«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:
– Նիկոլ Փաշինյանը շարունակում է ատելության խոսք տարածել: Նա սպառնում է ընդդիմադիրներ «կզզըցնել», «բոմժ սարքել», ունեզրկել, բանտարկել, «սատկացնել»: Արցախցիներին անվանում է «թռածներ», մի արցախցի տղամարդու վրա բղավում էր` «դու ինչո՞ւ ես կենդանի մնացել, ինչո՞ւ չես զոհվել»: Ի՞նչ կարծիքի եք այս ամենի մասին:
– Քարոզարշավների ժամանակ ատելության խոսքը պետք է բացառել: Քարոզարշավը չպետք է այն մասին լինի, թե ով ում ինչքան է ատում: Այդ ատելության դրսեւորումներին մենք ականատես ենք 2018-ից ի վեր: Քարոզարշավին պետք է նախընտրական ծրագրեր ներկայացվեն, խոսեն կյանքի որակը բարելավելու մասին, խոստումներ տան հասարակությանը, մարդկանց պետք է իրենց առաջարկները ներկայացնեն եւ այլն: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն 8 տարուց ավելի է՝ իշխանության է, նա իր ոչ մի խոստմանը տեր չի եղել, ուստի պետք է քարոզարշավն իջեցնի փողոցային մակարդակի, պետք է մարդկանց անձնական վիրավորանքներ տա, մտնի մարդկանց ընտանիքներ, երեխաներին վիրավորի եւ այլն: Դե, իսկ իրավապահ համակարգը… տեսնում ենք, որ միայն ընդդիմադիր զանգվածի դեմ է աշխատում, իշխանությունները խոսում են ամենատգեղ բառապաշարով, սպառնում են, բայց այդ ամենը որեւէ իրավական հետեւանք չի ունենում, փոխարենը ինչ-որ մի ընդդիմադիր մի չնչին քննադատական խոսք է ասում, անմիջապես կալանավորում են: Մեր երկրում փաստացի կան արտոնյալներ, որոնց ամեն բան կարելի է` առանց բացառությունների, եւ կան իրավապահների կողմից հետապնդվող մարդիկ: Կարող են ինչ-որ մի քաղաքացու պաստառ պոկելու համար ձերբակալել, հետո այդ քաղաքացին անհասկանալի հանգամանքներում մահանա, եւ ասեն` ինքնասպան եղավ…. ո՞վ է մինչ այս պահը պատասխանատվության ենթարկվել ինքնասպան եղած քաղաքացու մահվան համար՝ ոչ ոք, իսկ դա նորմալ չէ: Օրեր առաջ էլ Ազատ գյուղում այրված տղաներից մեկի տարեց պապիկին էին քաշքշում, հետո վիրավորեցին: Նրանց թվացել էր, թե ինչպես Ռոբերտ Աբաջյանի պապիկն իրական չէր, այնպես էլ այս պապիկն է կեղծ, սակայն մեր երկրում` ամեն մի անկյունում, ամեն գյուղում ու քաղաքում այնքան խնդիրներ կան, որ դժգոհություն հայտնող բոլոր քաղաքացիներն իրական են եւ, վստահաբար, որեւէ կերպ ուղղորդված չեն: Փաշինյանն ամեն տեղ խնդիրներ է ստեղծել, դա իր համար խնդիր չէ, սակայն երբ դրանց մասին բարձրաձայնում են, խնդիր է:
– Փաշինյանը նաեւ Հայ առաքելական եկեղեցուն է սպառնում: Նախընտրական ծրագրում նշել է, որ Վեհափառին Վեհարանից հեռացնելու է եւ նոր կաթողիկոս նշանակի, հավանաբար՝ տիրադավներից մեկին….
– Միայն այն հանգամանքը, որ նա Եկեղեցու մասին այդպես է արտահայտվում, դա պետք է պատճառ լիներ, որ ԿԸՀ-ն չգրանցեր այդ կուսակցությանը: Հակասահմանադրական խոստումները հաշվի անելով՝ ԿԸՀ-ն շատ հանգիստ կարող էր այդ քայլին դիմել: Ամեն դեպքում, ես Փաշինյանի հայտարարություններին այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում, նա մի շարք խոստումներ է տվել, որոնք կյանքի չի կոչել: Բնականաբար, կոռեկտ չէ ատելություն ու թշնամանք տարածելը, հատկապես, երբ դա արվում է Եկեղեցու դեմ, սակայն մենք խոսում ենք մի մարդու մասին, որը զուրկ է ինքնատիրապետումից, չի կարողանում կառավարել իր հույզերը, չարությամբ է լցված եւ ամենուր միայն չարություն ու ատելություն է տարածում, պետք է ինչ-որ կերպ կանխել այդ ամենը:


Բաց մի թողեք
Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին
Բյուջեից 195 հազար դոլար են ծախսել` հանուն ոչնչի
Այս պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է