Ո՞րն է լինելու նոր կառավարության առաջնահերթությունը։ Փաշինյանի ձևակերպմամբ, ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրը «քրեաօլօգարխիկ համակարգի ոչնչացումն» է։ Հաջորդ ընտրություններին Հայաստանում չպետք է «կաշառատու ուժեր լինեն»։
Խորհրդարանական ընտրությունների մասնակից որոշ ուժեր, բայց հատկապես «Հանուն հանրապետության» կուսակցությունը առաջադրել է «ընդդիմափոխության» նպատակ։ Հայաստանում, իրոք, ընդդիմության քաղաքական վերափոխման սուր անհրաժեշտություն կա։ Բայց դա խնդիր է, որի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում։
Մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանին ուղղվել է ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագային վերաբերող հարց, ինչին ի պատասխան նա վերահստատել է ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Փաշինյանը կրկնել է հայտնի տեսակետը և մասնավորեցրել, որ կառավարությունը պետք է աշխատի Հայաստանը մոտեցնել Եվրամիության չափանիշներին և երբ կլինի «հանրաքվեի առարկա», այսինքն՝ հարց, թե ինչ ընտրություն պետք է կատարվի, կանցկացվի հանրաքվե։
Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու առաջնահերթությունը, կարևորել Թուրքիայի հետ սահմանի և տարածաշրջանում կապուղիների բացումը, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման միջոցով և երաշխավորել, որ Հայաստանում «միլիարդավոր դոլարի ներդրումներ կկատարվեն»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ևս մի չափազանց կարեւոր շեշտադրումը կապված է «հետընտրական զարգացումների» հետ։ Նա բացառել է նման սցենարը, քանի որ իշխանությունը քաղաքացու կամքի վրա չի բռնացել, իսկ ընդդիմությունը ձայների մի մասը ապահովել է «կաշառքի միջոցով»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսպիսով, երրորդ անգամ վստահության քվե է ստացել։ Դա, սակայն, հաղթանակից վեր՝ չափազանց ծանր պատասխանատվություն է։ Նիկոլ Փաշինյանը գնահատել է, որ աշխարհի ոչ մի երկիր «ավելի նվազ անվտանգային ռիսկեր չունի, քան Հայաստանը»։
Բայց Հայաստանը ունի քաղաքակրթական ընտրությունը թե ներքին կյանքում, թե արտաքին քաղաքականությամբ անշրջելի դարձնելու գերխնդիր, որ նաև անվտանգային է կամ առաջին հերթին անվտանգային է։
«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությունների արդյունքով ստանում է միանձնյա կառավարություն ձևավորելու մանդատ, որ ավելի արդյունավետ կիրացվի, եթե Հայաստանի ապագայի մասին որոշումները «միանձնյա չկայացվեն»։

Բաց մի թողեք
Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե»
Ընտրախատումները ծավալուն են եւ տարաբնույթ. Գոհար Մելոյան
Ինչով պիտի պայմանավորված լինի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը