի մեծ պաշարներ է հետախուզել և պատրաստվում է խողովակաշարի կառուցմանը:
Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ ստորագրած պարգմատիկ համաձայնագրով պարտավորված է եկող տարեսկզբին ԵՄ տարածք արտահանվող խողովակաշարային գազի ծավալները հասցնել տարեկան 20 միլիարդ խորոնարդ մետրի: Ժամանակը կարճ է, Բաքվի ֆինանսական և տեխնոլոգիական հնարավորությունները՝ սուղ:
Իլհամ Ալիևը վերջին երկու տարիներին մի քանի անգամ դժգոհել է, որ Եվրամիությունը և Զարգացման ու վերակառուցման եվրոպական բանկը վարկեր չեն տրամադրում, որպեսզի գազի հանքավայրերում ենթակառուցվածքներն արդիականացվեն, երկրաբանա-հետախուզական նոր ծրագրեր իրականացվեն:
Մեծ է հավանականությունը, որ նա Եվրահանձնաժողովի առջև ստանձնած պարտավորությունը չկատարելու «հիմնավորումներ» է փնտրում: Բայց որքանո՞վ դա ընդունելի կլինի Բրյուսելի համար:
Նորացված համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջարկությանը «ոչ» ասել, երևի, հեշտ է մի փուլում, երբ Ադրբեջանն իրեն զգում է «ձիու վրա», իսկ հիմնավորումներ գտնելու համար Ալիևից, ամենայն հավանականությամբ, մեծ ջանքեր են պահանջվելու:
Մանավանդ որ նա ԵՄ անդամ այն երկրների «բարեկամն» է, որ Բրյուսելի հետ իրենք շատ լուրջ խնդիրներ ունեն:

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները Ժնևում
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից «մի քանի հարյուր ադրբեջանցի Ռուսաստանի ՊՆ հետ պայմանագիր է ստորագրել»
Ժնևում Իրանին «վերջնագիր է ներկայացվել»