«Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, որ պաշտոնի է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, պետական համակարգում անցյած ճանապարհ ունի։ Դրան զուգահեռ՝ լուրջ ունեցվածք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մասնավորապես, Գրիգորյանը 1995-2024 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև աշխատել Մեծամորի համայնքապետարանում՝ նախ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա՝ խորհրդական։ Ավելի ուշ դարձել է նաև Արմավիրի մարզպետի խորհրդական, իսկ 2025 թվականի աշնանից արդեն զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց պաշտոնյայի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզեց, թե ինչ ունեցվածք ու եկամուտներ ունի մարզպետի տեղակալը։
4 անշարժ գույք, մեկը՝ հենց պաշտոնից առաջ
Հայտարարագրի համաձայն՝ Գրիգորյանը ունի 4 միավոր անշարժ գույք Արմավիրում և Մեծամորում․
• բազմաբնակարան շենքում բնակարան՝ համատեղ սեփականությամբ, Արմավիր (2003 թ.)
• հողամաս՝ Արմավիրում (2003 թ.)
• հասարակական նշանակության շինություն՝ Մեծամորում (2022 թ.)
• անհատական բնակելի տուն՝ Արմավիրում (գնել է 2025 թ. օգոստոսի 29-ին)




Վերջին տունը ձեռք է բերվել 25 մլն դրամով։ Սակայն հետաքրքիր է, որ դրանից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ օգոստոսի 8-ին, Գրիգորյանը վաճառել է իրեն պատկանող հողամասը Արմավիրում՝ 4 մլն դրամով։
Այսինքն՝ գույքի վաճառքից ստացված գումարը ծածկում է տան արժեքի միայն մոտ 16 տոկոսը, իսկ մնացած միջոցների աղբյուրը հայտարարագրից ամբողջությամբ պարզ չի դառնում։

Ավտոմեքենա և դրամական միջոցներ
Փոխմարզպետը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ Toyota, 2012 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2019 թվականին։
Դրամական միջոցները ևս ուշագրավ են
Բանկային հաշիվներում
• 1,087,000 դրամ
• 4,449,000 դրամ
Կանխիկ
• 4,350,000 դրամ
Այսինքն՝ հաշվետու տարվա վերջում նրա տնօրինության տակ առկա գումարը կազմում է մոտ 9,886,000 դրամ։


Տարեկան եկամուտը՝ ավելի քան 27.5 մլն դրամ
2025 թվականի ընթացքում պաշտոնյայի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 27,537,341 դրամ։

Այն ձևավորվել է մի քանի աղբյուրներից․
• նվիրատվություն – 11,000,000 դրամ
• գույքի վաճառք – 4,000,000 դրամ
• տոկոսներ ավանդներից – 1,500,000 դրամ
• այլ եկամուտ – Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն – 1,870,000 դրամ
• աշխատավարձ – Արմավիրի մարզպետի աշխատակազմ – 2,167,661 դրամ
• վարձակալություն – «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ – 2,160,000 դրամ
• աշխատավարձ – Մեծամորի համայնքապետարան – 4,018,715 դրամ
• աշխատավարձ – «Էներգոնորոգգարանտ» – 820,965 դրամ
Եթե հաշվենք, ապա ամենախոշոր աղբյուրը նվիրատվությունն է, որը կազմում է ընդհանուր եկամուտների գրեթե 40 տոկոսը։ Բայց մյուս եկամուտներն էլ ահռելի են պետական համեստ պաշտոնյայի համար։
Նվիրատվություն՝ 11 մլն դրամ․ բայց ո՞վ է նա
Հենց այստեղ էլ առաջանում են առաջին հարցերը։

Հայտարարագրում նշված է 11 մլն դրամի նվիրատվություն, սակայն չի բացահայտվում, թե ով է նվիրատուն և ինչ հիմքով է փոխանցվել այդքան խոշոր գումարը։ Հաշվի առնելով, որ խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, նման փոխանցումների թափանցիկությունը խիստ կարևոր է։ Ինչ ծառայության դիմաց է նա ստացել նվիրատվությունը։
Միաժամանակ եկամուտներ պետական և մասնավոր հատվածից
Ուշագրավ է նաև եկամուտների կառուցվածքը։
Գրիգորյանը նույն տարում աշխատավարձ է ստացել միաժամանակ մի քանի տեղից՝
• մարզպետի աշխատակազմից,
• Մեծամորի համայնքապետարանից,
• ինչպես նաև մասնավոր ընկերությունից՝ «Էներգոնորոգգարանտ»-ից։
Անհամատեղելի են դրանք պարզապես։ Այսինքն՝ նրա եկամուտների մի մասը ձևավորվում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր կազմակերպություններից ստացված վճարումների հաշվին։
Նվիրատվություն կա, բայց վարկն էլ կա
Հայտարարագրում նշված է նաև 482 հազար դրամի վարկային պարտավորություն։

Սա ևս հետաքրքիր դետալ է․ եթե պաշտոնյան նույն տարում ստացել է 11 մլն դրամ նվիրատվություն, միլիոնավոր դրամների եկամուտներ, ապա հարց է առաջանում՝ ինչու է պահպանվում վարկային պարտավորությունը, թեկուզ համեմատաբար փոքր չափով։

Հարցերը մնում են բաց
Այսպիսով, պաշտոնյայի հայտարարագրի ուսումնասիրությունը մի քանի հարց է առաջացնում․
• ո՞վ է տրամադրել 11 մլն դրամ նվիրատվությունը,
• ինչպե՞ս է ձևավորվել 25 մլն դրամ արժողությամբ տան գնման ֆինանսավորումը,
• և ինչպիսի՞ հարաբերություններ են եղել այն մասնավոր ընկերությունների հետ, որոնցից պաշտոնյան եկամուտ է ստացել։
Պաշտոնատար անձանց հայտարարագրերը հենց այն գործիքն են, որով հասարակությունը պետք է կարողանա հասկանալ պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների իրական ծագումը։ Սակայն երբ թվերը ամբողջությամբ չեն բացատրվում, հարցերը բնականաբար ավելանում են»։

Բաց մի թողեք
Քանդելու մեծ վարպետ են․ Լուսանկարներ
Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը. կոռուպցիոն սխեմայի բացահայտո՞ւմ. Տեսանյութ
Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում