10/03/2026

EU – Armenia

Իրանն այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն չի տեսնում

Իրանն այս պահին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն չի տեսնում, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ մոլորության մեջ է գցել Թեհրանին։

Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի խորհրդական Քամալ Խարազին։

«Ես այլևս դիվանագիտության համար տարածք չեմ տեսնում, որովհետև (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները։ Մենք դրան բախվել ենք արդեն երկու անգամ», — ասել է նա։

Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ «տնտեսական ճնշումն աճի այն աստիճան, որ այլ երկրներ միջամտեն՝ ապահովելու ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումը Իրանի դեմ»։

Հիշեցնենք, որ տարածաշրջանում ընթանում է լայնամասշտաբ ռազմական բախում. ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են ռազմական գործողություն Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով հանրապետության քաղաքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով օբյեկտներ Իսրայելում։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

***

Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է 313 անձի ձերբակալության մասին՝ Մերձավոր Արևելքում տիրող «ընթացիկ իրավիճակի հետ կապված» մոլորեցնող տեսանյութեր և կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։

Այս մասին նշված է գերատեսչության X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Ձերբակալվածների թվում կան նաև օտարերկրացիներ։ Գործողությունն իրականացրել են Տնտեսական և կիբերհանցագործությունների կանխարգելման դեպարտամենտի աշխատակիցները։

Կատարի օրենսդրությամբ համացանցում կեղծ լուրեր տարածելու համար քաղաքացիներին սպառնում է տուքանք մինչև 137,000 դոլարի չափով կամ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով։

Ոչ քաղաքացիների համար նման հանցագործության դեպքում հնարավոր է նաև արտաքսում երկրից։