27/02/2026

EU – Armenia

Բաքվում տպավորություն են ունեցել, որ Իրանը TRIPP նախագծի իրացման հարցում կոշտ կհակադրվի Հայաստանին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փետրվարի 23-25-ին Թեհրան այցը ամերիկյան դիվանագիտության սպասումների առումով կարող է անսպասելի դիսոնանս լինել:

Այս տեսակետն է հայտնել Բաքվի իշխանական haqqin.az-ի մեկնաբանը՝ մինչ այդ նկատել տալով, թե «մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նոր Մերձավոր Արևելքի» քարտեզին վերջին շտրիխներ է անում՝ ձգտելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ամրագրել պատմական հաշտությունը, տարածաշրջանից ստացվել է փխրուն հավասարակշռությունը խախտելու ունակ ազդակ»:

Ադրբեջանական լրատվամիջոցը, որ անկասկած արտահայտում է պաշտոնական Բաքվի «մտահոգությունները», այսպիսով Հայաստանի պաշտպանության նախարարի Թեհրան այցը գնահատում է «տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը խախտելու ունակ ազդակ», բայց ոչ թե իր, այլ՝ ԱՄՆ դիվանագիտության «սպասումների առումով» և հաջորդիվ պնդում, թե Հարավային Կովկասը ամերիկյան վերահսկողության «տրանզիտային հաբի վերածելու կոչված TRIPP հավակնոտ նախագծի իրականացման ֆոնին Երևանը դիվանագիտական քայլ է կատարել, որ Վաշինգտոնում կարող են գնահատել ռազմավարական երկերեսանիություն»:

Նախորդիվ նկատել ենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Թեհրան այցը վկայում է Հայաստանի տարածաշրջանային սուբյեկտության ամրապնդումը: Բաքվի իշխանական լրատվամիջոցի անհանգստությունը պայմանավորված է դրանով: «Ի՞նչ է որոնում Պապիկյանը Լարիջանիի մոտ»,- սա է հիմնական հարցադրումը:

Փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Նասիրզադեն այցելել է Բաքու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է, կողմերն ընդգծել են հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթը, դրանք ռազմավարական գործընկերության հասցնելու փոխադարձ ցանկությունը:

Փետրվարի 17-ին Բաքու է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեհը, ով նույնպես արժանացել է Իլհամ Ալիևի ընդունելությանը: Նույն օրը կայացել է Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Հայտարարվել է Արաքսի վրայով ուղեանց կամրջի շինարարության ավարտը, մոտ ապագայում տեղի կունենա հանդիսավոր բացումը: Ֆարզանե Սադեհը Բաքվում Իլհամ Ալիևի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման հեռանկարը:

Խոսքը Ռուսաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության մասին է, որի աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է:

Իրան-Ադրբեջան գործընկերության զարգացման և խորացման համատեքստում Հայաստանի պաշտպանության նախարարի Թեհրան այցը ներկայացնել որպես «տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը խախտելու ունակ ազդակ»,-ինչպես թույլ է տվել Բաքվի իշխանական լրատվամիջոցը, նշանակում է մատնել սեփական գաղտնիքը:

Ըստ երևույթին, Բաքվում տպավորություն են ունեցել, որ Իրանը TRIPP նախագծի իրացման հարցում կոշտ կհակադրվի Հայաստանին և հարավային լոգիստիկայի համար խնդիրներ կստեղծի: Պաշտպանության նախարար Պապիկյանի թեհրանյան բանակցությունների մակարդակը հակառակն է վկայում: Դա է, ամենայն հավանականությամբ, Բաքվի «մտահոգության» բուն պատճառը: