17/04/2026

EU – Armenia

Ադրբեջանը առանց Հայաստանի սահմանադրության նախաբանի «խմբագրման» պայմանագիր ստորագրելո՞ւ է

Ինչո՞ւ 1994թ. հրադադարին հաջորդած քսանվեց տարիներին Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ-բանակցային լուծում չի ստացել:

Քաղաքական գործիչները կարող են «տասը արդարացում» վկայակոչել, քաղաքագետները՝ մի քանի տասնյակ, այդ թվում և՝ հույժ-կոնսպիրոլոգիական վարկած առաջադրել, միջին-վիճակագրական հայն էլ կպնդի, որ «դիվանագիտությունը չկարողացավ պատերազմի հաղթանակը ամրագրել»:

Իրականում ղարաբաղյան կարգավորման մասին մեր պատկերացումը բուն գործընթացի հետ նույնիսկ հեռավոր աղերս չունի: Ավելի քան քառորդ դար հարցը մեկն է եղել՝ Ադրբեջանը իրավասո՞ւ է լուծարել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը, նրա հայ մեծամասնությանը զրկել ինքնորոշման իրավունքից:

Եվ ի սկզբանե միջազգային հանրության պատասխանը բացասական էր, ինչի վկայությունը ԵԱՀԽ Մինսկի խմբի ստեղծումն էր և այդ ձևաչափում ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչների մանդատի ճանաչումը:

Ղարաբաղյան առաջին պատերազմը, այո, գետնի վրա իրավիճակը արմատապես փոխել է, բայց միջազգային հանրության համար այդ ստատուս-քվոն անընդունելի էր: Առավելագույնը, ինչին հայ դիվանագիտությունը հասել է, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղը զինված հակամարտության իրավահավասար կողմ ճանաչելն էր, որը Ստեփանակերտին օժտում էր կարգավիճակի հարցում լիարժեք բանակցողի մանդատով:

Ընդ որում, չնայած Հայաստանի կողմից կիրառված վետոյին, ԵԱՀԿ անդամ մյուս բոլոր պետությունները երկու տարի հետո Լիսաբոնում ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն լինեն:

Մի պահ պատկերացնենք, որ այդ սկզբունքը ԼՂՀ-ն ընդունել է, Բաքուն, Ստեփանակերտը և Երևանը ԼՂ կարգավիճակի հարցով եկել են ընդհանուր հայտարարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան բանաձև ընդունել է, եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ժամանակը:

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը առանց Հայաստանի սահմանադրության նախաբանի «խմբագրման» պայմանագիր ստորագրելո՞ւ է: Իհարկե՝ ոչ, որովհետեւ միջպետական բոլոր պայմանագրերն ունեն ստանդարտ ձևակերպումներ: Դրանցից առաջինը միմյանց ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու մասին է:

Այսօր, ինչ խոսք, բոլորովին այլ իրավիճակ ունենք, բայց դրանից չի հետևում, թե «հարևան երկրի պահանջով սահմանադրություն ենք փոխում» նարատիվը նույնիսկ գոյության իրավունք ունի: Մեծ հաշվով Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման նախաստորագրված պայմանագիրը Իլհամ Ալիևի «երազանքի կապույտ թռչունը» չէ:

Եվ նա չի պարտադրում, որ Հայաստանը սահմանադրություն փոխի: Ալիևն ասում է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթի պահպանման դեպքում պայմանագիրը չի ստորագրվի:

Ընդ որում, բոլոր ընդդիմադիր ուժերը պնդում են, որ եթե 2019թ. օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում չհայտարարեր «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ չէր լինի:

Այսինքն, ընդունում են, որ Հայաստանի սահմանադրության նախաբանը ինքնին պատերազմի առիթ է, քանի որ Փաշինյանը ավելին չի ասել, քան ամրագրված է 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղը միավորելու մասին որոշմամբ:

Սա է իրականությունը. Հայաստանը սահմանադրության նախաբանում պահպանո՞ւմ է «պատերազմի առիթ» իրավական նորմը, Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման գործընթացը խզվո՞ւմ է, թե՞ հասնում տրամաբանական հանգրվանի, որտեղ, իհարկե, «դրախտի դռներ» չեն բացվելու, բայց դիմակայության ռեժիմը գոնե պայմանագրային հիմքով հաղթահարելու հնարավորություն է ստեղծվելու: