Ռուսաստանի համար Ադրբեջանն «այլևս բարեկամական երկիր» չէ: Նման եզրակացության է հանգել Բաքվի իշխանական լրատվամիջոցը՝ ուսումնասիրելով այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների ուկրաինական պատերազմին հավաքագրումը ՌԴ իշխանությունների որոշմամբ արգելված է:
Եթե այդ ցանկը, որ հրապարակել է Լավտվիայում գործող «Важные истории» առցանց պարբերականը, հավաստի է, ապա ուշագրավ է, որ ավելի քան քառասուներեք երկրների շարքում, որոնց քաղաքացիների հավաքրումն արգելված է, նշված է նաև Թուրքիան, բայց բացակայում են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը և Հայաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:
Արդյոք Հայաստանում և Վրաստանում նույնպես հավաքագրում է իրականացվում, այդ մասին հրապարակային տեղեկություններ չկան: Այլ իրավիճակ է Ադրբեջանում, որտեղ տարեսկզբից մի քանի անձինք «այլ երկրում վարձկանությամբ զբաղվելու և օրենսդրությամբ արգելված մարտական գործողություններին մասնակցելու» մեղադրանքով երեք քաղաքացի դատական պատասխանատվության են ենթարկվել:
Անցյալ ամիս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել «ուսուցողական» հայտարարությամբ և քաղաքացիներին բացատրել, որ վարձկանությունը, այլ երկրի տարածքում զինված կազմավորումներին անդամակցությունը և ռազմական գործողություններին մասնակցությունը քրեորեն պատժելի է:
Ադրբեջանական մամուլի տեղեկություններով, ադրբեջանցիներն ուկրաինական պատերազմին հավաքագրվում են ոչ միայն ՌԴ տարածքում, այլեւ Ադրբեջանում: Ըստ ամենահամեստ հաշվարկների, ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից «մի քանի հարյուր ադրբեջանցի Ռուսաստանի ՊՆ հետ պայմանագիր է ստորագրել»:
Ռուսաստանի Դաշնության հետ Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է արդեն վեց տարի, գործում է միայն օդային հաղորդակցությունը: Ադրբեջանը փակ երկիր է, որտեղ հատուկ ծառայությունները վերահսկում են անգամ քաղաքացիների հեռախոսազրույցները:
Մի քանի հարյուր պահեստազորի սպաների և շարքայինների հավաքագրումը հնարավոր չէր լինի, եթե իշխանություններն առնվազն վարձկանության դիմաց աչք չփակեին:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վկայում են, որ քառասունչորսօրյա պատերազմի մասնակից ադրբեջանցիները ուկիրաինական պատերազմին Ռուսաստանի կողմից հավաքագրվում են, քանի որ «իշխանությունների կողմից մատնված են մոռացության և սոցիալական կարիքները հոգալու այլ հնարավորություն չունեն, քան՝ զբաղվել վարձկանությամբ»:
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները տեւական ընդմիջումից հետո առաջին հանդիպումն են ունեցել: Հավանական է, որ այդ ընթացքում Զելենսկին դժգոհել է պատերազմին Ռուսաստանի կողմից ադրբեջանցիների զանգվածային մասնակցությունից, և Բաքուն, հրապարակայնացնելով թեման, տպավորություն է ստեղծում, որ Մոսկվան իր նկատմամբ «թշնամական քաղաքականություն է վարում»:
Այլ բացատրություն դժվար է գտնել: Հակառակ պարագայում Իլհամ Ալիևը բաց տեքստով չէր հանրայնացնի Պուտինի դեմ իր «անզորությունը»:

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները Ժնևում
Ադրբեջանը մերժում է Եվրամիությանը
Ժնևում Իրանին «վերջնագիր է ներկայացվել»