08/08/2026

EU – Armenia

«Ֆեյքերի ֆաբրիկան»՝ խորհրդարանում

«2020 թվականից հայկական մի շարք լրատվամիջոցներ, սկզբնաղբյուր ունենալով «Փաստինֆո»-ի հրապարակումը, Չախոյանին կապել են իշխանությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների համակարգված գործունեության՝ մամուլում, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկայի» հետ։

Հրապարակ թերթը գրել է․ Չախոյանը հայտարարել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

2021 թվականին «Ինֆոքոմ»-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ իշխանամետ բովանդակություն տարածող

Armenianews.net կայքի դոմեյնը գրանցված է եղել Չախոյանի անունով եւ բնակության հասցեով։ Ուսումնասիրության համաձայն՝ Armenianews.net-ը եւ Medianews.site-ը գործածել են նույն Google Analytics հաշիվը, իսկ դրանց հրապարակումների մի մասը եղել է չհիմնավորված կամ քարոզչական բնույթի։ Չախոյանը հրաժարվել է մեկնաբանել այդ ուսումնասիրությունը:

2026 թվականին CivilNetCheck-ի հետաքննությունը հայտնել է, որ Medianews.site-ը պարբերաբար, որպես «հանրային կարծիք», տարածել է չհաստատված ինքնությամբ կամ կեղծ լինելու հատկանիշներ ունեցող օգտահաշիվների գրառումներ։ Հետաքննության ներկայացրած արխիվային տվյալներով՝ կայքի դոմեյնի սկզբնական գրանցողի տվյալները համապատասխանել են Չախոյանի անունին, հասցեին, հեռախոսահամարին եւ էլեկտրոնային փոստին։ Չախոյանը կրկին հերքել է կայքի հետ իր կապը՝ պնդելով, որ «դոմեյնը չի գրանցել, իսկ իր անձնական տվյալները կարող էին օգտագործվել ուրիշների կողմից»: Հանրագիտարանային այս տեղեկություններն ընդունենք ի գիտություն եւ հարց տանք ՔՊ-ի խորհրդարանական ցուցակի հեղինակ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ եւ ի՞նչ իրավունքով եք Դուք, պարոն վարչապետ, այսպիսի մի երեւույթի, իսկ ես կասեի՝ վտանգավոր երեւույթի երաշխավորել, որ դառնա պատգամավոր:

Մենք գիտենք, որ ՔՊ ցուցակում տեղ գտնելու համար ՔՊ-ականները կլորիկ գումարներ են մուծվել` տարբեր անվան տակ: Ընդ որում՝ ինչքան կլորիկ է եղել գումարը, այնքան բարձր տեղ է հատկացվել մուծվողին: Սա հանրահայտ տեղեկատվություն է, եւ ես, օրինակ, կուզենայի իմանալ, թե որքան է մուծվել Չախոյանը եւ կարողացե՞լ է, արդյոք, Հակակոռուպցիոն կոմիտեին համոզել, որ դա եղել է օրինական, քրտինքով աշխատած գումար: Ինչի՞ դիմաց է նա վճարվել, եթե, ինչպես վերեւում տեսանք, զբաղվել է լրատվական «բարձր» կեղծարարությամբ:

Իսկ եթե Չախոյանին, այնուամենայնիվ, Փաշինյանն է հովանավորել ու խցկել խորհրդարան, ապա դա փոխում է հարցի դրվածքը, եւ առաջին պլան է մղվում ոչ թե բուն Չախոյանը, այլ Նիկոլի հաշվարկը՝ «ֆեյքերի ֆաբրիկան» ամեն գնով դարձնել լեգիտիմ ձեռնարկություն, ընդհուպ պետաիրավական ստատուս շնորհել այդ նախաձեռնությանը: Կարծում եմ՝ Փաշինյանի աշխատակազմից խորհրդարան տեղափոխված Տարոն Չախոյանը նոր ուժով կլծվի իրականությունը ծուռ հայելիների մեջ ներկայացնելու գործին: Դա պետք է Փաշինյանին օդ ու ջրի պես, քանզի շատ ուղղություններով ճշմարտությունները բարձրանում են ջրի երես, իսկ ճշմարտությունը Փաշինյանի առաջին թշնամին է այսօր: Պետք է նախ խեղաթյուրել ճշմարտությունները, դիցուք՝ եկեղեցու հարցով, հայ-ռուսական հարաբերությունների հարցով, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների հարցով, արեւմտյան ուղղություն որդեգրելու հարցով եւ ապա՝ արդարացնել այդ ուղղություններով Փաշինյանի բոլոր պարտությունները՝ դրանք ներկայացնելով որպես անկախության ճանապարհին արված անհրաժեշտ քայլեր: Այլ խոսքով՝ հեռացող վարչապետը փորձում է առնվազն քարոզչական մակարդակում «ֆեյքերի ֆաբրիկայի» միջոցով ինքնապաշտպանություն կառուցել:

Կհաջողվի՞, արդյոք, Տարոն Չախոյանին ամեն անգամ ջրից չոր դուրս բերել Նիկոլին, երբ վերջինս հերթական անհաջողությունը գրանցի Հայաստանից նոր տարածքներ հանձնելու, ՀՀ սահմանադրությունը փոխելու, տարածաշրջանային տնտեսական ծրագրերից Հայաստանին դուրս թողնելու հարցերում: Ասենք՝ Հայաստանին հեռացնեն ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից… Ինչպե՞ս է դա արդարացնելու Չախոյանը: Նա այդ ինչքա՞ն պետք է խեղաթյուրի իրականությունը, ինչքա՞ն պետք է հայհոյի նախկիններին ու Ամենայն հայոց կաթողիկոսին, Ռուսաստանին, հայաստանյան ռուսամետ ուժերին, որ կարողանա քարոզչական նպաստավոր ֆոն ապահովել Նիկոլի համար:
Ընդդիմությունը, կարծում եմ, շատ օպերատիվ արձագանքեց Չախոյանի՝ ԱԺ-ում հայտնվելուն՝ առաջին իսկ ցեխարձակումներից հետո նրան անվանելով «հորթ»: Լավ էր նաեւ այն, որ ԱԺ «բարձր» ղեկավարության ուշադրությունը հրավիրեցին Չախոյանի պահվածքի վրա, պահվածք, որ մի կողմից Նիկոլին է ծառայում, իսկ մյուս կողմից՝ վնասում խորհրդարանական մթնոլորտը եւ կարող է պատասխանատվության առջեւ կանգնեցնել զրո կետից ճանապարհ ընկած ՔՊ խմբակցությանը:

Այս իրավիճակում մեզ մնում է հետեւել իրադարձությունների զարգացմանը: Ամեն ինչ կարծես տանում է Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության միջեւ հակասությունների ձեւավորմանը: Ի վերջո, ՔՊ պատգամավորների մեջ էլ մարդիկ կան, որ չեն ցանկանում կիսել Փաշինյանի հայրենակործան քաղաքականության պատասխանատվությունը: Ուստի չենք կարող բացառել, որ Տարոն Չախոյանը պատգամավոր է «նշանակվել» նաեւ «յուրայիններին» թլսորելու եւ նրանց կեղծ ճշմարտությունների ծիրի մեջ պահելու նպատակով: