ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի` 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում` հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:
Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ Հունիսի 7-ից առաջ Վանաձորի նախընտրական «կուրացիան» ՔՊ-ն նրան չի վստահել: Ական էլ, ասում են, աշխատել է «Ուժեղ Հայաստանի» համար։ Սակայն քանի որ ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են Վանաձորում, չի բացառվում, որ Ակային առաջիկա ընտրություններում կրկին կօգտագործեն` նրան որպես երկրորդ ուժ առաջադրելով` ընդդիմությունից ձայներ խլելու, իսկ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաեւ Մամիկոն Ասլանյանը, որն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է ընտրվել։
Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով։

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը