27/02/2026

EU – Armenia

Ի՞նչ որակի ԱԹՍ-եր են փորձարկվում Իրանը Կասպից ծովում, որտեղ է Ադրբեջանը

Իրանը փակել է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի օդային տարածքը: Այդ մասին Թեհրանը համապատասխան ծանուցում (NOTAM) է տարածել և զգուշացրել, որ երկրի մակերեւույթից տասը հազար ֆուտ բարձրության վրա իրականացնելու է անօդաչու թռչող սարքերի զորավարժություններ:

Դա նշանակում է, որ այդ գոտում բոլոր տեսակի թռիքչներ չեն իրականացվի, քանի դեռ Իրանը չի հայտարարի զորավարժությունների ավարտի մասին:

Իրանի շուրջ գերլարված իրավիճակի պայմաններում, երբ Իսրայելը կամ ԱՄՆ-ը, կամ երկուսը միաժամանակ ամեն պահի կարող են հրթիռային հարվածների հասցնել իրանական միջուկային օբյեկտներին և այլ «օրինական թիրախների», Թեհրանի կողմից կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը միանգամայն օրինաչափ է:

Ավելի վաղ Իրանը ռազմածովային ուժերի զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում և, ըստ պաշտոնական աղբյուրների, փորձարկել «գերժամանակակից հրթիռ»:

Արևմտյան մամուլը վերջին օրերին գրել է, որ Իրանը Չինաստանից «ձեռք է բերել ռադիոէլեկտրոնային պայքարի արդիական միջոցներ»: Ավելի վաղ նույն աղբյուրները հայտնել են Ռուսաստանից Իրանի ձեռք բերած «հակաօդային պաշտպանության և նոր սերնդի կործանիչների» մասին:

Ամենայն հավանականությամբ, այդ տեղեկությունները եթե ոչ լիովին, ապա առնվազն զգալի չափով մոտ են իրականությանը: Politico-ն փոխանցել է ամերիկյան ռազմական փորձագետների կարծիքը, որ Իրանը Միացյալ Նահանգների համար «այսօր ավելի լուրջ սպառնալիք է, քան անցյալ տարվա հունիսին» էր:

Անցյալ տարվա տասներկուօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրանի մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ինչպես նաև շատ փորձագետներ պնդել են, որ Իսրայելը «որպես պլացդարմ օգտագործել է Ադրբեջանի տարածքը»:

Ճիշտ է, պաշտոնական Թեհրանը հետագայում հերքել է այդ լուրերը, բայց քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ միշտ «սև-սպիտակ» դրսևորում է ունենում:

Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի օդային տարածքում ԱԹՍ-երի ներգրավմամբ զորավարժությունների անցկացումը բացահայտ վկայություն է, որ Թեհրանն այդ ուղղությունից սպառնալիքի հավանականությունը չափազանց բարձր է գնահատում և ձեռնարկում կանխարգելիչ քայլեր:

Ի՞նչ որակի ԱԹՍ-եր են փորձարկվում, այդ մասին, բնականաբար, հրապարակային տեղեկություն չկա և չի լինի: Հավանական է թվում, որ Իրանը փորձարկում է ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցներ, որպեսզի չեզոքացնի հյուսիսային ուղղությունից հակառակորդի հարվածային անօդաչուների և հրթիռների սպառնալիքը:

Խիստ ուշագրավ է, որ փետրվարի 25-ին օկուպացված Մարտունի և Ասկերան ուղևորվելուց առաջ Իլհամ Ալիևը գտնվել է Լենքորանում, որտեղ «արհեստագործական դպրոց է բացել»: Իրանի կողմից թռիչքների համար փակ հայտարարված կոորդինատներից պարզ է դարձել, որ ԱԹՍ-երի զորավարժություններն անցկացվում են Կասպից ծովի այն հատվածում, որտեղ Ադրբեջանի առափնյակը Նևթչալայի, Ջալիլաբադի, Յարդիմիլիի և Լենքորանի շրջանների տարածքն է:

Կապ ունի՞ Ալիևի Լենքորան այցը Իրանի կողմից ԱԹՍ-երի զորավարժություններ անցկացնելու հետ, բարդ է ասել: Բայց, երևի, համընկնումը պատահական չէ: