«Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, այս օրերին հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Սակայն քաղաքի այցեքարտերից մեկին՝ ճոպանուղի տանող ճանապարհին, բացվում է մի պատկեր, որը դժվար է համատեղել «զբոսաշրջային կենտրոն» հասկացության հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի նկարահանած կադրերը փաստում են, որ դեպի ճոպանուղի տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Փոսերով, քանդված և տեղ-տեղ գրեթե անանցանելի դարձած ճանապարհը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, այլև վնասում է մեքենաները և վտանգավոր իրավիճակներ ստեղծում երթևեկության համար։
Առավել զարմանալի է, որ այս ամենը տեղի է ունենում հենց տուրիստական ամենաակտիվ սեզոնի ընթացքում, երբ Ծաղկաձոր են այցելում հազարավոր հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Փաստացի, Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկի առաջին տպավորությունը ոչ թե բարեկարգ քաղաքն է, այլ տարիներով անուշադրության մատնված ճանապարհը։
Հատկանշական է նաև, որ գործող քաղաքապետը՝ Նարեկ Հարությունյանը, պատրաստվում է կրկին մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին։ Սակայն մինչ նոր խոստումներ տալը, թերևս, արժե պատասխանել շատ պարզ հարցի. եթե հնարավոր չի եղել բարեկարգել քաղաքի ամենակարևոր զբոսաշրջային ճանապարհներից մեկը, ապա ինչո՞վ պետք է քաղաքացիները վստահեն նոր խոստումներին։ Նոր ստեր են պե՞տք»։


Բաց մի թողեք
«Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն
Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
Եթե ոչ մի բան չգիտես, Ազգային ժողովում ի՞նչ ես անում Հռիփսիմե Գրիգորյան․ Լուսանկար