Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելու համար սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը, բայց «արձանագրել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները»։
Նույն տեսակետը, բայց ավելի «ընդարձակ շարադրանքով» ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա Հայաստանի ժողովրդին «ծաղաղություն և բարօրություն» է մաղթել՝ մինչ այդ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը «կողմ է Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ համագործակցությանը»։
Եթե այս մոտեցումը դիվանագիտական «նրբանկատություններից» ձերբազատենք, ապա կստացվի, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը «ճանաչում է վերապահումով»։
Մարիա Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքը Հայաստանի ընտրություններին «կոպիտ ձևով միջամտել» է։ Զախարովան եվրոպական կառույցներին քննադատել է, որ «աչք է փակել Հայաստանի ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումների հանդեպ»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այս դիտարկումը գրեթե բառացիորեն կրկնել է Բաքվի իշխանական minval politika-ն՝ հավելելով, որ «կարելի է պատկերացնել, թե Եվրոպայում ինչ վայնասուն կբարձրանար, եթե նույն ծավալի ձերբակալություններ քվեարկության օրով կատարվեին Ադրբեջանում»։
Ադրբեջանցի մեկնաբանը, ընդսմին, Հայաստանի ընտրությունների տարածաշրջանային նշանակությունը կարևորում է ոչ թե հաղթած ուժի առաջնորդ Փաշինյանի հրապարակային հայտարարություններով, այլ նրանով, թե «արդյոք Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը կընդունե՞ն իրենց պարտությունը»։
Այդ ձևակերպումը, փաստացի, արձանագրում է «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից պաշտոնական Բաքվի հիասթափվածությունը։ Ադրբեջանի նախագահը վերջնականապես առերեսվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությանը։
Եվրոպական, նախկին խորհրդային երկրների, Հնդկաստանի կողմից Հայաստանի ընտրություններին տրված կարևորությունը վկայում է, որ նրանք սատարում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանը։ Ավելի վաղ այդ մասին աներկբա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում հետընտրական «ֆորս-մաժորի շահառուն Ռուսաստանն» է, բայց Մոսկվայի «ճանաչման պաուզան» և Բաքվի «կասկածները, որ Երևանում կարող է կրկնվել 2008 թվականը», հուշում են, որ Փաշինյանի պարտությունը ոչ միայն ՌԴ, Ադրբեջանի նախագահի համար թանկ նվեր կլիներ։
Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում Բաքուն քարոզչական «խայծեր է նետելու» Հայաստանի ներքաղաքական դաշտ, որ ընդդիմության կողմից կարող են օգտագործվել։
Հաղթանակը՝ հաղթանակ, բայց պետք է ընդունել, որ այն տրվել է շատ ծանր գնով։ Իշխանությունը պետք է մոտ ապագայում լուրջ կոմունիկացիա հաստատի խորհրդարան չանցած եվրոպամետ քաղաքական ուժերի հետ՝ հաղթահարելու հանրային բեւեռացվածությունը, որ Հայաստանի արեւմտյան գործընկերները չեն կարող չտեսնել։
Երբ քվեարկության արդյունքներով «հիսուն/հիսուն» իրավիճակ է, իսկ արմատական ընդդիմության հետ ընդհանուր եզր գտնելու հավանականությունը՝ գրեթե զրոյական, իշխանության «անվտանգային բարձիկը» արտախորհրդարանական արեւմտամետ ուժերն են։

Բաց մի թողեք
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները
Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»
Ստամբուլում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Հայաստանը «չորրորդը կդառնա՞»