27/02/2026

EU – Armenia

Սպիտակ տունը Թեհրանի հետ «դասական դիվանագիտություն» իրականացնելու մտադրություն չունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների մի մասը գտնում է, որ Իրանին «առաջին հարվածը պետք է Իսրայելը հասցնի»:

Քաղաքական կանխածրագիրը ենթադրում է, որ Իսրայելի հարվածին «կհաջորդի Իրանի պատասխանը, իսկ դա թույլ կտա ԱՄՆ-ում աջակցություն ստանալ՝ կապված հետագա գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի հետ»:

Ավելի վաղ ամերիկյան մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ փաստել են, որ ամերիկացիներին «առաջին հերթին հետաքրքրում են տնտեսությունը, հարկերը, միգրացիոն քաղաքականությունը»:

Եթե այս տեղեկությունը հավաստի է, ապա պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը մտադիր է կրկնել անցյալ տարվա փորձը, երբ Իսրայելն առաջինն է հարվածել Իրանին: Այդ սցենարը հավանական է, բայց խնդիրն, ըստ երևույթին, ավելի բարդ է: Israel Inside-ը դիտարկել է Դոնալդ Թրամփի երկու բարձրաստիճան պաշտոնյայի՝ փոխնախագահ Վենսի և պետքարտուղար Ռուբիոյի, տեսակետների «արմատական տարբերությունը»:

Վենսը պնդել է, որ Իրանը «շարունակում է իր մութ ծրագիրը»,-իսկ պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ Իրանը «ներկայումս ուրանի հարստացում չի իրականացնում»:

Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձում նախագահ Թրամփը փաստացի Իրանին վերջնագիր է ներկայացնել: Փետրվարի 26-ին Ժնևում մեկնարկում է իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը:

Չնայած ակնկալիք կար, որ այդ վճռորոշ հանդիպմանը Միացյալ Նահանգները կներկայացնի պետքարտուղար Ռուբիոն, հայտնի է դարձել, որ ամերիկյան պատվիրակությունը նույնն է՝ Ութկոֆ և Քուշներ:

Դա նշանակում է, որ Սպիտակ տունը Թեհրանի հետ «դասական դիվանագիտություն» իրականացնելու մտադրություն չունի:

Կարելի է ենթադրել, որ Ժնեւի բանակցությունները եթե անգամ լիովին չձախողվեն, սկզբունքային առաջընթաց չեն արձանագրելու: Իրանի դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ են սահմանափակել ուրանի հասրտացումը, ապահովել միջազգային մշտադիտարկում, իսկ հարստացված ուրանի պաշարները՝ հանձնել երրորդ երկրի: Հրթիռային ծրագրի և տարածաշրջանի դաշնակիցներին օժանդակությունը կասեցնելու մասին խոսք չի կարող լինել:

Ի՞նչ է հետևելու: Արդյոք Իսրայելը պատրա՞ստ է վերցնել «պատերազմի հրձիգի» պատասխանատվությունը: Վարչապետ Նաթանյահուն հայտնվել է բավական «նուրբ» իրավիճակում:

Եթե Հնդկաստանի վարչապետի այցից հետո նա կայացնի Իրանին հարվածելու որոշում, ապա դա, անկասկած, ազդելու է իրանա-հնդկաստանյան հարաբերությունների վրա՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ. Թեհրանը, որ մինչ այժմ Իսլամաբադի հետ հարաբերություններում «դիստանցիա է պահում», կարող է միանալ Թուրքիա-Պակիստան առանցքին: Այդ դեպքում Մերձավոր Արևելքը կունենա աշխարհաքաղաքական այլ պատկեր:

Նաթանյահուն հայտարարել է, Մերձավոր Արևելքում «շիադավան չարիքի առանցքը չպետք է փոխարինվի սուննի չարիքի առանցքով»: Իսկ եթե Իրանը «սուննի առանցքի մաս կազմի՞»: