ՀՀԿ-ն թեեւ ընտրություններին չմասնակցեց եւ ակտիվ քաղաքական գործունեություն էլ չի ծավալում, սակայն ՀՀԿ-ականները շարունակում են մնալ իշխանությունների թիրախում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախ կալանավորված էր, ապա տնային կալանքի տակ է:
Նրան ընտրությունների անմիջապես նախօրեին մեղադրանք առաջադրվեց` մի մոռացված գործի շրջանակներում՝ Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքերից մեկի մի հատվածի վաճառքի հետ կապված: Իսկ այս երկուշաբթի օրն էլ տեղեկացանք, որ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր` Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանին են կալանավորել:
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իր թիմակիցներին բռնաճնշումների ենթարկելու հանգամանքին, նկատում է. «Արդեն ութ տարուց ավելի է անցել, որ մենք իշխանություն չենք, սակայն Հանրապետական կուսակցությանը թիրախավորելը որոշ ուժերի համար գերնպատակ է մնացել: Տարիների ընթացքում որեւէ պահ չի գրանցվել, որ մեզ չանհանգստացնեն:
Ես չեմ հասկանում, թե որն է պատճառը, սակայն, ինչպես արձանագրեցիք, մենք պառլամենտական ընտրություններին չենք մասնակցել, որոշեցինք, որ ավելի մեծ ուժեր պետք է մասնակցեն ընտրություններին, ամեն բան արեցինք, որպեսզի ընդդիմությունը կարողանա գրանցել մեծ արդյունքներ, բայց, ինչպես տեսնում եք, մենք թիրախավորվում ենք ոչ միայն իշխանության կողմից, այլեւ՝ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժերի: Չեն դադարում մեր մասին սխալ տեղեկություններ հրապարակել, չեն դադարում մեզ մեղադրել, անվերջ մեղադրում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, անգամ նախագահի ընտանիքի անդամներին են ենթարկում բռնաճնշումների, եւ այսպես շարունակ: Սա կարծես անվերջանալի մի պրոցես է, որի վերջը չի երեւում: Արմեն Աշոտյանի գործն ուղղակի զավեշտալի է: Իրավաբանները մեզ հետ զրույցներում ասում են, որ գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ:
Եվրոպական մի քանի կառույց եւս դա արձանագրել է: Գործի իրավական կողմի մասին խոսելը, ըստ իրավաբանների, անիմաստ է, քանի որ չկան հիմքեր: Տարիներ շարունակ պրոցես է ընթանում, սակայն հիմքեր չկան, միեւնույն ժամանակ Աշոտյանը կալանավորվեց, իսկ հիմա էլ տնային կալանքի տակ է: Ասեմ Ձեզ, որ մեր կուսակցությունից շատերն են այսօր դատարանների առաջ կանգնած, եւ այդ ամենը, միանշանակ, ունի քաղաքական ենթատեքստ: ՀՀԿ-ին լռեցնելու համար են այս քայլերն արվում, բայց մեր կուսակցությունը կայացած կուսակցություն է:
Մենք ապրում ենք երկու ծայրահեղ իրականության մեջ: Հայաստանը կանգնած է մի շարք խնդիրների առաջ, բայց օրվա իշխանությունները զբաղված են չգիտես ինչով: Միայն Ադրբեջանի նախագահին լսելը բավական է՝ հասկանալու համար, թե Հայաստանին ինչ է սպասվում: ՔՊ-ական խմբակը հիմա էլ խոսում է Սահմանադրությունը փոխելու մասին: Արդյունքում ստացվում է, որ կորցնում ենք հայկականությունը՝ չգիտես թե որ ուղղությամբ գնալով»:

Բաց մի թողեք
«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին
Ադրբեջանի դեպքում ասում է՝ չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել
Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել