08/08/2026

EU – Armenia

Երբ դատավորի խղճի ձայնը բարձր է դառնում դատական մուրճի ձայնից

Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է Վեհափառի գործը քննելուց։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատավորը, այս քայլով, հրաժարվել է մաս կազմել այն գործընթացին, որն ինքը գնահատել է որպես ամոթալի։

Իրավական առումով ինքնաբացարկը դատավորի անձնական կամ քաղաքական հայտարարություն չէ։ Դա դատավորի՝ իր անաչառության, անկախության և արդարադատության նկատմամբ ունեցած պատասխանատվության դրսևորումն է։ Իսկ երբ այդ որոշումը կայացվում է հասարակական և քաղաքական հսկայական ճնշումների պայմաններում, այն արդեն միայն իրավական ընթացակարգ չէ․ այն դառնում է նաև խղճի հարց։

Դատարանը պետության երրորդ իշխանությունն է։ Եվ հենց դատարանից է հասարակությունը սպասում այն սահմանագծի պահպանմանը, որտեղ քաղաքական նպատակահարմարությունն ավարտվում է, իսկ օրենքը՝ սկսվում։

Այսօր գուցե մեկ դատավորի որոշումն է խոսում։ Բայց այդ որոշման մեջ կարելի է լսել շատ ավելի հին մի ձայն՝ հայ մարդու խղճի ձայնը։

Մնում է ցավալիորեն հարցնել՝ իսկ ո՞ւր է այդ խիղճը այնտեղ, որտեղ ձևավորվում են օրենքները, և այնտեղ, որտեղ դրանք իրականացվում են։ Եթե երրորդ իշխանության մեջ դեռ կարող է արթնանալ իրավական պարտքի և խղճի զգացումը, ապա առաջին և երկրորդ իշխանությունների առաջ պատասխանատվությունն առավել մեծ է։

Վեհափառի նկատմամբ վերաբերմունքը միայն մեկ անձի կամ մեկ դատական գործի մասին չէ։ Այն նաև վերաբերմունք է Հայոց Եկեղեցու, մեր բազմադարյա հոգևոր հիշողության, հավատքի և այն արժեքների նկատմամբ, որոնցով հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել պետականությունների կործանման ու վերածնության միջով։

Պետությունը կարող է ունենալ օրենքներ, դատարաններ և իշխանության ինստիտուտներ։ Բայց պետությունը չի կարող երկար ապրել այնտեղ, որտեղ օրենքը բաժանվում է խղճից, իսկ իշխանությունը՝ պատասխանատվությունից։

Այսօր ես ուզում եմ հավատալ, որ դատավորի այդ քայլը միայն մեկ անհատի որոշում չէ։ Որ այն հիշեցում է՝ Հայաստանում դեռ կա խիղճ, դեռ կա հավատք, դեռ կա արդարության պահանջ։
Եվ եթե անգամ քաղաքական քամիները ուժեղ են, եթե անգամ ժամանակները ծանր են, թող Աստված պահպանի այն մարդկանց, ովքեր օրենքի կողքին կարողանում են կանգնել նաև ճշմարտության առաջ։

Տե՛ր, պահպանի՛ր Հայաստանս։

Պահպանի՛ր Հայոց Եկեղեցին։

Պահպանի՛ր մեր հավատքը։

Եվ ամենակարևորը՝ մի՛ թող, որ այս երկրի մարդկանց սրտերից վերջնականապես հեռանա արդարության հանդեպ հավատը։

Սիմոն Սարգսյան