06/06/2026

EU – Armenia

Բաքուն «կպարտակի» նաև իր քաղաքացիների սպանությունը Ուկրաինայի կողմից՝ Ազովի ծովում

Հունիսի լույս 5-ի գիշերը Ազովի ծովում դրոնային հարձակման են ենթարկվել «Նատրա» և «Ցիկրոն» բեռնանավերը։ «Նատրան» չորս հարվածից հետո կորցրել է անձնակազմի երկու անդամի։

«Ցիկրոնը» ստացել է երեք հարված, զոհվել է անձնակազմի երեք անդամ։ Քսանմեկ անձ փրկվել է՝ օգնություն ստանալով մոտակայքում գտնված մի նավից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկու նավերի դեմ դրոնային հարձակման հետևանքով «հինգ ադրբեջանցի է զոհվել»։

Ըստ ընդդիմադիր Ժողճակատի «Ազադլըգ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի, զոհված և աղետից փրկված քսանվեց անձինք «Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ հարձակման ենթարկված նավերը, թեեւ գտնվել են օտարերկրյա դրոշների ներքո, վարձակալված են ադրբեջանական ընկերության կողմից, որ Ռուսաստանից Թուրքիա ցորենի ներկրման կապալառու» է։ Ադրբեջանական լրատվամիջոցը միանշանակորեն պնդել է, որ «բեռնանավերը ենթարկվել են ուկրաինական դրոնների հարձակմանը»։

Ավելի վաղ Ուկրաինայի պահանջով Իսրայելը Հայֆա նավահանգստում հրաժարվել է բեռնաթափել քսան հազար տոննա ցորեն։ Ուկրաինայի ԱԳՆ-ին հաջողվել է «անհերքելի ապացույցներ ներկայացնել, որ ցորենը ստացվել է օկուպացված տարածքներից, ուստի առքուվաճառքի գործարքը հակաօրինական» է։

Ըստ տեղեկությունների, անցած գիշերը Ազովի ծովում հարձակման ենթարկված բեռնանավերը Թուրքիայից նավարկում էին Դոնի Ռոստով, որպեսզի ցորեն բեռնեն։

Փաստացի Ուկրաինան խորտակել է երկու բեռնանավ, որ «վարձակալում է Ռուսաստանից Թուրքիա ցորենի բեռնափոխադրումների կապալառու հանդիսացող ադրբեջանական ընկերությունը», իսկ բեռնանավերի անձնակազմը բաղկացած է Ադրբեջանի քաղաքացիներից։

Ադրբեջանը պաշտոնապես հանդես է գալիս որպես Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպան, բայց փաստացի գործում է ի շահ Ռուսաստանի։ Եվ այստեղ խնդիրը մեկ-երկու բեռնանավը չէ։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ամիսներ անց Թուրքիայի միջնորդությամբ Սև ծովում ստեղծվել է «պարենային ապահովման միջանցք»։ Այդ համաձայնությունների շրջանակներում Թուրքիան ստացել է ռուսաստանյան ցորենը պահեստավորելու, վերամշակելու և որպես սեփական արտադրանք՝ աֆրիկյան երկրներ ալյուր արտահանելու իրավունք։

Այդ գործարքում Ադրբեջանը ի՞նչ մասնակցություն ունի, հայտնի չէ։ Ազովի ծովում երկու բեռնանավերի դեմ հարձակումը վկայում է, որ Ուկրաինան Դոնի Ռոստովից Թուրքիա արտահանվող ցորենի նկատմամբ իրավունքի հարց է լուծում։

Հունիսի լույս 5-ի գիշերվա «միջադեպը» կարող է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև լարվածության պատճառ դառնալ, թեև ավելի մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներից ցորենի ապօրինի առեւտրի գործարքներում ներգրավվածության հրապարակայնացումից խուսափելով՝ պաշտոնական Բաքուն «կպարտակի» նաև իր քաղաքացիների սպանությունը։