ՀՀ-ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։
Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, հաղորդում է Sputnik-ը։
Բանն այն է, որ բլոգերը «Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։
«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։
Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։
Սկանդալային բլոգերը ենթադրաբար Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։


Բաց մի թողեք
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ. Լուսանկար
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 15-ամյա երեք տղաներ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով, ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար