Ապագայում Ռուսաստան մուտք գործող միգրանտները պարտավորված կլինեն ձեռք բերել հեռախոս, որի միջոցով ոստիկանները կիմանան նրանց գտնվելու վայրը։
Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ՆԳՆ գլխավոր քարտուղար-փոխնախարար Իգոր Զուբովը։
«Յուրաքանչյուր միգրանտ, որ այստեղ է գալիս աշխատանքի կամ երկարաժամկետ բնակության համար, գրանցման ժամանակ պարտավորված կլինի հեռախոս ձեռք բերել, որտեղ կգրանցի նրա էլեկտրոնային պրոֆիլը»,- ասել է Զուբովը և պարզաբանել, որ այդ դեպքում միգրանտը «չի կարողանալու առանց թույլտվության փոխել բնակության վայրը կամ մի բնակավայրից տեղափոխվել մյուսը»։
Ռուսաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան չի մասնավորեցրել՝ այդ պարտավորությունը միգրանտը ստանձնելու է ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգո՞վ, թե՞ գերատեսչական որոշմամբ, բայց քանի որ նա այդ մասին խոսել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, ենթադրելի է, որ դաշնային կառավարությունը մոտ ապագայում հանդես կգա օրենքը խստացնելու առաջարկությամբ։
Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Պուտինը միգրանտների աշխատանքի իրավունքի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ստորագրել։ Ըստ այդմ, աշխատանքի իրավունքի համար տարեկան վճար է սահմանվում նաև միգրանտների տասնութ տարին լրացած զավակների համար։ Եթե նրանք աշխատանքի իրավունք ձեռք չեն բերում, ապա տասնութ տարին լրանալուց հետո երեսունօրյա ժամկետում պետք է լքեն ՌԴ տարածքը։
Ռուսաստանի ՆԳ փոխնախարար Զուբովի ներկայացրած առաջարկությունը, ամենայն հավանականությամբ, օրենսդրական տեսք կստանա պետական դումայի ընտրություններից հետո։
Փաստացի Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ։ Ըստ երևույթին, սահմանափակումը կտարածվի նաև մինչ այդ Ռուսաստանում աշխատանք գտած անձանց վրա։

Բաց մի թողեք
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն
Տառասխալով ցուցանակներ՝ ճանապարհին. Լուսանկար