10/03/2026

EU – Armenia

Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. Անկարան և Բաքուն մշտական կապի մեջ են․ Էրդողան

Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլազադեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ երկրի օդային տարածքում տեղի ունեցած հերթական միջադեպի կապակցությամբ։

Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրին։

Նշվում է, որ դիվանագետին է փոխանցվել Անկարայի մտահոգությունը՝ Թուրքիայի ուղղությամբ ևս մեկ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ, որը խոցվել է երկրի օդային տարածքում։

Թուրքիան կանոնավոր կերպով կապ է պահպանում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի դաշնակիցների հետ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք մշտապես կապի մեջ ենք մեր սրտին հարազատ Ադրբեջանի հետ, որի հետ գործում ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ինչպես նաև տարածաշրջանի մյուս եղբայրական երկրների հետ», — հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Անկարան ամեն վայրկյան հետևում է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործունեությանը։

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի լույսի ներքո Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում տեղակայել է վեց միավոր F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր՝ կղզու պաշտպանությունն ապահովելու համար։