27/02/2026

EU – Armenia

Ալիևների իշխանությունից զրկվելու դեպքում այդ ճշմարտությունը բացահայտելու են իրենք՝ ադրբեջանցիները

Տարիներ առաջ, երբ ադրբեջանցի գործընկերների հետ Ջերմուկում հանդիպում էր կազմակերպվել, օգտվելով ընդմիջման առիթից, երկու հեղինակավոր լրագրողի խնդրեցի հուշել, թե որտեղ կարող եմ ծանոթանալ Խոջալուի դեպքերի կապակցությամբ Հեյդար Ալիևի հրապարակային տեսակետին:

Նրանք նախ զարմացած իրար նայեցին, փորձեցին խուսափել: Ստիպված էի հնարել, որ «գիրք եմ գրում, հետաքրքիր է իմանալ, թե այդ օրերին Նախիջևանի ԻՀ Գերագույն մաջլիսի նախագահի պաշտոնն զբաղեցրած Հեյդար Ալիևն ի՞նչ գնահատական է տվել այդ իրադարձություններին»: Զրուցակիցներս ասացին, որ «նման բան» չեն հիշում:

Նույն հարցով երեք տարի հետո դիմել եմ Ստեփանակերտ այցելած ադրբեջանցիներին ու նույն պատասխանն ստացել: Անցյալ տարի դիմել եմ Եվրոպայում բնակվող ադրբեջանցի երկու հայտնի անձնավորության: Նրանք նույնպես չեն հիշում, որ Հեյդար Ալիևը Խոջալուի դեպքերի առթիվ որևէ խոսք հնչեցրած լինի:

Այսպիսով, ի պաշտոնե հանդիսանալով Նախիջևանի ինքնավարության, այսինքին՝ ադրբեջանական երկրորդ պետության, առաջնորդ, Հեյդար Ալիևը Խոջալուի դեպքերի և հաջորդած օրերին ոչ մի հայտարարություն չի տարածել:

Փետրվարի 26-ին Իլհամ Ալիևը օկուպացված Ասկերանի շրջանի Խոջալու ավանում բացել է «ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր»: Նա Խոջալու է ներկայացել տիկնոջ և դստրերի ուղեկցությամբ:

Փաստացի Ալիևը «զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել» Ալիևների ընտանիքի անունից: Բայց դա «հարգանքի տո՞ւրք» է, թե՞ «ժանտախտի ժամին խրախճանք»:

Խոջալուի բնակչության զանգվածային սպանությունը կատարվել է Աղդամի մատույցներում, տարածքը գտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Դեպքերից անմիջապես հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հարցաքննվել են տասնյակ ականատեսներ:

Քրեական գործի վարույթը կարճվել է 1994-ին՝ Հեյդար Ալիևի իշխանության վերադառնալուց մեկ տարի հետո: Նույն կարգով լուծարվել է Խոջալուի դեպքերի խորհրդարանական հետաքննության հանձնաժողովը:

Միակ անձնավորությունը, որ հետագայում այլ քրեական գործով դատվել է, ԱԺՃ ներկայացուցիչ Ֆահմին Հաջիևն է: Երբ դատարանում նրան հարցրել են, թե «ո՞վ է Խոջալուի դեպքերի պատասխանատուն»,- Հաջիևը միանշանակ և կարճ պատասխանել է. «Հեյդար Ալիևը»:

Խոջալուի դեպքերից վեց ամիս առաջ Հեյդար Ալիևը Նախիջևանի ինքնավարության տարածքում արգելել է Ադրբեջանի նախագահի ընտրությունները, չի ճանաչել Այազ Մութալիբովի իշխանությունը: Խոջալուիից կարճ ժամանակ հետո Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Մութալիբովին հրաժարական է պարտադրել:

1992թ. նախագահական արտահերթ ընտրություններով Ադրբեջանում իշխանության է եկել Աբուլֆազ Ալիև-Էլչիբեյը, որ Հեյդար Ալիևի կողմից որպես ՊԱԿ-ի գործակալ հավաքագրվել է դեռևս Բաքվի համալսարանում ուսանելու շրջանում: Մեկ տարի հետո՝ 1993թ. հունիսի 15-ին, Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Իսա Գամբարովը պաշտոնից հրաժարվել է:

Նրա փոխարեն ընտրվել է Հեյդար Ալիևը, իսկ երկու շաբաթ անց Էլչիբեյը «կամավոր հեռացել է հայրենի Քելեքի գյուղ և իրեն տվել հարբեցողության»:

Հռոմեական իրավունքի «ո՞ւմ էր ձեռնտու» հարցադրումը, երեւի թե, կիրառելի է նաև քաղաքականության հարցերում : Այս առումով Խոջալուի հարյուր ութսունմեկ բնակչի սպանությունը ձեռնտու էր միայն մեկ անձի՝ Հեյդար Ալիևին, որ մոտ երկու տարի առաջ Մոսկվայից «տեղափոխվել» էր Նախիջևան, որպեսզի կրկին տիրի Ադրբեջանի իշխանությանը:

Այդ մարդկանց արյունը ծանրացած է նրա և ժառանգորդի ու վերջինիս ընտանիքի խղճին: Եվ եթե ոչ վաղը, ապա Ալիևների իշխանությունից զրկվելու դեպքում այդ ճշմարտությունը բացահայտելու են իրենք՝ ադրբեջանցիները: