14/06/2026

EU – Armenia

«Ուժեղ Հայաստան»-ի և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները․ Տեսանյութ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։

ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ՝ հնչեցնելու մեր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ և պահանջելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը»:

Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԿԸՀ–ն ներկայացնելու է ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները: Վարչական դատարանը նախօրեին մերժել էր ԲՀԿ–ի բողոքները:

«Մենք բարձրացնելու ենք մեր բողոքի ձայնը, ԿԸՀ–ից պահանջելու ենք գործել օրենքով: Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ այս օրերին ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են բավական կառուցողական քննարկումներ», – մանրամասնել է նա: