11/07/2026

EU – Armenia

Լռության գինը՝ ամսական 1,5 մլն դրամ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պաշտոնավարման շուրջ շարունակվում են դժգոհությունները՝ հանրային հնչեղություն ստացած մի շարք դեպքերում լռելու, ուշ արձագանքելու կամ միայն հանրային ճնշումից հետո արձագանքելու համար:

Իսկ ՄԻՊ հրապարակային հայտարարությունները հաճախ վերացական են՝ բովանդակային հստակ գնահատականներից զերծ։ Այս ֆոնին ուշադրության արժանի է Անահիտ Մանասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը, որը փաստում է միլիոնավոր դրամների հասնող եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի մասին։ Մանասյանը հայտարարագրել է 2 բնակարան, որոնք գտնվում են Երեւանում, «Ֆորդ» մակնիշի մարդատար մեքենա, որոնք ձեռք է բերել մինչ պաշտոնավարումը, իսկ նախորդ տարվա ընթացքում «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ կառուցապատող ընկերության հետ 31 մլն 292 հազար դրամի պայմանագիր է կնքել, թեեւ հայտարարագրում հստակեցված չէ, բայց, հավանաբար, խոսքը հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու մասին է։ Մանասյանը նախորդ տարեվերջին ունեցել է 10 հազար դոլար, 9 հազար 621 դոլար եւ 11 մլն 890 հազար դրամ ավանդ։

Նրա բանկային հաշիվներին եղել են 32 մլն 138 հազար դրամ, 33 հազար 184 եվրո եւ 96 դոլար։ Կանխիկ ունեցել է 200 հազար դրամ, 2 հազար 927 եվրո եւ 6 հազար 680 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար դրամ, որից 17 մլն 611 հազար դրամը՝ ՄԻՊ-ից, որպես աշխատավարձ, 1 մլն 291 հազար դրամը՝ ԵՊՀ-ից՝ որպես աշխատավարձ, իսկ մնացած գումարը բանկային ավանդներից ստացած եկամուտներն են։ Փաստացի, ամեն ամիս Մանասյանը մարդկանց իրավունքների պաշտպանության համար, այսինքն՝ տվյալ դեպքում ոչնչի համար ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից ստանում է գրեթե 1.5 մլն դրամ (1 մլն 468 հազար դրամ) աշխատավարձ։