«ՔՊ-ական աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում հայտարարել է, որ ապրիլի 1-ից փոխում են քաղաքական գործելաոճը, և այսուհետ խստագույնս պետք է պահպանեն ՔՊ էթիկայի և վարքականոնի սկզբունքները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետը նաև հանձնարարել է թիմակիցներին որևէ պարագայում չթիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և քննադատներին, խուսափել վիրավորական և անհարգալից ձևակերպումներից և քարոզարշավին ընդառաջ հանդես գալ առավել զուսպ ու քաղաքակիրթ վարքով։ Քարոզարշավը նախատեսվում է մեկնարկել մայիսի 7-ից։
ՔՊ ներսում նման մոտեցման ձևավորումը, ըստ քաղաքական շրջանակների, պայմանավորված է վերջին շրջանում արձանագրված հասարակական վերաբերմունքով և մի շարք աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, հանրային քննարկումների առարկա էր դարձել դեպքը, երբ եկեղեցում երիտասարդների մի խումբ անհանդուրժողական վերաբերմունք էր ցուցաբերել վարչապետի նկատմամբ, ինչպես նաև միջադեպը, երբ մի երիտասարդ թքել է վարչապետի կորտեժի ուղղությամբ, ինչից հետո ձերբակալվել է։
Կուսակցության ներսում համոզմունք է ձևավորվել, որ ընտրական փուլ մտնելու նախաշեմին անհրաժեշտ է նվազեցնել բևեռացվածության մակարդակը և քաղաքական գործընթացները տեղափոխել առավել կոռեկտ ու ինստիտուցիոնալ դաշտ»։

Բաց մի թողեք
Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ
«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ»
Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին