26/02/2026

EU – Armenia

Ռուսաստանը ռազմական լայնածավալ ներխուժման «իրավական հիմնավորման» փնտրտուքի մեջ է

BBC-ի ռուսական ծառայության և «Մեդիազոնա»-ի լրագրողները պարզել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 200 հազար միայն ՌԴ քաղաքացի հանդիսացած անձանց ինքնությունը:

Այդ մասին ամփոփ տեղեկություններ է տարածել «Դոյչե վելլեի» ռուսական խմբագրությունը:

Տվյալների հավաստիությունը կասկածից դուրս է, քանի որ դրանք ձեռք են բերվել վերջին երկու տարիներին ՌԴ պետական հաստատություններում առկա փաստաթղթերի հիման վրա:

Ըստ կատարված վերլուծությունների, պատերազմում զոհվածների գերակշիռ մեծամասնությունը զորակոչվել է մինչև հարյուր հազար բնակիչ ունեցող քաղաքներից և գյուղական բնակավայրերից:

Զոհվածների թվաքանակով առաջին տեղում Բաշկորտոստանն է՝ 7700, երկրորդը՝ Թաթարստանը՝ 6800, երրորդը՝ Սվերդլովսկի մարզը՝ 6300 հոգի: Յուրաքանչյուր հարյուր հազար բնակչի հաշվով զոհերի թվով առաջին տեղում Տուվան է, որտեղ հարյուր հազար մարդուց զոհվել է 447-ը, այնուհետև՝ Բուրյաթիան, Անդրբայկալկան երկրամասը, Ալթայի հանրապետությունը:

Պատերազմի չորս տարիներից Ռուսաստանի համար 2025 թվականը եղել է ամենաաղետալին: Լրագրողական հետաքննությամբ արդեն իսկ ճշտված է անցյալ տարի զոհված 35 հազար ՌԴ քաղաքացու ինքնություն, իսկ առկա տեղեկությունները թույլ են տալիս կանխատեսել, որ զոհվածների իրական թվաքանակը մոտ է 90 հազարին:

Այս տեղեկությունները, բնականաբար, չեն արտացոլում իրական պատկերը: Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել են նաև Հյուսիսային Կորեայի բազմաթիվ զինծառայողներ, ինչպես նաև աշխարհի ավելի քան հիսուն երկրներից հավաքագրված վարձկանների, Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող նախկին աշխատանքային միգրանտներ: Բայց նույնիսկ ճշտված տեղեկությունը սահմռկեցուցիչ է:

Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Աֆղանստանի տասնամյա պատերազմում Խորհրդային Միության մարդկային կորուստները քսան հազարը չեն գերազանցում՝ գերիներին և անհայտ կորածներին էլ հաշված:

Համեմատության համար ասենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ը ունեցել է 420 , Մեծ Բրիտանիան՝ 460 հազար զինծառայողի կորուստ: Խորհրդային Միությունն, իհարկե, անհամեմատ մեծ թվով մարդկային կորուստներ է ունեցել, բայց պատերազմի երրորդ տարվա վերջին Կարմիր բանակն արդեն վերականգնել էր երկրի պետական սահմանները և մարտական գործողությունները տեղափոխել Արևելյան Եվրոպայի տարածք:

Այս տեղեկատվության ֆոնին կատարյալ հուսահատություն կարելի է որակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փետրվարի 25-ի «հիմնավորումը», ըստ որի՝ «հատուկ ռազմական գործողություն չէր սկսվի, եթե Ուկրաինան միակողմանիորեն չխախտեր «Բարեկամության և համագործակցության մասին» 1997թ. պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հուշագիր ստորագրեր»:

Կրեմլի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների վերջին շրջանի իրարամերժ հայտարարություններից կայուն տպավորություն է, որ Ռուսաստանը ռազմական լայնածավալ ներխուժման «իրավական հիմնավորման» փնտրտուքի մեջ է: Սա, երևի, այն դեպքն է, որի մասին ռուսներն ասում են игра не стоит свеч: